Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ՀԺԿ-ականը շարունակում է բողոքել

Օգոստոս 11,2005 00:00

Նախկին ՀԺԿ-ականը շարունակում է բողոքել Գրիշա Վիրաբյանը արմատական դիրքերից քննադատում է «Արդարություն» դաշինքին ՀԺԿ նախկին անդամ, այժմ անկուսակցական, բայց այսօր էլ իրեն քաղաքականապես ակտիվ քաղաքացի համարող Գրիշա Վիրաբյանը երեկ դժգոհություն հայտնեց, որ Հայաստանում ինչ-ինչ ուժեր եւ անհատներ փոխանակ կանգնելու հեղափոխության ճանապարհով երկրում վիճակը շտկելու պատրաստ ուժերի, կոնկրետ դեպքում՝ «Հանրապետություն» կուսակցության կողքին, փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ եւ պառակտել այդ կուսակցությունը՝ մամուլում քննարկման առարկա դարձնելով նրա նախկին նախագահ Ալբերտ Բազեյանի եւ կուսակցության հարաբերությունների հարցը: Գ. Վիրաբյանի ասելով, այսօր ընդդիմադիր դաշտում միակ կուսակցությունը, որը ոչ միայն հայտարարություններով, այլեւ իրապես պատրաստ է կանգնել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովրդի տված ձայների թիկունքում եւ վճռական քայլերի դիմել՝ «Հանրապետություն» կուսակցությունն է: «Վճռական քայլեր» ասելով Գ. Վիրաբյանը նկատի ուներ երկրում հեղափոխություն անելը, իսկ սահմանադրական ճանապարհը նրա համար ընդունելի չէ. «Այդպես ոչ մի բանի հասնել հնարավոր չէ»: Գ. Վիրաբյանն ասաց նաեւ, թե ինքը, որպես ակտիվ քաղաքացի, կողմ չէ, որ «Արդարություն» դաշինքը սահմանադրական փոփոխությունները քննարկելու համար գնա խորհրդարան. «Սահմանադրական փոփոխությունները միայն ժամանակ շահելու համար են: Իշխանություններն այնքան կոպտորեն են խախտել այսօր գործող Սահմանադրությունը, որ նրանք սահմանադրական փոփոխություններ անելու իրավունք չունեն»: Նախկին ՀԺԿ-ականը անդրադարձավ նաեւ ԱԺԿ նախագահ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանի արած մի հայտարարությանը, որը հետեւել էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, իբր, արած եւ իր իսկ կողմից հերքված հայտարարությանը՝ պատգամավորական մանդատները վայր դնելու մասին: Գ. Վիրաբյանը վստահ էր, որ այդ արտահայտության մեջ դավադրություն կար «Հանրապետություն» կուսակցության եւ նրա առաջնորդի դեմ, «որովհետեւ այսօր իշխանությունները ձեռքները ծալած չեն նստում եւ ուզում են մեկուսացնել «Հանրապետություն» կուսակցության նախագահին»: Պրն Վիրաբյանի ասելով, ինքը, որ եղել է ՀԺԿ անդամ եւ լավ գիտի այդ կուսակցությունը, վստահ է, որ «ՀԺԿ-ն կանխատեսելի կուսակցություն է եւ, լինելով դաշինքի հեգեմոն, իր կանխատեսելիությունը փոխանցում է նաեւ «Արդարությանը»: Իշխանությունները լավ են հասկանում, որ այդ կարգի առաջնորդներն իրենց պահվածքով երբեք արմատական քայլերի չեն գնա: Ավելին, այդ կարգի առաջնորդներին դեռ օգնել է պետք փշալարերն անցնելու համար: Այս իմաստով, կարծում եմ, բնական էր, որ դաշինքն իր այսօրվա առաջնորդով 2004-ի ապրիլի 12-ին արմատական փոփոխություններ չէր կարող իրականացնել»,- ասաց Գ. Վիրաբյանը՝ հավելելով, թե ինքը կողմ է, որ «Հանրապետություն» կուսակցությունն ազատվի այդ բալաստից՝ «Արդարություն» դաշինքից: Ըստ նրա, դաշինքի որոշ կուսակցությունների առաջնորդներ որոշակի պարտավորություններ ունեն իշխանությունների առջեւ եւ կաշկանդված են իրենց գործողություններում: Գ. Վիրաբյանը թեեւ չցանկացավ, իր ասելով, «փակագծեր բացել», բայց հավելեց, որ «այդ առաջնորդներին այսօր ձեռնտու չէ ակտիվ քաղաքականություն վարել, որովհետեւ այդ դեպքում ինքնաբերաբար կառաջանան նոր առաջնորդներ, իսկ որոշ մարդիկ հույսները դրել են միայն իրենց խարիզմատիկ կերպարի վրա եւ ակնկալում են ընտրություններում շատ ձայներ հավաքել: Իշխանությունները նաեւ հասկանում են, որ դաշինքը խոչընդոտում է ընդդիմադիր դաշտում նոր ձեւաչափերով միավորումների առաջացմանը եւ իրենք են փորձում պահպանել դաշինքը եւ պառակտել «Հանրապետություն» կուսակցությունը»: Գ. Վիրաբյանը միաժամանակ հույս հայտնեց, որ իրականում բանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չի էլ հասնի, եւ Հայաստանում մինչ այդ արդեն արմատական փոփոխություններ կլինեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել