Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ WHO Է, ՈՎ՝ ՈՉ

Օգոստոս 13,2005 00:00

ՈՎ WHO Է, ՈՎ՝ ՈՉ Հայաստանի հայտնի մարդիկ, որպես կանոն, չափազանցված պատկերացումներ ունեն իրենց՝ օտար լեզուների իմացության մասին: Վերջերս «Մեդիամաքս» գործակալությունը տպագրեց «Ով ով է» գիրքը՝ Հայաստանի հայտնի մարդկանց մասին կենսագրական տեղեկություններով: Գրքում ընդգրկված են եւ քաղաքական գործիչներ, եւ պաշտոնյաներ, եւ գործարարներ, նաեւ՝ լրագրողական աշխարհի հայտնի դեմքեր: Կենսագրական տվյալները գրքի հրատարակիչներին են փոխանցել հենց իրենք՝ «հայտնիները», ուստի այն, ինչի մասին հիմա կխոսենք, կապ չունի գրքի հրատարակիչների հետ: Սկսենք հենց առաջին անունից։ Նախարար Հովիկ Արգամի Աբրահամյանը, պարզվում է, տիրապետում է ռուսերենի, անգլերենի եւ գերմաներենի։ Այս կարգով գլուխ է գովացել ոչ միայն նա, այլեւ՝ շատերը: Ի դեպ, Հ. Աբրահամյանի կենսագրականում բաց է մնացել սովետական բանակից զորացրվելուց հետո (1979 թ.) մինչեւ 1991 թվականն ընկած ժամանակահատվածը: Հավանաբար, «սուպերնախարարը» չի ցանկացել հիշել, թե ո՞վ էր ինքը մինչ «հեղափոխությունը»: Հայտնիների կենսագրականներում կրթության ժամկետների եւ ավարտած բուհերի մասին տեղեկություններից կարելի է կռահել, որ այսօր Հայաստանի հայտնի մարդկանցից շատերը «կրթվել» են մասնավոր բուհերի դիպլոմներով: Եվ որքան էլ զարմանալի է, նրանց ճնշող մեծամասնությունը իրեն ներկայացրել է որպես տնտեսագետ եւ իրավաբան: Գյումրեցի պատգամավոր Սամվել Բալասանյանը (ՕԵԿ խմբակցության ղեկավար) գրել է, որ տիրապետում է անգլերենի։ Փոխարենը, նրա կուսակցական ղեկավար Արթուր Բաղդասարյանը, որի գոնե վարժ ֆրանսերենին մենք ծանոթ ենք, չի էլ նշել, թե քանի լեզվի է տիրապետում։ Իսկ, այ, Մանուկ Գասպարյանի ֆրանսերենն արժե լսել. կարծում ենք, նա պարզապես վաղուց անցել է դա դպրոցում եւ այլեւս չի գործածել՝ լեզուն պահելով կուսական վիճակում: Փառք Աստծո, որ լեզուների իմացության մասին տեղեկություն չի տրված նաեւ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ինքնակենսագրականում: Համենայնդեպս, ոչ ոք չի տեսել, թե ինչպես է հարցազրույց տալիս CNN-ին կամ «Ֆրանսպրեսին»։ Իսկ այ, Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի ռուսերենի իմացության մասին լուրերը մի փոքր չափազանցված են, փոխարենը ՊՆ փոխնախարար Միքայել Հարությունյանը գոնե չի նշել, որ տիրապետում է ռուսերենի, քանի որ կյանքի մեծ մասը Ռուսաստանում ծառայած այս սպան միայն այդ լեզվին է տիրապետում: Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի նորմալ անգլերենը եւս լսելու առիթ ենք ունեցել։ Ազատ անգլերենով խոսում են նաեւ նախարարներ Կարեն Ճշմարիտյանը, Աղվան Վարդանյանը, մյուսներին լսելու առիթ չենք ունեցել: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ տիրապետում է ֆրանսերենին՝ բառարանով, սա եւս ազնիվ է: Թեպետ վարչապետի ֆրանսերենից, թեկուզ եւ բառարանով, ֆրանսիացիները դժվար գլուխ հանեն: Վերջում երկու դիտարկում։ Կարծում եմ, ճիշտ կլիներ, եթե գրքում տեղ գտնեին նաեւ մարդիկ, ովքեր այսօր կենդանի չեն, բայց այս 15 տարվա ընթացքում հայտնի դեմքեր էին։ Հաջորդը՝ գրքում ոչ մի տեղեկություն չկա, ասենք, Վանո Սիրադեղյանի մասին: Տեղ չեն գտել նաեւ Արամ Զավենի Սարգսյանը, Բաբկեն Արարքցյանը, Հրանտ Բագրատյանը եւ էլի, մեր կարծիքով, ոչ պակաս հայտնի հայեր: «Նախկիններից» միայն առաջին նախագահի եւ Դավիթ Շահնազարյանի անուններն են նշված: Իսկ «ԶԼՄ ներկայացուցիչներ» բաժնում չկա, ասենք, «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի անունը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել