Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երգը կհնչի «Եվրատեսիլում»

Օգոստոս 12,2005 00:00

Բայց Հոլանդիայի «դրոշի տակ»

Եվրատեսիլում 2006-ին կհնչի հոլանդաբնակ հայ կոմպոզիտոր Դավիթ Սաթյանի երգը հոլանդուհի Կատիայի կատարմամբ: Այս մասին տեղեկացրեց հեղինակը, որն այժմ իր հանգիստն է անցկացնում հայրենիքում: Դավիթը Սաթյան տոհմի կրտսեր երաժիշտ-արվեստագետներից է:

Երեւանի պետկոնսերվատորիան ավարտելուց հետո Դավիթ Սաթյանը մեկնել է ուսումը շարունակելու (որպես կոմպոզիտոր) Մաստրիխտի կոնսերվատորիայում: Զրույցից պարզեցինք, որ Դավիթը ուսումը զուգահեռել է ստեղծագործական եւ կատարողական աշխատանքով, մասնակցել մրցույթների ու փառատոների. «Ուսանող-երաժիշտներից կազմեցի ինտերնացիոնալ ջազ-քառյակ՝ ընդգրկելով հոլանդացի, թուրք ու քուրդ երաժիշտների: Հոլանդիայում ճանաչված «Orcest van de volharding» փողային անսամբլը 2004-ին իմ ստեղծագործությամբ հանդես եկավ Ֆրանսիայում կայացած միջազգային փառատոնին: Ես՝ որպես ջազ-դաշնակահար մասնակցեցի Լեյդնի միջազգային ջազ-մրցույթին՝ շահելով լավագույն ջազ-դաշնակահար մրցանակ: Ստեղծագործում եմ ե՛ւ դասական, ե՛ւ փոփ, ե՛ւ ջազ ժանրերում: Սա Հոլանդիայում ծավալած իմ գործունեության չնչին տոկոսն է միայն»,- հայտնեց կոմպոզիտորը: Ստացվում է, որ Դ. Սաթյան կոմպոզիտորին ավելի շատ ճանաչում են Եվրոպայում, քան հայրենիքում: Հետաքրքրվեցինք՝ Եվրոպայում ինչպե՞ս է կատարվում կամ լուծվում այս կամ այն երաժշտին աջակցելու, հովանավորելու խնդիրը: Դ. Սաթյանը ասաց հետեւյալը. «Եվրոպայում՝ կոնկրետ Հոլանդիայում, երաժշտի հետ աշխատում է ոչ թե մեկ մենեջեր, այլ մենեջերական խումբ եւ, որ ամենակարեւորն է, աջակցության կամ հովանավորչական հարցերը բնականաբար տաղանդավոր երաժշտի տոկոսային բարձր հարաբերակցությամբ հոգում է ոչ թե բիզնեսմենը, այլ արդեն կայացած արվեստագետը»: Հետաքրքրությանը՝ կարելի՞ է ձեր խոսքերից հետեւություն անել, որ այնտեղ տարիքն առած կամ ասենք պրոֆեսոր երաժիշտները միլիոնատեր են: Նկատեցինք, որ Երեւանի կոնսերվատորիայի ճանաչված այս կամ այն պրոֆեսորը իրեն չի կարող թույլ տալ (նկատի ունենք ֆինանսը) նման գործունեություն ծավալելու: Երաժիշտը առանց մանրամասնելու ընդամենը մեկ օրինակ բերեց: Ըստ նրա, Տիլբուրգի կոնսերվատորիայում կոմպոզիցիայի պրոֆեսորը՝ դասավանդելով պետական բուհում, ստանում է ամսական շուրջ 10000 եվրո. «Եթե դրան գումարենք տարբեր հոնորարները, օրինակ՝ ստեղծագործության գնում, կատարում ոչ միայն իր երկրում, մասնավոր եւ վարպետության դասընթացներից ստացվող ֆինանսը եւ վերջինիս ներդնումը այս կամ այն ծավալուն նախագծերում, բնականաբար դրանից էլ է գալիս գումար, ուստի, անկասկած, նման երաժիշտը կարող է իրեն թույլ տալ մենեջերություն անել երիտասարդ արվեստագետին»: Երիտասարդ արվեստագետը հիշեց նաեւ Հոլանդիայում կոմպոզիցիայի իր դասախոսի, հայտնի կոմպոզիտոր Ջոն Սլանգենի հետեւյալ միտքը. «Ես երջանիկ եմ, որ կարող եմ դասավանդել, ժամանակ ունեմ ստեղծագործելու եւ նաեւ հանգստանալու»: Մեր զրույցի ավարտին Դ. Սաթյանը նշեց, որ ինքը «մեկ ոտքով» է եկել Հայաստան: Նաեւ ասաց, որ ինքն էլ արդեն ի վիճակի է մենեջերություն անել հայաստանցի տաղանդավոր կամ «հեռանկարային» երիտասարդ արվեստագետներին. «Այսօր չեմ բարձրաձայնի, բայց արդեն սկսել եմ նման փոքր գործընթաց»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել