Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՖԻԼՄԸ»՝ ԳԱՖԵՍՃԵԱՆ-ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻՆ

Օգոստոս 12,2005 00:00

«ՀԱՅՖԻԼՄԸ»՝ ԳԱՖԵՍՃԵԱՆ-ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻՆ Ինչպես եւ սպասվում էր, «Հայֆիլմ» կինոստուդիան վաճառվեց մասնավորեցման մրցույթի միակ հայտատուին՝ «Արմենիա ստուդիոս» ՓԲԸ-ի տնօրեն Բագրատ Սարգսյանին, որը հանդես էր գալիս Գաֆեսճեան հիմնադրամի անունից: Նա մեկնարկային գնից՝ 267 մլն դրամ, ավելին էր առաջարկել՝ 350 մլն դրամ: Իսկ 10 տարվա ընթացքում պատրաստ է կատարել 30 մլրդ դրամի ներդրում: «Հանձնաժողովի եւ իմ անունից ուզում եմ շնորհավորել հաղթողին, որովհետեւ հույս ունենք, որ սա հանրապետության լավագույն գործարքներից մեկն է լինելու, համենայնդեպս դրա բոլոր նախանշանները կան…մասնակցի անունն ու համբավը հույս են ներշնչում»,- ասաց մրցութային հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարկոսյանն ու անմիջապես հեռացավ: Այնուհետեւ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողը հարցախեղդ արեց իր շեֆին, որը բավականին արհեստական էր հնչում: «Հայֆիլմի» նոր տերը՝ «Արմենիա» հեռուստատեսության տնօրեն Բ. Սարգսյանը խոստացավ, որ 2 տարվա ընթացքում այն ամբողջովին կվերանորոգվի, կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, 1 տարվա ընթացքում էլ գրեթե բոլոր ֆիլմերը կթվայնացվեն, կսկսվի կինոարտադրությունը եւ մասնագետներ կուղարկվեն արտասահման՝ վերապատրաստման: «Նախ եւ առաջ «Հայֆիլմը» շենքեր են, տարածքներ ու հողեր, բայց միեւնույն ժամանակ «Հայֆիլմը» նաեւ հայկական ֆիլմն է, եւ հայկական կինոյի ավանդույթը, որ պիտի պահպանվի ու շարունակվի… Նույնիսկ «Հայֆիլմը» կունենա այնպիսի հզոր բազա, որ հնարավորություն կընձեռի արտերկրի այլ կինոընկերությունների՝ գալ Հայաստան ու իրենց ֆիլմերը նկարահանել»,- խոստացավ Բ. Սարգսյանը: «Կարո՞ղ ենք հավակնել, որ այսքանից հետո համաշխարհային կինոյի ոլորտում թեկուզ փոքրիկ տեղ կունենանք»,- հետաքրքրվեց «Արմենիա» TV-ի լրագրողն իր ղեկավարից: «Ամբողջ նպատակն էլ հենց դա է: Պրն Գաֆեսճեանի հետաքրքրությունները արվեստի եւ մշակույթի բնագավառում հայտնի են բոլորին, դրանց ազնվությունն ու ինքնաբուխությունը կարելի է պատկերացնել՝ պարզապես Կասկադ այցելելով: Համանման մոտեցում է լինելու նաեւ «Հայֆիլմի» հանդեպ: Սա ավելի շատ մշակութային ձեռնարկ է, քան բիզնես, կամ ինչ-որ ընկերության ձեռքբերում»,-ասաց «Արմենիա ստուդիոսի» տնօրենը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ է սպասվում «Հայֆիլմի» արդեն նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանին, եւ արդյո՞ք լինելու են կադրային փոփոխություններ: «Մենք առաջարկել ենք, որ «Հայֆիլմի» բոլոր աշխատակիցների հետ անմիջապես կնքվեն պայմանագրեր՝ առնվազն 50000 դրամ աշխատավարձով: Նաեւ մեծ ուրախությամբ կառաջարկենք պրն Գեւորգյանին շարունակել ղեկավարել այդ կառույցը»: Շրջանառվող կարծիքին, թե «Հայֆիլմը» հանձնվել է որպես գույք Գաֆեսճեան հիմնադրամին՝ պետության ունեցած $600000 պարտքի դիմաց, Բ. Սարգսյանը համամիտ չէր: «Այս գործարքը ոչ «գույք՝ պարտքի դիմաց», ոչ էլ «պարտք՝ գույքի դիմաց» գործարք չէ: Գաֆեսճեան ընտանիքի հիմնադրամը ընդամենը արել է «Հայֆիլմի» վերածննդի առաջարկ, որը այսօր ընդունվեց Հայաստանի կառավարության կողմից»: Հաջորդ հարցին, տեղյա՞կ է, թե ինչու անսպասելի հայտվեց ու նույնքան էլ անսպասելի անհետացավ տեսադաշտից «Հայֆիլմի» մեկ այլ գնորդ՝ Խաչիկ Խաչիկյանը, Բ. Սարգսյանը պատասխանեց. «Ես «Հայֆիլմում» ճանաչում եմ միայն Գեւորգ Գեւորգյանին, Խաչիկ Խաչիկյանին չգիտեմ, նրա ծրագրերի մասին՝ նույնպես»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել