Միայն իրավաբանականում հնարավոր է մեկ միավորի բարձրացում՝ անցյալ տարվա համեմատ
Երեկ հերթական ճեպազրույցից առաջ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը հաշվիչ կենտրոնից հետաքրքրվել էր, թե ինչպես է շարունակում քննություն հանձնել Թեհմինե Սերգոյի Երիցյանը՝ Տավուշի մարզից: Արդեն գրել ենք, որ հետաքրքիր զուգադիպությամբ դիմորդի ազգանունն ու հայրանունը համընկնում է նախարարի անվան եւ ազգանվան հետ: Եվ նախարարը թեեւ ասաց, որ չի պատրաստվում որեւէ կերպ օգնել աղջկան, սակայն երկրպագում է նրան ու ցանկանում հաջողություններ: Թեհմինեն առայժմ 13 եւ 10 միավորներ է վաստակել:
Ս. Երիցյանը երեկ ներկայացրեց իր վերլուծությունները՝ կապված մարզերի դիմորդների առաջադիմության հետ: Պարզվում է՝ Երեւանն իր առաջադիմությամբ ամենեւին էլ առաջին տեղում չէ: Այդ առումով (նաեւ՝ մասնակցությամբ) այս տարի աչքի է ընկնում Կոտայքի մարզը: Երկրորդ տեղում է Արմավիրը, ապա՝ Արարատը: Վերլուծությունը ներկայացվեց նույնիսկ ըստ առարկաների: Այսպես՝ անգլերեն բանավորից առաջին տեղում է Արմավիրի մարզը, աշխարհագրությունից 1-ին 3 տեղերում են համապատասխանաբար Արագածոտնը, Շիրակը, Կոտայքը: Մաթեմատիկայից՝ Կոտայք, Երեւան, Արմավիր, հայոց պատմությունից՝ Վայոց ձոր, Արմավիր, Շիրակ, քիմիայից՝ Սյունիք, Արագածոտն, Շիրակ, ֆիզիկայից՝ Լոռի, Շիրակ, Կոտայք եւ այլն: «Ամենածույլ» մարզը Գեղարքունիքն է. նախարարը համոզված է, որ այս մարզի լավագույնները դիմել են հենց Գավառի համալսարան, այդ պատճառով էլ մայրաքաղաքում պատկերն այդպիսին է:
Երեկ նախարարը նորից շեշտեց, որ այս տարի ակնհայտորեն իջել է կրթական մակարդակը: Դրա ապացույցներից մեկը մաթեմատիկայի 40-47 տոկոս անբավարար գնահատականներն են (ի դեպ, երեկ մեզ հետ զրույցում մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովի նախագահը պնդում էր, որ բացասական միավորները 15 տոկոս են կազմում): Բացարձակ 20 միավոր շարունակում է չգրանցվել կենսաբանությունից, գերմաներեն, իտալերեն եւ հայերեն բանավորներից, ընդհանուր եւ հայոց պատմությունից, աշխարհագրությունից եւ ստեղծագործական մրցույթից: Ծնողների մտավախությունը, թե քննական մարաթոնի ավարտին 20-ների առատություն կնկատվի, չարդարացավ. հակառակը, ի տարբերություն անցյալ տարիների, այս տարի քննական վերջին օրերին նկատվում է գնահատականների նվազեցում: Իսկ բացականերից միայն 1 տոկոսն է հաղթահարել 18-20-ի սահմանը:
Նախարարը մրցույթի մասին մոտավոր պատկեր խուսափեց ներկայացնել, քանի որ եկող մեկ շաբաթը կարող է որոշ մասնագիտությունների դեպքում լուրջ փոփոխություններ մտցնել: Միայն նշեց, որ իրավագիտության պարագայում հնարավոր է մրցութային միավորի բարձրացում: Մնացած մասնագիտություններից լարվածություն չի ակնկալվում, նույնիսկ հնարավոր է մոտ 1 միավորի իջեցում:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ