«Դեմ չեմ քաղաքի վերակառուցմանը» Ասում է հին Երեւանը կառուցողներից մեկը Մեր երկրի շինարարության ասպարեզում երկար տարիներ աշխատած ու մեծ ավանդ ներդրած «Երեւանշին» ընկերության գլխավոր մասնագետ Ալբերտ Վարդապետյանը 1957 թվականից առ այսօր նույն եռանդով ու նվիրումով աշխատում է քաղաքաշինության բնագավառում եւ հույս ունի, որ մի օր էլ Երեւանը կտեսնի «աշխարհի քաղաքաշինության պահանջներին համահունչ քայլող քաղաք»: Նա հպարտությամբ մեկ առ մեկ թվարկեց բոլոր այն կառույցները՝ որոնց շինարարության գործում մասնակցություն է ունեցել: Աշտարակային կռունկների մասնագետին վստահվել են Երիտասարդական պալատի, Մարզահամերգային համալիրի կառուցման, «Մայր Հայաստան» արձանի տեղադրման, ինչպես նաեւ Ազգային օպերային թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքները: Հիշում է, երբ 1988-ի երկրաշարժի ժամանակ իրենց ողջ անձնակազմով տեղափոխվել են Գյումրի եւ օր ու գիշեր աշխատել: Հին ու նոր քաղաքաշինությունը նա բնութագրեց այսպես. «Այսօրվա քաղաքաշինությունը կարծես թե գյուղից դուրս է եկել եւ քաղաք չի հասել: Ճիշտ է, խորհրդային տարիներին կատարվող շինարարության համեմատությամբ այսօր որակի առումով մեծ առաջընթաց կա, նոր կառուցվող շենքերը անհամեմատ սեյսմակայուն են, սակայն այն չափանիշները, որը պահանջում է աշխարհի քաղաքաշինությունը՝ չունենք: Շատ հաճախ չենք կարողանում բավարարել պատվիրատուի պահանջները, քանի որ չկան նոր մշակված շինարարական նորմեր եւ կանոններ, խորհրդայինն էլ ժամանակավրեպ է եւ զգալի տարբերվում է նորից»: «Մեր քաղաքաշինության մեջ ի՞նչը կփոխեիք» հարցին պարոն Վարդապետյանը պատասխանեց. «Առաջին հերթին կցանկանայի, որպեսզի փոխվեր մարդկանց սովետական հոգեբանությունը, որպեսզի նրանց մեջ մեծանար պատասխանատվությունը հանձնարարված գործի նկատմամբ: Որ մարդը իր գործում չթերանա ոչ թե վերահսկվելու ահից, այլ պարտաճանաչ աշխատելը իր համար դառնա նորմ»: Ա. Վարդապետյանը ողջունում է Հյուսիսային պողոտայի, նոր առեւտրային կենտրոնների, սուպերմարքեթների կառուցումը, նրա կարծիքով՝ դրանք մայրաքաղաքին նոր շունչ են հաղորդում: Նա դեմ չէ նաեւ երեւանցիների կողմից սիրված ու ճարտարապետական արժեք հանդիսացող Երիտասարդական պալատի կամ Մարզահամերգային համալիրի մասնավորեցմանը, բայց պայմանով, որ դրանք պահպանեն իրենց արտաքինն ու գործունեության ուղղվածությունը: Ա. Վարդապետյանի կարծիքով, «ծուռ-մուռ պանելները փչացնում են քաղաքի գեղեցկությունը»: «Հին ճարտարապետական շինությունների կողքին կառուցել նորը՝ կնշանակի նսեմացնել հինը, չկառուցես՝ չի լինի: Միակ ճիշտ որոշումն այն է, որ այդ պատմամշակութային արժեք հանդիսացող շինությունները կենտրոնացնեն մի տեղում ու պահպանեն՝ որպես քաղաքի պատմության մասնիկ»,- ասաց պարոն Վարդապետյանը: Նա մի տեսակետ էլ հայտնեց. «Երեւանին բավական են շքեղ հյուրանոցները: Եթե ուզում ենք մեր երկրում տուրիզմը զարգացնել, անհրաժեշտ է Երեւանում եւ մարզերում կառուցել մատչելի գներով, բայց հարմարավետ երեք աստղանի հյուրանոցներ: Զբոսաշրջիկներից շատերը հյուրանոցների վարձավճարը թանկ լինելու պատճառով նախընտրում են բնակարաններ վարձել, ինչը մասամբ է նպաստում տուրիզմի զարգացմանը»: Ա. Վարդապետյանը հպարտ է, որ ներդրում ունի հայրենիքի կառուցման ու շենացման գործում. «Հայրենիքից դուրս աշխատելու երբեք չեմ գնա»: Անցած 50 տարիներին ներդրած վաստակի համար Ա. Վարդապետյանը պարգեւատրվել է մեդալներով ու շքանշաններով: «Երեւանշին» ընկերության մասնագետը, որի 70-ամյակը լրացավ այսօր, այժմ էլ ընկերության հզոր վերամբարձ կռունկներով աջակցում է «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի կառուցմանը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ