ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են Տարբեր խաղակեսեր Ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության երկրորդ որակավորման փուլի առաջին խաղում, Երեւանի «Բանանցը» երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում հյուրընկալեց Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի «Դնեպր» թիմին, որը պայքարի մեջ է ներգրավվել այս փուլից։ Խաղն ավարտվեց 2։4 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Առաջին խաղակեսում դաշտի տերերը մրցակցին հարկադրեցին երկու անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից, սակայն հանգստից հետո հյուրերը 4 անգամ գրավեցին «Բանանցի» դարպասը։ Հուսանք, որ պատասխան խաղից հետո կկրկնվի Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ կատարվածը։ ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկության նախնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը, որ կայանալու է սեպտեմբերի 7-ին Օլոմուց քաղաքի «Անդրուվ» ստադիոնում, սպասարկելու է մրցավարների շվեդական անձնակազմը: Գլխավոր մրցավար է նշանակվել Մարտին Հանսոնը, առաջին օգնական՝ Քենեթ Պետերսոնը, երկրորդ օգնական՝ Պետեր Էկստրոմը, չորրորդ պաշտոնյա՝ Դանիել Ստալհամարը: Մրցավարների տեսուչը ավստրիացի Հորստ Բրյումմեերն է, հանդիպման տեսուչը՝ Տրիգվե Բոռնոն (Նորվեգիա): Հայաստանի կանանց մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը, որ այս տարիքային խմբի Եվրոպայի 2005/06 թթ. առաջնության որակավորման առաջին փուլում Իտալիայի, Ավստրիայի եւ Իսրայելի հետ միասին ընդգրկված է 2-րդ խմբում, սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Իսրայելի Ռամատ Գան քաղաքում կմասնակցի որակավորման առաջին փուլի հանդիպումներին: Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը Եվրոպայի 2005/06 թթ. առաջնության որակավորման առաջին փուլում Ռուսաստանի, Իսրայելի եւ Ադրբեջանի իր հասակակիցների հետ կազմել է 4-րդ խումբը: Այս թիմը նույն Իսրայելի Ռամատ Գանում որակավորման 1-ին փուլին մասնակցելու է հոկտեմբերի 23-29-ին: Ի կատարումն ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի ս.թ. ապրիլի 29-ի որոշումների 4-րդ կետի դրույթների՝ կապված «Զենիթ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Միտչել Պրենտիսի եւ Թայլեր Սիմփսոնի հայցերի բավարարման հետ, առաջնությունում վաստակած միավորներից 6-ը հանելուց հետո՝ ՖԻՖԱ-ի պահանջը կրկին չբավարարելու համար «Զենիթ» թիմը հանվել է առաջնությունից: Ա. Հ.