Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հեռախոսով կարելի է միայն մեխ խփել»

Օգոստոս 13,2005 00:00

Նկատի ունենալով «ԱրմենՏելի» բջջային կապը՝ պնդում է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում որոշում ընդունվեց ոչ պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար «ԱրմենՏել» ՓԲԸ-ին տուգանել 2004-ի շրջանառության 1%-ի չափով՝ մոտ 400 հազար դոլար: Ընդ որում, տուգանքը պետք է մուծեն 10-օրյա ժամկետում կամ դիմեն դատարան: Թեեւ վերջինիս հարցում «ԱրմենՏելի» ներկայացուցիչները հստակ որեւէ բան չասացին՝ կդիմե՞ն, թե՞ ոչ, սակայն հանձնաժողովի որոշմանն ի պատասխան՝ նրանք սկսեցին ծափահարել: Ընկերության իրավաբան Արտակ Խաչատրյանը հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի հետ «չանա-չանա» կռիվ էր տալիս։ Մասնավորապես պրն Խաչատրյանը դեմ էր հանձնաժողովի այն ձեւակերպմանը, որ իրենք ունեցել են գերիշխող դիրքի չարաշահում: Ըստ Ա. Խաչատրյանի, կապի որակը սկսել է վատանալ հուլիսի 1-ից, երբ իրենք զրկված են եղել գերիշխող դիրքից՝ «ՎիվաՍելլի» պես «շատ լուրջ մրցակից» ունենալու պատճառով. «Այն, որ «ՎիվաՍելլը» իր գործունեության հենց առաջին շաբաթում ունեցել է 70 հազար բաժանորդ, հիմք է տալիս եզրակացնել, որ նրանք մեզ համար, իրոք, լուրջ մրցակից են»: Մինչդեռ, ըստ հանձնաժողովի մասնագետների, փաստացի մրցակցությունը հաշվում են ոչ թե բաժանորդների քանակով, այլ՝ մատուցած ծառայություններով:

«ԱրմենՏելի» ներկայացուցիչները տրանսպորտի եւ կապի նախարարության լիազոր մարմնից բացատրություն պահանջեցին, թե «այդ որտեղի՞ց եք վերցրել, որ 100 զանգից 95-ը պետք է անպայման հաջողված լինի, նման եվրոպական ստանդարտներ չկան»: Լիազոր մարմնի պատասխանը, թե դրանք միջազգային ստանդարտներ են, դրանից ցածրը համարվում է անորակ կապ, չբավարարեց «ԱրմենՏելի» իրավաբանին: Իսկ ընկերության գլխավոր տեխնիկական համակարգի տնօրեն Իոհանիս Սմարնակիսը, հեռահաղորդակցության ոլորտում ունենալով 25 տարվա փորձ՝ «ճշտեց». «Մոսկվայում կա օպերատոր, որ 100-ից 20 հաջողված զանգ է ապահովում»: Հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանը ընկերության ներկայացուցիչների հետ խոսում էր ոչ որպես պաշտոնյա, այլ որպես բաժանորդ. «Ես պայմանագիր եմ կնքել ձեզ հետ, որով դուք պարտավորվել եք մատուցել միջազգային ստանդարտներին համապատասխան GSM-900 ստանդարտով աշխատող շարժական բջջային կապ: Մինչդեռ այսօր իմ հեռախոսը դարձրել եք միջազգային չափորոշիչներով մուրճ, որով կարելի է միայն մեխ խփել. զանգ հնարավոր չի անել»: «ԱրմենՏելի» իրավաբանն այդ ընթացքում «խորացել» էր թվերի, ժամերի ու վայրկյանների մեջ ու փորձում էր համոզել, որ հունիսի 30-ին իրենք կապի խափանում չեն ունեցել (հանձնաժողովի կողմից տուգանքը նշանակվել է հունիսի 30-ից հուլիսի 10-ը մատուցած վատորակ կապի համար): Մինչդեռ իրավաբանի պնդումները հերքվեցին հենց «ԱրմենՏելի» ինտերնետային կայքից հանած փաստաթղթով, որի համաձայն՝ կապը խափանվել է իսկապես ամսի 30-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 19:40-ից:

Որեւէ մեկնաբանություն չտրվեց նաեւ, թե կապի խափանման պատճառների մասին վերջապես ի՞նչ պարզեցին «ԱրմենՏելի» կողմից հրավիրված մասնագետները: «Պատճառը 100%-ով դեռեւս չի պարզվել, ուսումնասիրությունը ընթացքի մեջ է: Բայց կարիք չկա անհանգստանալու, խնդրի լուծումն 80%-ով եղած է, բացի այդ, չէ՞ որ մենք պրոբլեմի համար բաժանորդներին փոխհատուցել ենք»: Ստացվում է, որ 1200 դրամ խոսելաժամանակ տրամադրելով կամ 50% զեղչ անելով՝ ընկերությունը լրիվ «քավել» է իր մեղքը, ուստի նրանց կողմից անընդունելի ու զարմանալի էր տուգանքի մասին որոշումը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել