Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԶԳՈ՞ՒՅՇ, ԹԵ՞ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 16,2005 00:00

Հնարավո՞ր էր արդյոք փրկել Գրիգոր Մուրադյանի կյանքը

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Նարեկ Ազատյանը սպանել էր իր համակուրսեցուն: Նարեկի նկատմամբ, սակայն, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը (նախագահող՝ Հ. Սարգսյան) խափանման այլընտրանքային միջոց էր կիրառել՝ 500 հազար դրամ գրավ։ Այնուհետեւ Ն. Ազատյանը դատապարտվել է 1 տարի 5 ամիս 27 օր ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի 1 տարի 6 ամիս՝ նրա վարքի հսկողությունը դրվեց Էջմիածնի ոստիկանների եւ քաղաքապետարանի անչափահասների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի վրա։

Ն. Ազատյանը անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին սպանել է ուսանողական ընկերոջը՝ Գրիգոր Մուրադյանին։ Նարեկը պատճառաբանել էր, թե «Հռիփսիմե» եկեղեցու դիմացի այգու կողքով անցնելիս աղբարկղի մոտից գտել է պոլիէթիլենային պարկի մեջ դրված մեկ հատ «Մակարով» տեսակի ատրճանակ, թղթի մեջ փաթաթված 6 հատ 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ» եւ «Մարգոլին» տեսակի ատրճանակների ու այլ տեսակի ակոսավոր զենքերից, «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգը կրակելու համար նախատեսված փամփուշտներ, սվին, դանակ։ Ապագա ատամնաբույժը զինամթերքը թաքցրել էր տատի մահճակալի եւ իր ներքնակի տակ եւ «այդ մասին ոչ մեկին չի հայտնել»։

Եվ երբ իր ծնողները հյուր են գնացել, ընկերոջը՝ Գրիգոր Մուրադյանին ցույց է տվել «գտածը», ապա «կարծելով, թե ատրճանակում փամփուշտ չկա, անզգուշորեն քաշել է ձգանը»։ Ըստ գործի նյութերի, Ն. Ազատյանը փորձել է օգնություն ցույց տալ, կապել է վիրավոր ընկերոջ ձախ թեւը, որից արյուն էր հոսում։ «Ն. Ազատյանը մինչ հարազատների գալը, կատարվածից զայրացած, վերցրել է ատրճանակը ու նետել տան դիմացի հողամասը», ասվում է քննիչի կազմած արձանագրության մեջ։ Տուն եկած Նարեկի հորաքույրը տուժածին անալգին է ներարկում, իսկ երբ շտապօգնության բժիշկներն են գալիս՝ Գրիգորի «անթեւ շապիկը հանելուց հետո են նկատում նրա կրծքավանդակի ձախ մասի վնասվածքը»։ Տարօրինակ վարք է դրսեւորել Նարեկը՝ «կատարվածից զայրացած», զենքը գցելուց հետո էլ. «իր վրա բարկանալով ցանկացել է մեկուսանալ, գնացել է Աղավնատուն գյուղ՝ իր քավորի փեսա Ռաֆայել Պետրոսյանի տուն»։ Շտապօգնության բժիշկները Գրիգորի անթեւ շապիկը հանելուց հետո նկատում են կրծքավանդակի վնասվածքը, մինչդեռ Նարեկի հայրը՝ Ջ. Ազատյանը, հայտնել էր, թե «կրծքավանդակի վնասվածքի մասին տեղեկացել է հիվանդանոցում՝ բժիշկներից»։ Կատարվածի մասին Գրիգորի հարազատները իմացել են նրա մահվանից հետո։ Հնարավո՞ր էր փրկել ուսանողի կյանքը։ Ծնողները կարծում են՝ այո։ Մինչդեռ փորձաքննություն կատարած հանձնաժողովի անդամ Նիկոլայ Դալլաքյանը հայտնել էր, թե «դեպքից նույնիսկ 10 րոպե հետո վիրահատությունը սկսելու դեպքում հիվանդի կյանքը չէր կարող փրկվել»։ Գրիգորի մայրը առաջին ատյանի դատարանում ասաց. «Որդուս մոտ 1 ժամ պահել են մարդասպանի տանը, մեծուփոքր նայել են, թե ինչպես է նա արնաքամ լինում», իսկ որդին ապրել է կրակոցից հետո 5,5 ժամ։ Թե ներքին արյունահոսության դեպքում անալգինի ներարկումը ինչպիսի ներգործություն է ունենում՝ այս հարցում էլ կան տարակարծություններ։

Գրիգորի մայրը՝ Սուսաննա Գրիգորյանը, որդու հուղարկավորման համար մարդասպանից նյութական հատուցման պահանջ չի ներկայացրել։ Նա դիմել էր մարզի դատախազին՝ հայտնելով, որ Ազատյանները դեպքից հետո մաքրել են որդու արյան հետքերը, փոխել նրա անդրավարտիքը։ Այս քրգործի նախաքննության փուլում մի արտառոց դեպք էլ տեղի ունեցավ, որի կապակցությամբ զուգահեռ քրգործ հարուցվեց՝ դիահերձարանից եւ հիվանդանոցից գողացել էին հանգուցյալի գուլպաներն ու ներքնաշորը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, փաստաբաններ Հովհաննես Գալյանն ու Վաղարշակ Գեւորգյանը մինչեւ օրս էլ պահանջում են դիակի արտաշիրիմում կատարել։ Ըստ սպանվածի պապի ցուցմունքի, դիահերձարանում Գրիգորի մարմնի վրա առկա են եղել այլ վնասվածքներ էլ։

«Դիակը չի լուսանկարվել, ինչը խոսուն փաստ է, որ թաքցվել է տուժողի մարմնի մնացած վնասվածքները»,- ասում են փաստաբանները, որոնք հակված են այն մտքին, թե «իրականում տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ մեկից ավելի կրակոցներ»։ Տուժողի իրավահաջորդը գտնում է նաեւ, որ զենքի նման քանակություն «աղբանոցներում թափված չի լինում» եւ որ ժամանակն է որոշել զենքի պատկանելության հարցը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել