Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ «ԱՍՈՒԺԴԱՄՍ»

Օգոստոս 12,2005 00:00

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ «ԱՍՈՒԺԴԱՄՍ» Ըստ ադրբեջանական քարոզչության, Պարույր Հայրիկյանը «դաշնակ է» եւ խորհրդարանական խմբակցության առաջնորդ: Ադրբեջանում բոլորն իրար են անցել. այդ երկրում գրեթե չի մնացել որեւէ շրջան, քաղաք, գյուղ, կուսակցություն, հասարակական կազմակերպություն, քիչ թե շատ հայտնի «մտավորական», որ իր «ցասումն ու վրդովմունքը» չարտահայտի «ազգի դավաճան» Ռասուլ Բաշիրլիի եւ «նրան ուղղորդող» Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) ղեկավար Ալի Քերիմլիի հանդեպ: Բաշիրլին ձերբակալվել է Ադրբեջանում՝ մեղադրվելով դավաճանության մեջ: Նրա դեմ պետական դավաճանության մեղադրանքով գործ է հարուցվել այն բանից հետո, երբ Բաշիրլիի ընկերը, որի հետ նա գտնվել է Թբիլիսիում, դատախազությանը հանձնել է մի տեսաժապավեն, որում երեւում է, որ Բաշիրլին կոնյակ է խմում եւ փող է վերցնում ազգությամբ իբրեւ հայ մեկից: Ըստ «Ազերթաջի», դա ՀՀ հատուկ ծառայությունների գործակալ էր՝ Իսպիրյան ազգանունով: Ապա Բաշիրլին այդ «հային» հայտարարել է, որ երբ իրենք գան իշխանության, Ղարաբաղի հարցը կլուծվի մի գավաթ կոնյակի եւ շոկոլադի շուրջ: Ընդդեմ «դավաճան Բաշիրլիի եւ նրան ուղղորդողների» համաժողովրդական «բռնկմանը» իրենց մասնակցությունն են բերել նույնիսկ հիվանդանոցների, բուհերի, մշակութային միությունների եւ դպրոցների կոլեկտիվներ, հաշմանդամների ասոցիացիաներ, տարբեր երկրներում ադրբեջանական գաղութների ներկայացուցիչներ: Այսպես որ գնա, ադրբեջանական մանկապարտեզները, խանութներն ու սրճարանները, վարսավիրանոցներն ու կազինոներն էլ կուղղեն իրենց «անզուսպ ցասման ձայնը» ընդդեմ «դավաճանի» եւ կպահանջեն, որ նրան «պատժեն օրենքի ողջ խստությամբ»՝ հիշելով «Ղարաբաղի մարտերում ընկած բոլոր զոհերին, բոլոր շեհիդներին»: Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության հեղեղած բոլոր հայտարարություններն ու նամակներն ունեն նույն ձեռագիրը. սկզբում արտահայտում են իրենց անսահման զայրույթն ու վրդովմունքը, վերջին խոսքերով փնովում «դավաճան ստահակներին», անարգանքի սյունին գամում «անբարո, ագահ եւ իշխանատենչ» ընդդիմությանը, որը չի հասկանում, թե ինչ երանելի վիճակում է գտնվում «հայրենի Ադրբեջանը», ապա մեծարում են «ադրբեջանական ժողովրդի հայր Հեյդար Ալիեւին» եւ հավատարմության երդում տալիս նրա որդուն՝ մեծն Իլհամ Ալիեւին: Այս սցենարը մեկը-մեկին կրկնվում է բոլոր հայտարարություններում եւ դրանով իսկ կասկածի տեղիք է տալիս դրանց իրական եւ ինքնաբուխ լինելը: Մի քանիսում, որոնց հեղինակները կոլեկտիվներ չեն, այլ՝ անհատներ, ստանդարտ սցենարից մի փոքր շեղումներ կան: Պատմական էքսկուրսներ են կատարվում դեպի 90-ականների սկիզբը, եւ դավաճանության մեջ մեղադրվում են նաեւ այս պատմության հետ կապ չունեցող, սակայն ԱԺՃԿ հետ այս կամ այն կերպ առնչվող մարդիկ՝ Հիքմեթ Հաջիզադեն, Լեյլա Յունուսովան, Իսա Գամբարովը եւ այլք: «Ադրբեջանական մտավորականությունը» ներկայացնող մարդիկ անհնար են համարում հայերի հետ ադրբեջանցիների ցանկացած շփում եւ հիշում են նույնիսկ այն, որ, ասենք, Իսա Գամբարովը դեմ առ դեմ հանդիպել է «դաշնակ Հայրիկյանի հետ», ավելին, ըստ վառ երեւակայության տեր ոմն Թախմասիբ Նովրուզովի, որը ոչ ավել, ոչ պակաս, թերթի խմբագիր է, Հայրիկյանը ֆինանսավորել է Իսա Գամբարովին, որպեսզի վերջինս 1992-ին իշխանության գար Ադրբեջանում: Նովրուզովը գրում է. «Ես հետագայում հաճախ եմ հարցրել Գամբարովին՝ չէ՞ որ դու ասում էիր, որ Հայրիկյանը մեզ աջակցելու է Ղարաբաղի հարցում: Այնինչ, փաստն այն է, որ այսօր հենց Հայրիկյանը եւ նրա ղեկավարած ֆրակցիան է Հայաստանի պառլամենտում բռնել ամենառադիկալ դիրքը Ղարաբաղի հարցում՝ հօգուտ Հայաստանի»: Այստեղ են ասել՝ մեկնաբանություններն ավելորդ են: Մեկ ուրիշ «մտավորական»՝ Նեյմեթ Փանախլին, որ ղեկավարում է Ազգային պետականության կուսակցությունը, որոշել է միանգամից «քոքից կտրել» Ադրբեջանում քիչ թե շատ ազատ մտածող մարդկանց համբավ ունեցողներին եւ իր հայտարարությունում պետական դավաճանության մեջ է մեղադրում Լեյլա Յունուսովային, Զարդուշտ Ալիզադեին, Իսա Գամբարովին, Յուսիֆ Սեմադօղլուին: Այդ ամենից հետո նա գրում է. «Այսօր այդ դավաճանները ոչ կառավարական կազմակերպությունների եւ իրավապաշտպանների անվան տակ ազգային դավաճանների համար գրանտներ են ստանում»: Իսկ ինչ-որ կանանց կազմակերպության ղեկավար մեկը, դիմելով Ալի Քերիմլիին, գրում է. «Ես ատում եմ քեզ, երբ դու հեռուստացույցով ելույթ ես ունենում կնոջ նման զարդարված»: Ընդհանրապես, այդ համատարած «ասուժդամս»-ների ոճը հիշեցնում է սովետական ճահիճը, այն ժամանակների՝ փտած կապիտալիստների դեմ ուղղված զայրույթով լի նամակները, որոնք գրում էին իբրեւ թե աշխատավոր մասսաները, կթվորուհիներն ու խոզապահները: Օրինակ, ոմն Ֆաթմա Սաֆարովա գրում է. «Ես 70 տարեկան եմ, հայերի չարագործությունների մասին, որ կատարել են 1905-18թթ., լսել եմ իմ տատերից: Ճակատագրի կամքով մենք էլ մեր աչքերով տեսանք մեր չարաբաստիկ հարեւանների իրական դեմքը: Նրանք մեզ քշեցին մեր հայրենի օջախներից, գրավեցին մեր երկրի 20 տոկոսը, նրանց պատճառով 1 մլն-ից ավելի փախստականներ ունենք»: Ինչ-որ շրջկոմից հայտարարում են. «Նշելով պատմական հաջողությունները, որոնց վերջին տարիներին հասել է անկախ Ադրբեջանը՝ ստեղծված (՞- Մ. Բ.) մեր ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի կողմից, եւ որի գործը հաջողությամբ շարունակում է մեր երկրի ղեկավար Պրեզիդենտ Իլհամ Ալիեւը, մենք հայտարարում ենք, որ ավելի ենք համախմբվելու մեր Պրեզիդենտի շուրջ եւ անվերապահորեն կատարելու ենք նրա բոլոր հրահանգները»: Իսկ հաշմանդամների ինչ-որ կազմակերպություն իր ժողովում ընդունած հայտարարության մեջ գրում է. «Ինչպե՞ս կարելի է համագործակցել դաժան թշնամու՝ հայերի հետ: Նման մարդիկ բարոյական իրավունք չունեն ապրելու Ադրբեջանում: Կոչ ենք անում փակել այն կուսակցությունները, որոնք համագործակցում են հայ դաշնակների հետ»: Բժիշկների ինչ-որ կազմակերպություն հայտարարում է. «Ալի Քերիմլին իր ցանցն է գցում թուլամորթ երիտասարդներին, եւ նրանց դարձնում հայ դահիճների գործիքը: Քերիմլին եւ արմատական ընդդիմության մյուս ներկայացուցիչները իրենց շուրջն են հավաքում թուլակամ, ագահ եւ շահամոլ մարդկանց, ինչպիսին Ռուսլան Բաշիրլին է, եւ աջուձախ ծախսելով արտասահմանից ստացած գրանտները՝ թեթեւաբարո կյանք են վարում»: «Ազերթաջից» ստացված մի լուր էլ հետեւյալ բովանդակությունն ունի. «Ժողովի ժամանակ, որն անցավ ցասման եւ ատելության ոգով՝ հանդեպ ազգի դավաճանների, այսպես կոչված՝ ընդդիմադիրների, որոնք փորձում են խարխլել մեր պետականության հիմքերը, հարված հասցնել նրա անվտանգությանը, նշվեց, որ այդ ընդդիմադիրների խոստովանությամբ նրանք հանուն իշխանության պատրաստ են համագործակցել նույնիսկ սատանայի հետ»: Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել