«ԱրմենՏելի» «թելովն» է լավը Հայաստանում կապի որակը գնալով «լավանում է» «Այժմ բջջային կապի որակը բարելավվել է»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսին այս՝ իրականության հետ հեռավոր առնչություն ունեցող հայտարարությունն արեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը: Ավելին՝ նա նշեց, որ «մի քիչ պրոբլեմներ լինում են միայն կենտրոնում, այն էլ՝ երեկոյան ժամերին, իսկ ընդհանուր առմամբ զանգերը դժվարությամբ են հաջողվում միայն «պիկ» ժամերին»: Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ մեզ մոտ 24 ժամ «պիկ» է, քանի որ բջջային կապի բաժանորդները բոլորովին այլ բան են հավաստիացնում: Պարոն Ֆետսիսի խոսքերը տեղում ճշտելու համար «ԱրմենՏելի» մասնագետները փորձեցին լրագրողների բջջայիններին զանգել՝ ոչ «պիկ» ժամին՝ 15-ին: Լավագույն դեպքում զանգը հաջողվեց միայն 2-րդ անգամից, իսկ արդարանալու համար ընկերության ներկայացուցիչներից մեկը նշեց. «Հա, ի՞նչ անենք, «ՎիվաՍելլով» էլ 3-րդ զանգից է հաջողվում ընկնել»: Ամեն դեպքում, պրն Ֆետսիսը խորհուրդ տվեց բաժանորդներին մոռանալ հուլիսը եւ հիշել, օրինակ, մայիսը, հունիսը. «Որակը փոքր-ինչ ընկել է միայն այս ամիսներին, իսկ մինչ հուլիսի 1-ը այն շատ լավ էր»: Չարաբաստիկ զուգադիպությամբ, նույն այդ օրվանից «եթեր» մտավ նրա հակառակորդ «ՎիվաՍելլը»: Ինչ վերաբերում է «ԱրմենՏելի» մենաշնորհը հանդիսացող միջազգային կապի որակին, որից վերջերս «ՎիվաՍելլը» բողոքներ ուներ, պարոն Ֆետսիսը վերհիշեց մի դեպք. «Մի օր առավոտյան եկա գրասենյակ, Յիրիկյանից («ՎիվաՍելլի» գլխավոր տնօրեն.- Հ. Ջ.) էլփոստով նամակ էի ստացել, թե նա օդանավակայանից գիշերը 4-ին Լիբանան է ուզել զանգել՝ չի ստացվել: Ստուգեցինք, այդ ժամերին 400 բարեհաջող զանգ է եղել, պրոբլեմը Լիբանանից էր՝ կապված ԱՄՆ-ի օպերատորի հետ»: Այսինքն, սրանից կարելի՞ է ենթադրել, թե այլ բողոքներ չեն լինում, միայն Յիրիկյանի դեպքն էր, այս հարցին Վ. Ֆետսիսը պատասխանեց. «Ասածս այն է, որ մենք չենք կարող Հայաստանից վերահսկել Ամերիկան կամ Լիբանանը: Քանի Երկիր մոլորակի վրա կյանք կա՝ տեխնիկական պրոբլեմներ միշտ լինելու են, չի կարելի դրանց համար վերանայել ընկերության միջազգային ելքի իրավունքը»: «ԱրմենՏելի» գլխավոր տեխնիկական համակարգի տնօրեն Յանիս Սմարնակիսն իր խոսքում նշեց, որ հեռահաղորդակցության ոլորտում աշխատում է արդեն 25 տարի, ուստի լրագրողների հարցին՝ որեւէ այլ երկիր կհանդուրժե՞ր բջջային կապի նման խայտառակ որակ, նա սկսեց խոսել ֆիքսված («թելով») հեռախոսակապի մասին՝ «հույս տալով», թե մերը շատ ավելի լավն է, քան Վրաստանինը. «Նրանք չունեն թվային կայաններ, կարեւորը ենթակառուցվածքն է, ոչ թե 1-2 անտենաները»: Իսկ բջջային կապի մասին նա սեղմ պատասխանեց՝ «որակն այս պահին լավ չի»: «ԱրմենՏելի» հրավիրած ասուլիսը հիմնականում «Ինտերնետ» միության կողմից վերջերս արված հայտարարությանն էր վերաբերում: Հիշեցնենք, որ պրովայդերները մտավախություն էին հայտնել, թե բացի «ԱրմենՏելի» տրամադրած ինտերնետ կապից, մենք չունենք այլընտրանքային կապուղի, ուստի մի փոքր վթարի դեպքում ողջ հանրապետությունը կտրվում է «արտաքին» աշխարհից: Ըստ «ԱրմենՏելի» պարզաբանումների, իսկապես, օգոստոսի 2-ին պրոբլեմներ եղել են. Վրաստանի տարածքում վթարի էր ենթարկվել օպտիկական մալուխը: Բայց Վ. Ֆետսիսը խնդրեց հարցին քաղաքական բնույթ չտալ, քանի որ նույն բանը կարող էր լինել մեր տարածքում: Փաստորեն, եթե Վրաստանում ուզենան՝ կարող են մեր հանրապետությանը «զրկել» ինտերնետից, բայց, ըստ տնօրենի, հետո ստիպված պիտի փոխհատուցեն վնասը: Ինչ վերաբերում է այլընտրանքային կապուղու անհրաժեշտությանը, այժմ «ԱրմենՏելն» այս առնչությամբ բանակցություններ է վարում միակ հնարավոր տարբերակի՝ Իրանի հետ: Բայց այս դեպքում ծառայությունների սակագինը կբարձրանա: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ