Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԵՍԸ ՕՏԱՐՎԵՑ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻՆ

Օգոստոս 13,2005 00:00

Երեկ հրապարակվեցին Երեւանի «Պետական կրկես» պետական ոչ առեւտրային կազմակերպության գույքի օտարման արդյունքները:

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարկոսյանը հիշեցրեց, որ երկու հայտ էր ներկայացվել՝ կրկեսի աշխատակազմի եւ «Սիլ» կոնցեռնի հիմնադիր Սարիբեկ Սուքիասյանի կողմից: Վերջինս կրկեսի գնման համար առաջարկել էր 100 մլն դրամ եւ խոստացել, որ 5 տարվա մեջ կկատարի 500 մլն դրամի ներդրում: Իսկ կրկեսի աշխատակազմը առաջարկել էր 150 մլն դրամ եւ 3 տարվա ընթացքում պատրաստ էր ներդնել 650 մլն: Արդյունքում հաղթող ճանաչվեց կրկեսի աշխատակազմը: Պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը հերքեց այն լուրերը, թե հաստատության մասնավորեցման համար գումարներ տրամադրել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը. «Դրանք աբսուրդ լուրեր են: Ես միայն հեռուստացույցով եմ նրա մասին լսել, անգամ մեկ մետր հեռավորությունից նրան չեմ տեսել»: Նա ավելացրեց. «Ինչո՞ւ է ձեզ թվում, թե մենք՝ կրկեսի դերասաններս, փող չունենք: Օրինակ՝ իմ որդին Եվրոպայի լավագույն դերասաններից է եւ ունի միլիոններ: Ինչո՞ւ եք կարծում, թե միայն այստեղի օլիգարխները փող ունեն: Մենք ամեն ինչ ունենք: Ես ունեմ բազմաթիվ աշակերտներ, որոնք պատրաստ են ներդրումներ անել»:

Ըստ Ս. Պետրոսյանի, աշխարհի բոլոր կրկեսները, որոնք մասնավորեցվել են մասնագետների կողմից, մեծ հաջողությունների են հասել, իսկ պատահական մարդկանց կողմից գնվածները միշտ ձախողումներ են ունեցել: Կրկեսի տնօրենը նշեց, որ մինչ օրս ՀՀ կառավարությունը կրկեսին յուրաքանչյուր ամիս տրամադրում է ընդամենը 1 մլն դրամ, այն դեպքում, երբ ձմռանը միայն հոսանքի համար անհրաժեշտ գումարը 1.5 մլն է կազմում:

Իսկ մրցութային պահանջներից մեկի առիթով՝ հաղթողը պարտավոր է 25 տարվա ընթացքում գործել կրկեսային արվեստի բնագավառում, Ս. Պետրոսյանը նշեց. «Ոչ թե 25, այլ 100 տարի պետք է պահպանենք կրկեսը: Հայաստանը կրկեսային աշխարհ է եւ պետք է պահպանվեն այն բոլոր ավանդույթները, որոնք 50-ականներին են ձեւավորվել»:

Ս. Պետրոսյանը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել նաեւ գործարարների հետ, նույնիսկ իրենց մրցակից Սարիբեկ Սուքիասյանի հետ: «Սուքիասյանների ընտանիքը շատ կրկեսասեր է: Վերջերս, երբ մեզ մոտ նշում էինք Լեոնիդ Ենգիբարյանի 70-ամյակը, ես դիմեցի բոլոր մեծահարուստներին, որ հայտնի կենդանավարժ Ստեփան Իսահակյանին հյուրանոցներից մեկում տեղավորեն: Միայն պրն Սուքիասյանը մեզ աջակցեց: Մենք միշտ էլ համագործակցել ենք: Նա այնքան շատ է կրկեսը սիրում, որ հաճախ իր աշխատողների համար ներկայացումների տոմսեր է գնում»,- վերջում ավելացրեց Սոս Պետրոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել