Ի՞նչն էր ստիպել Երեւանի քաղաքապետարանին մեկ շաբաթում բարձրացնել ու իջեցնել երթուղային տաքսիների ուղեվարձերը:
«Քաղաքապետը մեծ դժվարությամբ է ընդունել երթուղայինների ուղեվարձի թանկացման մասին որոշումը»,- երեկ կայացած բրիֆինգին քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը այսպես արդարացրեց քաղաքապետի ամսի 9-ի թիվ 1728-Ա որոշումը: Չնայած այն օգոստոսի 13-ից արդեն չեղյալ է հայտարարվել, բայց քաղաքապետարանի տարբեր ներկայացուցիչներ այս օրերին շարունակում են մեկնաբանել քաղաքապետի այդ որոշումը: Ընդ որում՝ տարբեր հիմնավորումներով: Հիմնական կարծիքն այն էր, որ միկրոավտոբուսների ուղեվարձը բարձրացվել է՝ ավտոբուսների համար ուղեւոր ապահովելու նպատակով: Փոխքաղաքապետի հավաստմամբ, քաղաքապետը ստիպված է եղել գնալ այդ որոշմանը, քանի որ տնտեսվարող սուբյեկտների կողմից պարբերաբար այդ մասին հայտեր են եղել: Նա նույնիսկ վստահեցրեց, թե «շատ գծի տերեր առաջարկել են 150 դրամ դարձնել ուղեվարձը, բայց քաղաքապետը համաձայնություն է տվել 130-ին»: Իսկ ի՞նչն է ստիպել քաղաքապետին չեղյալ հայտարարել 4 օրվա «կյանք» ունեցող իր որոշումը. «Սակագնի բարձրացումից հետո մայրաքաղաքի բնակիչների կողմից շատ դժգոհություններ, բողոքներ, դիմումներ ու անհանգստություններ եղան, որը ստիպեց քաղաքապետին արագ վերանայել իր որոշումը: Բացի այդ, սակագնի գործունեության մասին «ԵրեւանՏրանսի» կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքները նույնպես դեր ունեցան. մենք պարզեցինք ուղեւոր-փոխադրող փոխհարաբերությունները, երթուղային ցանցի ծանրաբեռնվածությունը, երթուղիներում տիրող իրավիճակը եւ այլն»: Փաստորեն, որոշման վերանայման հիմնական պատճառը բնակիչների բողոքն է: Մինչդեռ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը «Արմինֆոյին» երեկ հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Ե. Զախարյանից պահանջել է հիմնավորել իր որոշումը, եւ քանի որ վերջինս չի կարողացել բերել բավարար հիմնավորումներ, նախագահը հանձնարարել է 1 օրվա ընթացքում չեղյալ հայտարարել այն ու վերականգնել նախկին ուղեվարձը: Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ինչպե՞ս է քաղաքապետը սակագների թանկացման մասին որոշում ընդունել, հետո՝ վերանայել այն, երբ արձակուրդում է եղել. «Քաղաքապետի բացակայության ժամանակ նրան փոխարինում է առաջին տեղակալը»,- իր պաշտոնի մասին հիշեցրեց պարոն Արեյանը: Երկու որոշումներն էլ, ստացվում է, փոխքաղաքապետի ստորագրությամբ են, բայց՝ քաղաքապետի հանձնարարականով: Երթուղայինների ուղեվարձերի թանկացման մասին որոշման մեջ կա մի ուշագրավ հանգամանք, որը «փափուկ հուշում է, որ թանկացման հետ տնտեսվարողները կապ չունեն. պարոն Արեյանը նշեց, որ 125 միկրոավտոբուսային երթուղիներ սպասարկում են 75 մասնավոր ընկերություններ, որոնցից ուղեվարձը թանկացնելու մասին հայտ է ներկայացրել 57-ը: Այդ դեպքում ինչո՞ւ են հայտ չներկայացրած երթուղիներն էլ ընդգրկվել թանկացածների շարքում, չէ՞ որ տնտեսվարող սուբյեկտը՝ հայտատուն, փոխադրավարձի վերաբերյալ գնային փոփոխության առաջարկը պետք է ներկայացնի իր հայտի փաթեթում, որին քաղաքապետը կարող է համաձայնություն տալ կամ չտալ: Սա ամրագրված է նաեւ կառավարության կողմից 2001-ին հաստատված կարգում: Բայց տվյալ դեպքում, ինչպես արդեն նշվեց, 18 տնտեսվարող սուբյեկտներ նոր հայտ չեն ներկայացրել:
Ի դեպ, պարոն Արեյանը եւս մեկ անգամ հաստատեց քաղաքապետարանի այն դիրքորոշումը, որ իրենք ամեն ինչ պիտի անեն՝ ավտոբուսների «գործը» լավացնելու համար: Ըստ փոխքաղաքապետի, սպառողներն էլ են հաստատել, որ ավտոբուսն ամենահարմարավետ տրանսպորտի ձեւն է, ուստի այն պետք է աշխատի ողջ ծանրաբեռնվածությամբ: Նա նշեց, որ սակագնի բարձրացման օրերին ավտոբուսներում ուղեւորների որոշակի աճ նկատվել է:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Սակագնի բարձրացման համար քաղաքապետին դիմած տնտեսվարող սուբյեկտներն իրենց հայտը «հիմնավորել» են վառելիքի գնի թանկացմամբ: Երթուղային տաքսիների հիմնական մասը լիցքավորվում է գազով: Երեկ «ՀայՌուսգազարդ» ընկերությունից հետաքրքրվեցինք՝ գազի գնի թանկացում արդյոք սպասվում է: Ընկերության մամուլի գծով պատասխանատու Շուշան Սարդարյանի խոսքերով՝ իրենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի սակագնի բարձրացման վերաբերյալ նոր հայտ չեն ներկայացրել, եւ «ՀայՌուսգազարդի» մեծածախ կետերում շարունակում են 79.1 դոլար վճարել 1000 խորանարդ մետր գազի դիմաց: Ավելին, մեր տեղեկությամբ, երթուղայինների գծատերերը այս թանկացմանը դեմ են, խնդիրն ընդամենը քաղաքապետարանի՝ վարկային գումարներով ներկրված ավտոբուսների համար բանկային տոկոսները փակելն է: Այս պատճառով էլ «Բոգդանների» ուղեվարձը 70-ից դարձավ 100, իսկ միկրոավտոբուսներինը բարձրացավ, որպեսզի ավտոբուսներով երթեւեկողները շատանան: Մի հանգամանք էլ, նախատեսված 100 ավտոբուսից քաղաքապետը կարողացել է բերել ընդամենը մի քանի տասնյակ, թեպետ վարկը ստացել է 100-ի համար եւ տոկոսները պետք է փակվի այդքանի հաշվարկով: «Վատ տնտեսագիտական հաշվարկի» համար վերջերս աշխատանքից ստիպված ազատվել է «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը։