Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՁԳՏՈՒՄ, ՉԿԱ՝ ԿԱՄՔ»

Օգոստոս 12,2005 00:00

Այս կարծիքին է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում իրենց համար մի նոր կարգախոս են հնարել այն մասին, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ չկա, որ մենք՝ հայերս, լավ էլ ապրում ենք, եւ այլեւս մեզ մոտ չի լինի այն, ինչ եղավ Վրաստանում, Ուկրաինայում կամ Ղրղըզստանում, որ հայաստանյան իրավիճակի եւ այդ երկրներում նախահեղափոխական իրավիճակների միջեւ սար ու ձորի տարբերություն կա: Դուք համաձա՞յն եք այս գնահատականներին:

– Ես կարծում եմ՝ հակառակը, Հայաստանում այսօրվա իրավիճակը բավականին նման է Ուկրաինայի եւ Վրաստանի մինչհեղափոխական իրավիճակին, բայց նաեւ կան էական տարբերություններ: Ուկրաինայում եւ Վրաստանում կար ձգտում եւ կամք՝ իրականությունը փոխելու, իսկ մեր հանրապետությունում կա ձգտում, չկա՝ կամք: Պատճառն այն է, որ հեղափոխական կարգախոսները պետք է ծնվեն հեղափոխության ընթացքում եւ ոչ թե հեղափոխությունից առաջ: Մերոնք սկզբից հայտարարում են կարգախոսներ, լոզունգներ, սկսում են ծառայել իրենց հայտարարած լոզունգներին՝ առանց որեւէ կոնկրետ գործողության: Ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ շուտով կգա տաք ամառը, հետո հայտարարում էին, թե ամեն ինչ կլուծվի ցուրտ ձմռանը, այնուհետեւ խոսում էին թեժ աշնան մասին. այս բոլոր հայտարարությունները մարդկանց մեջ սկզբում հույս էին արթնացնում, ինչ-որ պահի մարդիկ կարծես հավատում եւ սպասում էին, իսկ այսօր այդ հայտարարությունները վերածվել են հումորի: Եթե չեմ սխալվում, բոլորը սրճարաններում այդ թեմաներով են կատակում եւ անեկդոտներ պատմում:

– Դատելով ձեր կտրուկ գնահատականներից՝ կարելի է փաստել, որ դուք այսօրվա ընդդիմությունից սպասելիք չունեք: Մեր թերթին տված հարցազրույցում Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ իշխանափոխությունը կլինի, այս ընդդիմությունը չանի՝ կանի մեկ այլ, նոր ծնված ուժ: Դուք ե՞ւս մտածում եք, որ ինչ որ անի, նոր ուժը կանի, եթե այո՝ ո՞ր ուժի մասին է խոսքը:

– Ինչքան ինձ հայտնի է վերջին երկու-երեք հարյուր տարվա պատմությունից, նույն քաղաքական ուժին երկու կամ երեք հնարավորություն չի տրվում, այն տրվում է մեկ անգամ, եւ դա պետք էր կարգին օգտագործել: Մեկ անգամ այս ընդդիմությանը տրվել էր հնարավորություն՝ օրինական ճանապարհով վերցնել իշխանությունը, նրանք այդ հնարավորությունը կորցրին, ձեռքից բաց թողեցին, ժողովուրդը գնաց նրանց ետեւից, գնաց մինչեւ վերջ: Ընդդիմությունը, սակայն, չկարողացավ տնօրինել իրեն ընձեռված հնարավորությունը, եւ բնական է, որ այդ հնարավորությունը այլեւս նրանք չունեն: Ես չեմ ուզում հայհոյած լինել ընդդիմությանը եւ չեմ ուզում ասել, որ նրանք ոչնչի ունակ չեն: Նրանք ունակ են այնքան, որքան որ ունակ են, այսօր արդեն երեք տարի զբաղեցնում են ընդդիմության դաշտը, եւ գոնե ասվում է, որ մենք ունենք ընդդիմություն ասվածը՝ որպես ուժ: Բայց որ նրանք կարող են իշխանափոխություն իրականացնել, չեմ կարծում: Հեղափոխություն բառից ես խուսափում եմ, խուսափում եմ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական իմաստով: Հեղափոխությունը պայմանական հասկացություն է: Չի կարելի ասել, որ Ուկրաինայում տեղի է ունեցել հեղափոխություն. Ուկրաինայում տեղի են ունեցել ընտրություններ, եւ հաղթել է թեկնածուներից մեկը, որը իր ետեւից կարողացել է հրապարակ հանել մարդկանց ու ապացուցել իր հաղթանակը: Նույնը տեղի է ունեցել Վրաստանում, սակայն այստեղ մի փոքր ավելի հեղափոխական էր, քանի որ նրանք մտան Ազգային ժողով: Իսկ Ուկրաինայում նման բան տեղի չունեցավ, շատ օրինական ճանապարհով մարդիկ իրենց գործն արեցին եւ այսօր կարողանում են իրականացնել իրենց կարգախոսները, ծրագրերը: Իսկ մերոնք չկարողացան, եւ չկարողացան ոչ թե՝ որ չէին ցանկանում, այլ՝ գուցե այն պատճառով, որ չունեին քաղաքական պայքարի փորձ: Որովհետեւ քաղաքականության մեջ չեն մտնում դեպքերի բերումով: Չեմ ուզում ասել՝ ո՞ր մեկը, ո՞ր դեպքի բերումով: Քաղաքականությունը նույնպես աշխատանք է, մասնագիտություն, որով երկար տարիներ պետք է զբաղվես՝ հաջողության հասնելու համար:

– Դուք, փաստորեն, եւս մտածում եք, որ նոր ուժը միայն կկարողանա ինչ-որ բան փոխել:

– Կարծում եմ՝ անպայման կստեղծվի նոր ուժ, բայց դա ե՞րբ կլինի՝ չեմ կարող ասել, բայց որ այսօրվա ընդդիմությունն արդեն չի կարողանա արդյունքի հասնել՝ միանշանակ է: Բոլոր դեպքերում ես որեւէ հույս չեմ փայփայում մինչեւ 2008 թվականը: Կլինեն ընտրություններ, կստեղծվի համապատասխան իրավիճակ, եւ այդ իրավիճակում եթե շարունակեն ընդդիմության դաշտը զոռով իրենց ձեռքում պահել՝ թույլ չտալով նոր ուժերի առաջ գալը, գուցե ոչ մի փոփոխություն չլինի:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել