Լրահոս
Օրվա լրահոսը

1000-ԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԻ «ՍԵՐՎԻՍ»

Օգոստոս 11,2005 00:00

1000-ԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԻ «ՍԵՐՎԻՍ» Բարմենների հայկական ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի գծով մենեջեր Վահագն Բաբայանը այսօր հրատապ է համարում սպասարկման ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու հարցը։ Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնական տվյալների՝ հանրապետությունում գործում է 1742 ռեստորան, 423 բացօթյա սրճարան, 54 բար եւ գիշերային ակումբ։ Այդ օբյեկտներից 1406-ը հայտարարագրված է մայրաքաղաքում, որից 997-ը ռեստորան է, 277-ը՝ բացօթյա սրճարան, 44-ը՝ բար եւ գիշերային ակումբներ։ Ակնհայտ է, որ վերոնշյալ օբյեկտները չունեն պրոֆեսիոնալ բարմեններ, մատուցողներ, քանի որ Հայաստանում չկան համապատասխան ուսումնական հաստատություններ՝ հիշյալ մասնագետներ պատրաստելու համար։ Այս մտքին համակարծիք է Վ. Բաբայանը։ Նա հավաստիացրեց, որ աշնանը կսկսեն գործել նման հաստատություններ. «Դասընթացները կկազմակերպվեն միջազգային չափանիշներին համապատասխան»: Մենեջերը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 19-24-ը Հելսինկիում կանցկացվի Բարմենների միջազգային ասոցիացիայի 54-րդ համագումարը. «Մեր պատվիրակությունը երրորդ անգամ կմասնակցի համագումարի աշխատանքներին եւ տեղեկատվություն ունենք, որ համագումարում լսվելու է միջազգային ասոցիացիային մեր անդամակցության հարցը» (միջազգային ասոցիացիային անդամագրվելու առաջին պայմանն այն է, որ տվյալ երկրի ասոցիացիան նախ երեք տարի պետք է լինի դիտորդ, ապա ունենա 50 հոգուց ոչ պակաս անդամ.- Ս. Դ.)։ Իսկ հայկական ասոցիացիան ունի մոտ 100 անդամ եւ 2003-ից այն պարբերաբար անցկացնում է մասնագիտական մրցույթներ: «Առավոտի» հետաքրքրությանը, թե ասոցիացիան ունի՞ հովանավորներ, աջակցողներ, 2002-ին հիմնադրված ասոցիացիայի մենեջերը հայտնեց, որ նրանց թիվը մեծ չէ. «Այստեղ պատճառահետեւանքային կապ կա. գործարարները չպատկերացնելով մեր աշխատանքի լրջությունը, բարմենին տեսնում են միայն սուրճ եփողի եւ հյութ լցնողի դերում։ Ժողովրդի մեջ էլ է ձեւավորվել այս ստերեոտիպը։ Դրանից ելնելով՝ աջակցողներն էլ են մեկ աչքով նայում բարմենի աշխատանքին։ Չնայած դրան՝ մենք չենք ընկճվում, 2003-ից անցկացնում ենք բարմենների մրցույթներ, օգոստոսի 15-ից «Նոր ալիք» TV-ով կսկսվի հաղորդաշար, որը հավուր պատշաճի կներկայացնի բարմենի աշխատանքը։ Մեր ասոցիացիայի անդամները կպատմեն ալկոհոլային խմիչքների, դրանց արտադրության, ինչպես նաեւ կտեղեկացնեն կոկտեյլների ճիշտ պատրաստման ու մատուցման մասին, մի խոսքով՝ շուտով մեր ազգաբնակչությունն էլ հաղորդակից կդառնա սպասարկման ոլորտի ճիշտ կուլտուրային»։ Շարունակելով իր խոսքը՝ Վ. Բաբայանը տեղեկացրեց նաեւ, որ 2006-ին հայ բարմենները կմասնակցեն Հունաստանում կայանալիք բարմենների միջազգային մրցույթին. «Հայաստանը 50-րդ երկիրն է, որը մուտք կգործի միջազգային ասոցիացիա»։ Մեր դիտարկմանը՝ միջազգային մրցույթների մեկնող արվեստագետները եւ այլ ոլորտի մասնագետները հաճախ դժգոհում են Հայաստանում գործող այս կամ այն երկրի, մասնավորապես՝ ամերիկյան դեսպանատնից։ Մենեջերը իր գոհունակությունը հայտնեց մեր երկրում գործող եվրոպական երկրների դեսպանատներից։ Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան «աշխատաոճին», նշեց, որ 2004-ին դեսպանատունը իրենց մերժել է, ինչի արդյունքում իրենք հնարավորություն չեն ունեցել մասնակցելու ԱՄՆ-ում կայացած Բարմենների 53-րդ համագումարին։ Հանդիպման ավարտին Վ. Բաբայանը հույս հայտնեց, որ իրենց ասոցիացիայի աշխատանքների արդյունքում կգա ժամանակ, երբ հայերն էլ կտեղեկանան, որ քաղաքակիրթ երկրների բարերում ու ռեստորաններում, բացի բարմենից եւ մատուցողից, կան նաեւ այլ մասնագետներ, որոնք ամբողջացնում են բարմենի աշխատանքը։ Օրինակ՝ սոմելյեն գինիների գիտակ է, որը ուտեստների հետ առաջարկում է համապատասխան ոգելից խմիչք, իսկ բարիստան սուրճի ու թեյի մասնագետն է: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել