Լրահոս
Օրվա լրահոսը

Արձակուրդից չեկած՝ թանկացրեց

Օգոստոս 11,2005 00:00

Երեկ մայրաքաղաքի մի շարք միկրոավտոբուսների երթուղային գծերի վարորդներ ուղեվարձը գանձում էին 130 դրամ, ինչը ուղեւորների շրջանում դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել:

Շատ ուղեւորներ, անկախ միկրոավտոբուսի մի քանի կողմերում փակցված «ուղեվարձը 130 դրամ» ցուցանակից, վճարում էին 100 դրամ՝ դժգոհելով, որ գնի բարձրացումը անակնկալ է եւ պաշտոնապես այդ մասին չի հայտարարվել: Շատ դեպքերում վարորդները չէին էլ ընդդիմանում, քանի որ իրենք էլ հստակ չգիտեին՝ ինչպես հիմնավորեն ու բացատրեն թանկացումը: Բացի այդ, մանրը վերադարձնելու խնդիրն էլ կար: Հավանաբար այսուհետեւ վարորդները ստիպված պետք է լինեն լուցկի, 10 դրամանոց ծամոն, հատով կոնֆետ պահել՝ խանութների վաճառողների պես մանրի փոխարեն ուղեւորներին տալու համար: Էլ չասենք, որ ամեն ուղեւորի համար վարորդը ստիպված է լինելու երկար-բարակ հաշվել 100, 10, 20 եւ այլ դրամները՝ վճարը ստանալու կամ վերադարձնելու համար, ինչն ավելորդ ժամանակի վատնում է եւ գլխացավանք: Գուցե կռիվներից ու բացատրություններից խուսափելու համար մի շարք երթուղագծերում դեռ թանկացում չէին արել. սպասում են ժողովուրդը դրան վարժվի՝ մյուս վարորդների «կյանքն ուտելով», հետո իրենք «փափուկ անցում կկատարեն» նոր գներին:

Քաղաքապետարանից հայտնեցին, որ ուղեվարձի 30 % թանկացումը կատարվել է քաղաքապետ Երվանդ Զախարյանի օգոստոսի 8-ի 1728-Ա որոշմամբ: Հիշեցնենք, որ վերջերս քաղաքապետը ուղեվարձի բարձրացման մասին ակնարկներ արել էր, նշելով, որ «եթե տնտեսվարող սուբյեկտները սակագնի բարձրացման համար դիմեն՝ չենք մերժի»: Բացի այդ, նա թանկացումը հիմնավորել էր կիսադատարկ ավտոբուսների համար ուղեւորներ ապահովելու անհրաժեշտությամբ: Թեեւ վերջերս որոշ երթուղագծեր համալրվեցին նոր ավտոբուսներով, սակայն դրանք դեռեւս բավարար չեն միկրոավտոբուսներին փոխարինելու համար: Թանկացած երթուղագծերի մեծ մասը համալրված չէ ավտոբուսներով, հետեւաբար ուղեւորը, այսպես թե այնպես, ստիպված է օգտվել միկրոավտոբուսից: Ամեն դեպքում քաղաքապետի որոշումը անակնկալ էր, քանի որ նա, ըստ իր օգնական Էդմոն Զարգարյանի, այժմ արձակուրդում է, իսկ ուղեվարձի թանկացումը սպասվում էր արձակուրդից հետո:

Մեր տեղեկություններով, վարորդների՝ 130-ի փոխարեն 100 դրամ գանձելու «հանդուրժողականությունը» նաեւ պայմանավորված է նրանով, որ առայժմ գծի տերերը օրական «պլանը» չեն բարձրացրել: Ի դեպ, չնայած նրան, որ թիվ 105 երթուղու մրցույթը նախատեսված է օգոստոսի 25-ին, սակայն այս երթուղին եւս թանկացածների շարքում է: Գոնե ձեւական կողմը չեն պահպանել՝ մրցույթը դեռ չկայացած սակագինը բարձրացրել են:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել