Կարծում է Երջանիկ Աբգարյանը
«Հայաստանի ընդդիմությունը պատրաստ չէ հեղափոխություն անելու: Սա մենք պետք է արձանագրենք ամենայն հանգստությամբ, որովհետեւ խոսքը միայն ժամկետներ նշելն ու սարսափազդու հայտարարությունները չեն: Դրան պետք է շատ լուրջ վերաբերվենք: Հեղափոխությունը սիրում է նախադրյալներ»,- երեկ «Առավոտին» այս կարծիքը փոխանցեց «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը: Մի՞թե Հայաստանում չկան այդ նախադրյալները: «Այո»-ն կամ «ոչ»-ը մեր զրուցակցի համոզմամբ որոշվում է կշեռքի նժարներով. «Եթե դրվում են իշխանական ռեսուրս եւ հեղափոխական նախադրյալներ՝ այս պահին իշխանական ռեսուրսն ավելի ծանր է կշռում: Հատկապես, որ մեր ժողովուրդն իսկապես դուրս է եկել հեղափոխական շրջանից: Իսկ հեղափոխությունը նաեւ ռոմանտիզմ է պահանջում հասարակական շրջանակներում՝ գնալ պայքարի, հանուն որի կարելի է եւ զոհվել, եւ այլն, եւ այլն: Ներկայումս, իշխանությունների ջանքերով, բոլորս շատ իրապաշտ ենք դարձել: Մարդկանցով, ովքեր զբաղված են ամենօրյա կենցաղային հարցեր լուծելով՝ դժվար է հեղափոխություն անել»,- ասում է հեղափոխության փուլով անցած քաղաքական գործիչը: Ընդ որում, պարոն Աբգարյանը հատուկ ընդգծում է, որ «այդ մարդկանց նախապես պետք չէր զզվեցնել անկարողությամբ: Նրանք ժամանակին գնացին այս ընդդիմության ետեւից, բայց նրանց անձի պաշտպանությունը նույնիսկ պատշաճ կերպով չապահովվեց: 2004-ի ապրիլին նրանք պետք է հասկանային, որ գնում են ծեծվելու եւ` ոչ մեկ օր: Դա է ճանապարհը: 2003-ի ընտրությունների ժամանակ` մինչեւ փետրվարի 24-ը Հայաստանում իշխանություն չկար… չկարողացան օգտագործել»: Դիտարկմանը, որ իր նախանշած ընդդիմությունը ճեղքվում է եւ նոր որակներ ստանում, պարոն Աբգարյանը նկատեց, որ մեր ընդդիմությունը բավականին տարօրինակ է, քանի որ գաղափարախոսության խնդիրը մինչ օրս հստակ լուծված չէ. «Այն պետք է կուռ, տրամաբանական լինի, այնպես որ, որեւէ կետի մասին խոսելիս մոռանաս, թե 20 էջ առաջ ինչ ես գրել: Իրենք պետք է հասկանան՝ ինչ են ուզում եւ ուր են գնում, ոչ թե հայտարարեն, թե մենք գիտենք՝ երբ, ոնց…»:
Մեր զրուցակցի համար հասկանալի է, թե ինչու ընդդիմությունն այսօր դրոշակ չի դարձնում այն փաստը, որ իշխանությունը հակասոցիալական քաղաքականություն է վարում. «Երիտասարդներին գործատու-օլիգարխները 17-18 ժամ աշխատեցնում են, 5-6 ժամի դիմաց են վճարում: Տուգանային սիստեմն են կիրառում՝ պատճառներ են բռնում աշխատավարձերը կրճատելու, անգամ չվճարելու: Մարդկանց ընդունում են երկու ամիս իբր փորձաշրջանով, հետո ասում՝ բարի ճանապարհ, որ չվճարեն: Սա այլանդակ շահագործում է: Սոցիալիստական դաշնակցությունը ինչո՞ւ բերան չի բացում»:
Այն, որ սահմանադրական հանրաքվեն կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարող են դառնալ հեղափոխության նախադրյալ, պարոն Աբգարյանը այնքան էլ հավանական չի համարում, բայց «տա Աստված» ասելով՝ հույսը չի կորցնում:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին՝ «Ես կարծում եմ՝ կընդունեցնեն»: Նկատենք, որ ՀՀՇ-ի եւ «Արմատի» անդամների վաղօրոք արտահայտած կարծիքներով, որպեսզի այդ փոփոխություններն ընդունվեն` 650 հազար «կողմ» ձայներ պետք է կեղծվեն: «Միգուցե ես իշխանությունների պրագմատիկությունը ներկայիս ցինիկության հիմքի վրա մի քիչ ավելի բարձր եմ գնահատում, բայց նրանք կարող են 2 մլն ձայն էլ կեղծել»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ