Լրահոս
Օրվա լրահոսը

Պիտեր Բրիները «փափկացնում» է

Օգոստոս 12,2005 00:00

«Շվեյցարիայի Սենատի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Պիտեր Բրիներին վերագրվող կտրուկ հայտարարությունը, որն առնչվում է Շվեյցարիայի Սենատի լիագումար նստաշրջանի օրակարգից Հայոց ցեղասպանության հարցի հանմանը, աղավաղվել եւ ճիշտ չի մեկնաբանվել»,- երեկ այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Պիտեր Բրիները:

Հիշեցնենք, որ ընթացիկ շաբաթվա սկզբից մի շարք թուրքական լրատվամիջոցներ, ինչպես նաեւ Swissinfo-ն, վկայակոչելով Շվեյցարիայի Սենատի կոմիտեի ղեկավարին, տարածել են տեղեկատվություն, որում նա իբր հայտարարել է, թե «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները երբեք Շվեյցարիայի Սենատում քննարկումների առարկա չեն լինի: Երրորդ երկրները չպետք է միջամտեն եւ հանդիմանեն Թուրքիային 90-ամյա վաղեմության վիճարկելի իրադարձությունների համար, եւ որ կոմիտեն դրանով իսկ համաձայնել է կառավարության այն որոշմանը, որ խորհրդարանի իրավասության մեջ չի մտնում 1915 թ. իրադարձությունների քննարկման եւ դրանք որպես ցեղասպանություն որակելու հարցը»:

Ըստ Պիտեր Բրիների, ինքը շատ է ափսոսում, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ների կողմից: Միաժամանակ իրավիճակը կախված է մի շարք ընթացակարգային հարցերից, նշել է պատգամավորը: Նա ընդգծել է, որ այն ժամանակ, երբ Շվեյցարիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով հանրագիր է ուղարկել, տվյալ հարցը գտնվել է նստաշրջանի օրակարգից դուրս, եւ այն ներառելու համար անհրաժեշտ էր փոխել վերջինիս կանոնակարգը: «Սակայն իմ հայտարարությունը ոչ մի կերպ չի վերաբերել Շվեյցարիայի Սենատում տվյալ հարցի հետագա լոբբինգին»,- նշել է նա: Խոսելով տվյալ հարցի առնչությամբ Շվեյցարիայի խորհրդարանի քաղաքականության մասին՝ Պիտեր Բրիներն ավելացրել է, որ կառավարությունը, ինչպես եւ կոմիտեն, հակված են Թուրքիայի եւ Հայաստանի կողմից երկու երկրների պատմաբան գիտնականների ներգրավմամբ, անցյալի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրությունների անհրաժեշտության վերաբերյալ կարծիքին:

a

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել