Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»

Օգոստոս 16,2005 00:00

Ասում են թաղապետի բոլոր թեկնածուները, որոնց թիկունքում կանգնած է այս կամ այն կլանը

Սեպտեմբերի 18-ին, ի թիվս Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների, թաղապետի ընտրություններ են տեղի ունենալու նաեւ Քանաքեռ-Զեյթուն համայնքում, որտեղ 1997 թ. ՏԻՄ արտահերթ ընտրություններից ի վեր այս տարի առաջին անգամ թաղապետի ընտրություններն անցնելու են ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածուների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ 1996 թ.-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում շուրջ 8000 հազար քվե ստացած եւ թաղապետ ընտրված Հայկարամ Մխիթարյանի հրաժարականից հետո, 1997-ից սկսած, լինելով միակ առաջադրված թեկնածուն, երեք անգամ անընդմեջ թաղապետ է ընտրվել գործող համայնքապետ, անկուսակցական Ռուբեն Սինոյանը:

Դատելով արդեն հայտնի թեկնածուներին սատարող ուժերի ու գործիչների ով լինելու հանգամանքից՝ պետք է ենթադրել, որ հատկապես այս համայնքում է լինելու ամենաթեժ, մեղմ ասած, մրցակցությունը:

Հայտնի է, որ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու է գործող թաղապետը՝ ծնունդով Զեյթունից, որի աշխատակազմը բազմակուսակցական հիմունքներով է ձեւավորված, եւ թաղապետը հույս ունի, որ կուսակցությունների հետ համայնքի առօրյա հարցերի լուծման խնդրում սերտ համագործակցությունը երաշխիք կլինի այդ կուսակցությունների կողմից առաջիկայում աջակցություն ստանալու համար: Ի դեպ, մեր տեղեկություններով, վերջերս ՀՀԿ խորհրդի նիստում, որտեղ քննարկվել է այս համայնքում թաղապետի թեկնածու Արայիկ Քոթանջյանին պաշտպանելու հարցը, խորհրդի 8 անդամներից միայն մեկն է կողմ եղել այդ առաջարկին, իսկ մնացած 7-ը կարծիք են հայտնել, որ պետք է սատարել գործող թաղապետին: Անշուշտ, սա վերջնական որոշում համարել չի կարելի, բայց խոսակցություններ կան, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խոստացել է աջակցել գործող թաղապետին: Այդուհանդերձ, ինքը՝ Ռ. Սինոյանը, որ մեր թաղապետերի մեջ ԵԽ կոնգրեսում հայկական պատվիրակության միակ անդամն է, իր հիմնական աջակիցը համարում է համայնքի բնակչությանը:

Հայտնի է, որ թեկնածուներից, դարձյալ զեյթունցի, Արայիկ Քոթանջյանին, որը «Սամարկ» ՍՊԸ նախագահն է, աջակցում է ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Ու թեեւ երեկ բավականին բարեկիրթ Ա. Քոթանջյանը «Արմեն-Ակոբ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հավաստիացրեց, թե իր «թիկունքում կանգնած է ժողովուրդը», եւ որ իր անունին զուգահեռ որեւէ մեկի անունը չեն տալիս, այդուհանդերձ, համայնքում շատերն են խոսում, որ նրա «ստվերային» աջակիցը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է:

Ի դեպ, Ս. Սարգսյանի անունը շոշափվում է նաեւ թաղապետի մեկ այլ թեկնածուի՝ Վալերի Հարությունյանին աջակցողների ցանկում: Ռ. Սինոյանին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, թե իրականում եւ Ա. Քոթանջյանը, եւ Վ. Հարությունյանը միեւնույն շղթայի տարբեր օղակներ են եւ առաջիկա ընտրություններում վայելում են իշխանական միեւնույն թեւի աջակցությունը: Ընդ որում, եթե Վ. Հարությունյանը գործող թաղապետի դեմ պայքարելու է ֆինանսական ռեսուրսի օգնությամբ, ապա Ա. Քոթանջյանը՝ Ռ. Սինոյանի նկատմամբ սուր հակաքարոզչություն ծավալելու միջոցով եւ, իբր, կոչված է լինելու, մասնավորապես, Զեյթունում գործող թաղապետից ձայներ խլելով ապահովել Վ. Հարությունյանի ընտրությունը: Իհարկե, երեկ Ա. Քոթանջյանը հերքեց իր թիկունքում որեւէ մեկի լինելու հանգամանքը՝ շեշտելով, թե դրանք սեւ տեխնոլոգիաներն են: Նա միաժամանակ խոստովանեց, որ ինքը հակված չէր առաջադրվել, բայց համայնքում ծառացած խնդիրներն այլեւս հանդուրժել չի կարող:

Քանաքեռ-Զեյթունում թաղապետի թեկնածուներից մեկն էլ Վալերի Հարությունյանն է, որին աջակցում է ԱԺ պատգամավոր Արտյուշա Սիմոնյանը: Համայնքում եւ մեկը, եւ մյուսը հայտնի են որպես օրենքի հետ խնդիրներ ունեցող մարդիկ: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Ա. Սիմոնյանը շատ ցուցադրական ձեւով ձերբակալվել եւ նույնիսկ մեղադրվում էր ռուսական «Իգլա» տեսակի հրթիռների վաճառքի մեջ, ինչը, սակայն, շուտով մոռացվեց: Վ. Հարությունյանին ի թիվս Ա. Սիմոնյանի` աջակցում են նաեւ ԱԺ գործարար պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Լյովա Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյով», ու ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը, ասում են` ոչ առանց Սերժ Սարգսյանի հավանության:

Ի դեպ, համայնքում կան մարդիկ, ովքեր վստահեցնում են, թե Վ. Հարությունյանն արդեն վաղուց սկսել է թիմակիցների «հավաքագրումը», ում խոստացել է 300 ձայնի համար վճարել $10.000: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա այս փուլում այդ տեխնոլոգիայի կիրառման մասին դեռ ստույգ տեղեկություններ չկան: Փոխարենը հայտնի է, որ Քանաքեռ-Զեյթունում առաջադրվելու մտադրություն ունեն էլի մարդիկ, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի քրոջ որդին՝ Արտյոմ Թարզյանը, որ մինչեւ վերջերս զբաղեցնում էր նախարարի օգնականի պաշտոնը:

Ընդհանրապես, խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին՝ շատ դիտորդներ եւ քաղաքական գործիչներ են հակված կարծելու, որ դրանք ոչ այնքան լավ թաղապետի ընտրության, որքան՝ քաղաքական ազդեցության ոլորտների համար կռիվ են լինելու՝ նկատի ունենալով, որ առաջիկայում ընտրվող թաղապետերն են սպասարկելու եւ 2007-ի խորհրդարանական, ապա՝ նաեւ նախագահական ընտրությունները եւ նրանցից շատ բան է կախված: Ասել է թե՝ այս տարի ընտրվող թաղապետերը առաջիկայում մեծ հնարավորություններ ունեն, մասնավորապես՝ ԱԺ ընտրությունների ժամանակ վարձահատույց լինելու այսօրվա իրենց աջակից ուժերին:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել