Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՓՈՒՄ Է ՍԵՎԱՆԸ, ԽԵՂԴՈՒՄ Է ՍԵՎԱՆԸ

Օգոստոս 12,2005 00:00

Պատճառը ոչ միայն լճի՝ խորք քաշելու հատկությունն է, այլեւ «անպիտան» լողամիջոցները

Այսօր Սեւանա լճի շրջակայքում լողափ «աշխատացնող» 200-ից ավելի տնտեսվարող սուբյեկտ կա: Բացառությամբ 1-2 էլիտար լողափերի՝ մնացած գոտիներում հանգստացողներին հրամցվում է խորհրդային տարիներից պահպանված գույք, իրենց դարն ապրած ինքնաշեն, կարկատած, ժանգոտ ու անվտանգության կանոններին չհամապատասխանող նավակներ, ջրային հեծանիվներ ու մոտորանավակներ: Հենց այդ՝ ոչ պիտանի լողամիջոցներն էլ, ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման վարչության պետ, գնդապետ Սերգեյ Ազարյանը, Սեւանում տեղի ունեցող դժբախտ դեպքերի հիմնական պատճառն են դառնում. «Ես հաճախ եմ լինում ափամերձ տարածքներում եւ որեւէ նավակ կամ ջրային հեծանիվ չեմ տեսել, որի մեջ լինեն անվտանգության բաճկոններ կամ փրկարար օղակներ, ինչը պարտադիր է: Լողափերի մեծ մասում լողամիջոցները մաշված են ու օգտագործման համար վտանգավոր: Դրանք վաղուց տեխնիկական զննում չեն անցել, ինչը արվում էր խորհրդային տարիներին, այդ պատճառով էլ երբեմն լճում շուռ են գալիս»: Ըստ Ս. Ազարյանի, պարտադիր նախապայման է նաեւ փրկարարներ ունենալը, սակայն շատ լողափերի տերեր չեն ուզում ավելորդ գումար վատնել. «Միայն մի քանիսն են փրկարար խնդրել մեզնից»: Ուստի զարմանալի չէ Սեւանում հանգստի սեզոնին արձանագրվող ջրահեղձության դեպքերի մեծ թիվը: Միայն այս լողասեզոնին Սեւանա լճում արդեն խեղդվել է 15 մարդ:

Լողափերի տերերը մարդկանց անվտանգության հետ կապված հարցերին մատների արանքով են նայում: Մինչդեռ հովեկների հանգիստը կազմակերպելու համար նշյալ տնտեսվարողները, «Սեւան ազգային պարկի» հետ կնքած պայմանագրի համաձայն, պարտավոր են հոգալ հանգստացողների անվտանգության խնդիրը: Փոխարենը նրանք մեծ պարտաճանաչությամբ տարածք մուտք գործած յուրաքանչյուր ավտոմեքենայից 2-3 հազար դրամ են գանձում: Մի կլորիկ գումար էլ վերցնում են կիսափլված ու ներկը թափած «բեսեդկաներ», հնացած ու գունազրկված հովանոցներ, կիսաջարդ «տապչաններ» եւ այլ պարագաներ տրամադրելու համար: Ընդ որում, գանձումների դիմաց հանգստացողներին կտրոն չեն տալիս: Այսինքն՝ գործում են ստվերում: Ս. Ազարյանի խոսքերով, այսօր տնտեսվարողները պայմանագրի, մասնավորապես՝ մարդկանց անվտանգությանը վերաբերող կետը խախտելու համար ոչ մի կառույցի կողմից պատասխանատվության չեն ենթարկվում. «Նրանց վերահսկող մարմին չկա, եւ դաշտը մնում է բաց: Չկա օրենք, որ պայմանագիրը խախտելու դեպքում տնտեսվարողի գործունեությունը դադարեցվի կամ ժամանակ տրվի այդ հարցերը լուծելու»: Ըստ գնդապետի, ԱԻՎ-ն էլ իրավունք չունի նրանց դիտողություններ անել կամ ցուցումներ տալ: Փրկարարների գործը միայն նավակներով շրջելն ու լողալու համար նախատեսված սահմանը հատողներին զգուշացումներ անելն է: Պարզվում է, փրկարարների նախազգուշացումներին չենթարկվողներին ԱԻՎ-ը իրավունք չունի բռնի ափ տեղափոխել. «Մենք չենք կարող չլսողին կապենք կատեռից ու բուքսիր անելով բերենք ափ: Լինում է, որ երկու հոգու համար նախատեսված հեծանիվով լողում են յոթ հոգի, բայց զգուշացումից հետո էլ շարունակում են լողալ, իսկ մենք անզոր ենք կանխել դա»,- ասաց Ս. Ազարյանը: Ավելին, հաճախ հանգստացողները ոչ միայն փրկարարների ցուցումներին չեն ենթարկվում, այլեւ վիճաբանում են նրանց հետ:

Վերջերս Սեւանա լճում տեղի ունեցած ողբերգության պատճառը, ամենայն հավանականությամբ, կրկին «անպիտան» նավակն է եղել, եւ, ըստ պարոն Ազարյանի, դեպքի ժամանակ այն սուզվել է ջրի հատակը. «Սարքին նավակը չէր սուզվի: Երկու օրից նավակը կհանենք եւ ամեն ինչ կպարզվի»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել