Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է»

Օգոստոս 11,2005 00:00

«ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է» Ասում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը – Պարոն Թորոսյան, ըստ էության, խորհրդարանը դատարկ է, եւ, թերեւս, միայն դուք եք շարունակում գալ աշխատանքի, մինչդեռ այնքան էլ երկար ժամանակ չի մնացել մինչեւ ԱԺ արտահերթը, որի ժամանակ կքննարկվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Սակայն ովքե՞ր են աշխատում դրա վրա, հաշվի առնելով Վենետիկի մասնագիտական հանձնախմբի առաջարկները: – Աշխատում են բոլոր նրանք, ովքեր դեռեւս որոշակի ասելիք ունեն եւ ինչ-ինչ առաջարկություններ կներկայացնեն: Իրավիճակը կարելի է բնութագրել հետեւյալ ձեւով. նախագիծը բավարարում է եվրոպական չափանիշներին, սակայն ցանկացած փաստաթուղթ միշտ էլ կարելի է ինչ-որ չափով բարելավել: Քանի որ դեռեւս երկու շաբաթից մի փոքր ավելի ժամանակ կա, կարծում եմ՝ նրանք, ովքեր ցանկություն ունեն բարելավելու նախագիծը, դեռեւս կաշխատեն: Բայց մեկ բան ակնհայտ է, որ օգոստոսի 29-ից գոնե մեկ շաբաթ առաջ պետք է վերջակետ դրվի, նախագիծը պատրաստվի երկրորդ ընթերցման: – Նախագիծը երկրորդ ընթերցման նախապատրաստելու ընթացքում որքանո՞վ են հաշվի առնվելու Վենետիկի հանձնախմբի առաջարկությունները: – Ըստ էության, մեկ առաջարկություն կա, որը վերաբերում է կառավարության կառուցվածքին, այն, ըստ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, պետք է սահմանվի օրենքով: Սա ընդհանուր մոտեցում է, կարծում եմ՝ ճիշտ կլինի մենք եւս արձանագրենք, որ կառավարության կառուցվածքը սահմանվում է օրենքով: Հաջորդ հարցը, որի հետ կապված հանձնաժողովը առաջարկություն ունի, վերաբերում է, այսպես կոչված՝ կառուցողական անվստահությանը: Իրենց ձեւակերպումը հետեւյալն է՝ միգուցե օգտակար կլիներ այդ մեխանիզմի օգտագործումը: Ասեմ, որ այս մեխանիզմը հիմնական գծերով կա նախագծում: Ի՞նչ է նշանակում կառուցողական անվստահություն. սա նշանակում է, որ խորհրդարանը միշտ էլ կարող է անվստահություն ներկայացնել կառավարությանը, սակայն անվստահության որոշումը ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ ձեւավորվում է հաջորդ կառավարությունը: Նպատակն այն է, որ չստեղծվի մի իրավիճակ, երբ մի կառավարությունը գնացել է, բայց մյուսը դեռեւս չկա: Ի տարբերություն գործող Սահմանադրության, նախագիծն արձանագրում է, որ յուրաքանչյուր կառավարություն, անգամ, երբ հրաժարական է ներկայացրել կամ իրեն անվստահություն է հայտնվել, իր լիազորությունները վայր է դնում միայն նոր կառավարության ձեւավորումից հետո, այսինքն՝ շարունակականությունն ապահովված է: Կարծում եմ, կարելի է մտածել կառուցողական անվստահության մեխանիզմն ավելի ամրապնդելու ուղղությամբ, այդ նպատակով կարելի է երկու արձանագրում անել: Մեկը այն է, որ, եթե խորհրդարանը անվստահություն է հայտնում կառավարությանը, ապա նոր կառավարության ձեւավորման համար գործում է ոչ թե երկաստիճան համակարգը, այլ՝ գուցե մեկաստիճան համակարգը: Այսինքն՝ խորհրդարանը կունենա ընդամենը մեկ հնարավորություն, երբ անվստահություն է հայտնել կառավարությունը ձեւավորելու համար: Հաջորդն այն է, որ նախագիծը չի նախատեսում այնպիսի դեպք, երբ խորհրդարանում մեծամասնություն չի լինի կառավարության ձեւավորման համար: Շատ ավելի ճիշտ կլինի հստակ արձանագրել, թե ի՞նչ պիտի արվի այդ ժամանակ: – Հմայակ Հովհաննիսյանը օրերս հայտարարեց, որ սահմանադրության փոփոխություններով ուժեղանում է վարչապետի ինստիտուտը, եւ հակառակը՝ արձանագրվում է, որ նախագահի ինստիտուտը ինչպես չէր գործում, այնպես էլ շարունակելու է անգործ մնալ, եւ որ օլիգարխները վերջնականապես տեր ու տիրական են դառնալու եւ իրենք-իրենցով վարչապետ են նշանակելու: Դուք համաձա՞յն եք այս գնահատականին: – Ցավալի է, որ նման փաստաթղթի շուրջ այդպիսի ոչ հիմնավոր մեկնաբանություններ են արվում: Բազմիցս ասվել է, որ նախագծի նպատակը ոչ թե որեւէ կառույցի ուժեղացնելն է կամ թուլացնելը, այլ՝ ներդաշնակ զսպումների եւ հակակշիռների համակարգի ստեղծումը: Սա է հիմնական խնդիրը, եւ այս նախագիծը պետք է գնահատել այս տեսակետից: Հաշվի առնելով, որ գործող Սահմանադրությունը զգալիորեն թեքված է դեպի նախագահական լիազորություններ, իհարկե, վարչապետի եւ կառավարության դիրքերը փոփոխություններով ամրապնդվում են, եւ մեծանում են նաեւ խորհրդարանի լիազորությունները: Կարծում եմ, նման տեղաշարժը բնական է, քանի որ, ի վերջո, կառավարությունը չի կարող գոյություն ունենալ վերացականորեն: Փաստորեն, 1999-ի ընտրություններից ի վեր խորհրդարանն է ձեւավորում կառավարությունը, խորհրդարանն է առաջարկում վարչապետի թեկնածություն, եւ կառավարության ու վարչապետի կայունությունը պատահական չէ: Պատահական չէ, որ քաղաքական առաջադրման արդյունքում կառավարությունը գլխավորող Անդրանիկ Մարգարյանը «ամենաերկարակյաց» (եթե կարելի է այդպես ասել) վարչապետն է Հայաստանի անկախության շրջանում: – Եթե ընդդիմությունը որոշի չմասնակցել օգոստոսի 29-ի արտահերթին, ի՞նչ եք անելու իշխանության ներկայացուցիչներով: – Մեկ անգամ չէ, որ առիթ է եղել ասելու, որ ընդդիմությունը ճիշտ չի լինի, եթե իրեն դուրս դնի երկրի համար կարեւորագույն քաղաքական գործընթացներից: Ընդդիմությունը կարող է դեմ լինել, չհամաձայնել այս կամ այն հարցում, բայց չմասնակցել գործընթացներին՝ անհեթեթություն է, նման բան չի լինում քիչ թե շատ նորմալ քաղաքական համակարգ ունեցող երկրում: Կարծում եմ, ընդդիմությունը իրեն վատ վիճակում կդնի, եթե որոշի չմասնակցել այս գործընթացին, ես շատ կափսոսամ, եթե նման քայլ արվի: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել