Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՂԱՐԻՉ» ՉՏԱԼԸ ԹԱՆԿ ՆՍՏԵՑ

Օգոստոս 10,2005 00:00

«ՄԱՂԱՐԻՉ» ՉՏԱԼԸ ԹԱՆԿ ՆՍՏԵՑ 16 տարի առաջ կաշառք չտալու դիմաց գործարարն առ այսօր ստիպված է իր եկամուտից «նալոգ» մուծել Մեկուկես ամիս առաջ բազալտե շիրմաքարեր արտադրող «Վան» ՍՊԸ-ի գույքի ու շահագործման վրա ՀՀ տնտեսական դատարանը կալանք էր դրել՝ հիմք ընդունելով Սյունիքի առաջին ատյանի դատարանի նախագահ Միշա Ասատրյանի միջնորդությունը, թե «Վանի» գույքն ապօրինի է օգտագործվում: Ընդ որում, կալանքի մասին «Վանի» տնօրեն Էդիկ Մանուչարյանն իմացել է պատահական, որովհետեւ դատարանի կողմից չի ստացել ոչ հայցադիմումի օրինակը, ոչ էլ ծանուցագիր՝ նիստին մասնակցելու համար: Թեեւ երեկ Է. Մանուչարյանի դեմ հարուցված քրգործը Տնտեսական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը թողեց առանց քննության, բայց փաստն այն է, որ արդեն 1.5 ամիս է՝ ՍՊԸ-ին պատկանող գույքը Սյունիքի ԴԱՀԿ ծառայողների կողմից կալանքի տակ է դրվել, դադարեցվել է արտադրամասի շահագործումը, ենթակայանից անջատել են սնող մալուխը: Արդյունքում՝ արտադրամասի 4 բանվորները մնացել են անգործ ու անփող, իսկ գերեզմանները՝ անշիրմաքար: «Շուտով Սուրբ խաչն է, մենք արդեն պատվերները վերցրել էինք, ու, փաստորեն, ընկել կրակը, էլ մեզ ո՞վ կվստահի»,- «Առավոտին» բողոքեց Է. Մանուչարյանը: Նրա փաստաբան Ազատ Շահբազյանի խոսքերով, ընկերությունը այս օրերի ընթացքում մեծ կորուստ է կրել, քանի որ, ըստ հաշվապահական հաշվեկշռի՝ օրական 27 հազար դրամ շրջանառություն էր ունենում: Կալանքից տուժել է նաեւ պետությունը, որին ամեն ամիս ՍՊԸ-ն միայն որպես եկամտահարկ վճարում էր կլորիկ գումարներ: Դատարանի նախագահի եւ «Վանի» տնօրեն Էդիկ Մանուչարյանի վեճը գալիս է դեռ 1989-ից, երբ վերջինս համաձայնել է ընդունել համագյուղացու «լավությունը», այն է՝ առանց «մաղարիչի» ու կաշառքների Սիսիանի ջրշինտնտհաշվարկային տնտեսությունից 2 հաստոց ստանալու լիազորագիրը: Այդ ժամանակ դեռ «Վան» ընկերության փոխարեն նույն գործունեությամբ (բազալտե շինաքարի արտադրություն) զբաղվել է Սիսիանում հայտնի «Ալմաստ» կոոպերատիվը, որտեղ էլ շահագործվել են նոր հաստոցները: Բայց որոշ ժամանակ անց Մ. Ասատրյանը սկսել է «լավությունը երեսով տալ» ու ներքաշվել լուրջ «գործարքի» մեջ: Այն է՝ յուրաքանչյուր հաստոցի դիմաց չվճարված 10000 ռուբլի «մաղարիչի» փոխարեն դառնալ «Ալմաստի» բաժնետեր: Բայց ծանոթանալով կոոպերատիվի կանոնադրությանը, ըստ որի՝ տույժերը բոլոր անդամները հավասար պիտի կրեն, բացի այդ, պետք է վճարեն հարկեր, տուրքեր՝ հրաժարվել է փաստաթղթով «անդամ» ձեւակերպվել, ամեն ամիս ամենաօրինական փայատիրոջ պես ստանալով ընկերության շահույթից բաժնեմաս: Ավելին՝ մտածելով, որ դեռ «լավությունը» չի մարել, դատարանի նախագահը ստիպել է գործարարին վճարել իր որդու ուսման վարձը: Սակայն 2 տարի հարկի ու անհարկի վճարումներ կատարելուց հետո հանրապետությունում սկսվում է էներգետիկ ճգնաժամ՝ «Ալմաստի» գործերը վատանում են, բնակելի տներից հեռու գտնվելու պատճառով էլ արտադրամասը թալանվում է: Օրինական ճանապարհով լուծարելով թալանված ու գործարկման համար ոչ պիտանի կոոպերատիվը, Է. Մանուչարյանը բացում է «Վան» ՍՊԸ-ն: «Երբ արտադրամասը սկսեց ակտիվորեն գործել, ունենալ պատվիրատուներ, Մ. Ասատրյանը նորից փորձեց դառնալ պահանջատեր: Թեեւ արդեն 37 հազար դոլար մանր-մանր նրան վճարել էի, շանտաժի միջոցով ուզում էր «Վանից» էլ ստանալիք ունենալ: Երեւի ինքը մտածում է, որ 10 հազար ռուբլին՝ «մաղարիչը» ոչ թե ռուբլի է եղել, այլ՝ ֆունտ ստերլինգ, որովհետեւ հիմա ինձնից ուզում էր ստանալ 25 հազար դոլար»,- «Առավոտին» պատմեց Է. Մանուչարյանը: Իսկ թե ինչպե՞ս են նրան ստիպել վճարումներ կատարել, Է. Մանուչարյանի խոսքերով՝ «ուժային կառույցներին լարում էր իմ դեմ, ՍՊԸ-ում անընդհատ ստուգումներ էին իրականացվում, ընկերության բեռներով բեռնված մեքենան հանկարծ տանում էին տուգանային հրապարակ» եւ այլն: Գործի առնչությամբ երեկ փորձեցինք լսել նաեւ հակառակ կողմի կարծիքը: Հեռախոսազրույցի ժամանակ Ասատրյանները ասացին. «Գիտեք, մեզ հենց նոր դատարանից զանգեցին ու ասացին, որ նիստը 1 ամսով հետաձգվում է, ուստի կխնդրեինք, որ առայժմ դրան չանդրադառնաք»: Մինչդեռ դատարանից նման դեպքերում ոչ թե զանգում են, այլ ընդունված կարգով ուղարկում ծանուցագիր: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել