Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԴԱՏԱՐԱՆԸ ԼԱՎ ՀԱՐԵՎԱՆԻՑ ՎԱՏՆ Է

Օգոստոս 11,2005 00:00

Էջմիածինցի Կարեն Դավթյանից քաղաքային դատարանը խլել է 118,3 քմ տարածք

Նախկինում ոստիկանության եւ դատարանի շենքերի հարեւանությամբ տեղակայված տներն ավելի բարձր էին գնահատվում՝ անվտանգության երաշխիքն էր մեծ: Իսկ խմբագրություն այցելած բողոքարկուն, որը շուրջ 40 տարի ապրել է դատարանի հարեւանությամբ՝ տուժել է հենց այդ «հարեւանից»:

Էջմիածնի Կամոյի 13 հասցեի տունն իր հողամասով Կարեն Դավթյանը ժառանգել է ծնողներից եւ 1961-ին հին տան տեղում կառուցել նորը: Սակայն խնդիրը տունը չէ, այլ հողամասը, ինչի հարեւանությամբ 1968-ին կառուցվել եւ շահագործման է հանձնվել քաղաքի դատարանի շենքը: Քաղաքացու եւ դատարանի շինությունն իրարից բաժանող մետաղալարե ցանկապատը մի քանի տարի անց, երկուստեք համաձայնությամբ, Կ. Դավթյանը վերափոխել է քարե պարսպի: Այս մասին կան գրավոր վկայություններ նույն դատարանի նախկին աշխատակիցներից, հարեւաններից: Պատի երկայնքով քաղաքացին կառուցել է հանգստի տաղավար, լողավազան, տնկել հազվագյուտ տեսակի ծառեր ու թփեր, եւ մինչեւ անցյալ տարվա ձմեռն ապրել առանց «հարեւանի» հետ խնդիրների: «Անցյալ տարվա մարտ ամսին դատարանից եկան- ասացին, թե կառավարության որոշմամբ շենքը վերակառուցելու ծրագիր կա եւ պետք է 22,75 մետր երկարությամբ ու 5,2 մետր լայնքով հողամասիցս վերցնեն: Երկար բանակցելուց հետո համաձայնության եկանք, որ գոնե 4 մետրով ներս խորանան, որ լողավազանիս կեսը ու մեծ ծառերս պահպանվեն: Դրանից հետո լռություն էր, ոչինչ չէին խոսում: Բայց հանկարծ, այս տարվա փետրվարին փոստով ստանում եմ քաղհայց՝ որպես պատասխանող ներկայանալու նույն այդ դատարան: Մտածեցի՝ լուրջ բան չէ, ընթացակարգ է, մի քիչ էլ վատառողջ էի՝ չգնացի: Պարզվեց՝ բավականին էլ լուրջ է. դատարանն այդ մեկ տարում գնացել-կադաստրով գրանցել է իմ հողից իր ուզած 118,3 քմ մասը եւ հիմա էլ վճիռ է կայացրել, որ քանդեմ պարիսպս, ջրավազանն ու կտրեմ ծառերը եւ ազատեմ տարածքը»,- ըստ բողոքարկուի՝ այսպես է սկսվել «հարեւանի» հետ վեճը: Հետո նա վճիռը բողոքարկել է վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում ու, բնականաբար, մերժվել: Մերժման հիմքը նույնն է. կառավարության 2004 թ. մարտի 5-ի, Էջմիածնի քաղաքապետարանի որոշումների հիման վրա Անշարժ գույքի կադաստրի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանումը Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանին անհատույց օգտագործման իրավունքով գրանցել է սեփականության իրավունքի վկայական, որով սահմանված հատակագծում ներառված է Կ. Դավթյանի զբաղեցրած հողամասից 118,3 քմ: Իսկ Կ. Դավթյանի տունն էլ, հողամասն էլ կադաստրում հաշվառված ու գրանցված չէ:

Ի դեպ, հողամասի չափերի մասին ոչինչ չի ասված նաեւ Հայաստանի ազգային արխիվի Արմավիրի մարզային մասնաճյուղից ներկայացված տեղեկանքում: «Ես մի քանի անգամ փորձել եմ կադաստրի վկայական հանել, դեռեւս վեճից շատ առաջ, բայց ամեն անգամ Էջմիածնի քաղաքապետարանից ու մեր կադաստրից կանխել են, ասելով, թե՝ «եկող տարի չափագրումներ ենք անելու, 50 տարի ապրում ես, ինչո՞ւ իզուր տեղը փող տաս»: Ես էլ սպասում էի, որովհետեւ խոսքը գնում էր մի քանի հարյուր դոլարի մասին»,- բացատրեց Կ. Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ թե կադաստրից, թե քաղաքապետարանի ճարտարապետական բաժնից վկայական ու որոշում տալուց առաջ չեն եկել չափագրման, թե չէ «կիմանայի ու ժամանակին կփորձեի մի բան անել»:

Դժվար է ասել, թե ի՞նչ կհաջողվեր անել քաղաքացուն նույնիսկ այդ դեպքում, բայց մի բան փաստ է. կառավարության որոշումն ու կադաստրի սեփականության վկայականն արդեն հիմնավոր փաստաթղթեր են խաբեության զոհ դարձած Դավթյանի հակառակորդների ձեռքում, եւ հողամասում հարկադիր կատարողների սկսած աշխատանքները կանգնեցնել նա ի զորու չէ: Համենայնդեպս, երեկ փորձեցինք դատարանը վերակառուցող «Դատական բարեփոխումների» ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանից ճշտել, թե հնարավո՞ր է գոնե փոխհատուցում առաջարկել քաղաքացուն իր վնասի դիմաց (թեպետ վերջինս նման խնդրանքով չի դիմել ոչ մեկին): Պարոն Թունյանն այդ հարցին եւ ընդհանրապես խնդրի առնչությամբ ասաց. «Դա իմ անձնական հողը չէ, ես ոչինչ չունեմ առաջարկելու: Ժամանակին առաջարկել ենք մեր ուժերով տեղափոխել պատը՝ չի համաձայնել: Ավելին, այս քաշքշուկների պատճառով մենք էլ ենք վնասվել՝ տարիուկես է, ինչ ծրագրի կատարումն ուշանում է: Այնպես որ, մենք փոխզիջման որեւէ կետ չունենք»:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել