Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է»

Օգոստոս 10,2005 00:00

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է» Այդպես է մեկնաբանում Բաքվում բռնկված «լրտեսական կրքերը» ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն Օգոստոսի 3-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության սանկցիայով ձերբակալվեց Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության երիտասարդ անդամ, «Yeni fikir» կազմակերպության առաջնորդ Ռուսլան Բաշիրլին: Նրան մեղադրում են հայաստանյան հատուկ ծառայությունների օգնությամբ Ադրբեջանում իշխանությունը ուժով զավթելու փորձի մեջ: Ադրբեջանում սա առիթ դարձավ ոչ միայն ընդհանրապես ընդդիմադիր ուժերի դեմ քարոզարշավ ծավալելու, այլեւ նոր հակահայկական հիստերիա սանձազերծելու համար: Ընդդիմությունը, ոչ ավել, ոչ պակաս, մեղադրվեց դրսից առաջնորդվելու եւ հայրենիքի դավաճանության մեջ: Իհարկե, ընդդիմությունը փորձում է պաշտպանվել՝ հայտարարելով, թե դա երիտասարդ ընդդիմադիրի նկատմամբ շինծու մեղադրանք է եւ նպատակ ունի վարկաբեկել Ադրբեջանի ողջ ընդդիմությանը: Այդուհանդերձ, ինչպե՞ս է վերաբերվում Բաշիրլիին առաջադրված մեղադրանքին ադրբեջանական հասարակությունը եւ ի՞նչ կարծիքներ կան այնտեղ: Հավատո՞ւմ են արդյոք շարքային քաղաքացիներն ու քաղաքական ուժերն այդ մեղադրանքների ճշմարտացիությանը: «Առավոտի» թղթակցի հետ զրույցում Ադրբեջանում Ճգնաժամային իրավիճակների կովկասյան կենտրոնի տնօրեն Զարդուշտ Ալիզադեն ասաց. «Ադրբեջանում հասարակությունը սկզբունքորեն անտարբեր է քաղաքականության նկատմամբ: Նրանք ավելի շատ մտահոգված են իրենց կենցաղային խնդիրներով՝ ինչով եւ ինչպես կերակրել իրենց ընտանիքը, մանավանդ որ՝ գործազրկությունը մեծ չափերի է հասնում: Հասարակությունը խիստ բեւեռացված է շատ հարուստների եւ շատ աղքատների: Այսօր հասարակության կեսը շատ աղքատ է, ուստի՝ ճիշտ չի լինի ասել, թե ադրբեջանական հասարակությունը հետաքրքրված է քաղաքականությամբ: Մյուս կողմից՝ հասարակությունը սովոր է, որ վերջին 12 տարիներին Ադրբեջանում իշխող դասը իշխանությունը պահելու համար պատրաստ է դիմել ցանկացած միջոցի՝ ընտրություններ կեղծել, վարկաբեկել ընդդիմությանը, պետական հեղաշրջման թեմաներով ներկայացումներ սարքել եւ այլն: Հասարակությունը շատ հանգիստ է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է հիմա: Այն գումարը, որն, իբր, հատկացվել է Ադրբեջանում հեղաշրջում անցկացնելու համար, շատ փոքր է, եւ արդեն իսկ կասկածներ է հարուցում: Ադրբեջանում ընդհանրապես իշխանությունների նկատմամբ վստահություն չկա: Միաժամանակ բոլորն են տեղյակ նաեւ ընդդիմության բարոյականության ցածր մակարդակի մասին: Այսինքն, ինչպես ասում են՝ ժանտախտը ձեր երկու տները»։ Զ. Ալիզադեն անդրադառնալով Բաշիրլիին ներկայացված մեղադրանքին՝ նկատեց, որ այն տեսագրությունը, որն անընդհատ ցուցադրվում է ադրբեջանական հեռուստակայաններով, «վերաբերվում է մի հանդիպման, որին մասնակցում են երկու ադրբեջանցիներ եւ երկու ոչ ադրբեջանցիներ: Նրանցից մեկը վրացի է՝ Բոխչալուի շրջանից: Մյուսը, որին ներկայացնում են որպես հայ, իրականում վրացի է՝ Բուրջանաձե ազգանունով: Բոլոր դեպքերում, նորմալ մարդիկ հասկանում են, որ ազգային պատկանելությունը որեւէ նշանակություն չունի: Մասնակիցներից մեկի հայ լինելու հանգամանքն ուղղակի օգտագործվում է ընդդիմությանը վարկաբեկելու եւ նրանց որպես դավաճաններ ներկայացնելու համար»: Զարդուշտ Ալիզադեն կարծիք հայտնեց, որ հայի հետ հանդիպելը եւ նրա հետ որեւէ հարց քննարկելը, որն, ի դեպ, բացարձակ որեւէ լիազորությունով օժտված չէ, ադրբեջանական իշխանությունները փորձում են ներկայացնել որպես ազգային շահերի դավաճանություն, թեեւ իշխանություններն իրենք էլ, բնականաբար, պաշտոնական մակարդակներում հանդիպում են հայերի հետ եւ հարցեր են քննարկում, եւ դրանում կրիմինալ չկա: «Կարծում եմ, այս թեման իշխանությունները կշարունակեն շրջանառության մեջ պահել մինչեւ ընտրությունները՝ ընդդիմությանը վարկաբեկելու եւ հասարակությանը ապագա կեղծիքներին նախապատրաստելու համար՝ «նացիոնալ-դավաճանների» իշխանության գալը կանխելու համար»,- ասաց պարոն Ալիզադեն: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է դա հաջողվում Ադրբեջանի իշխող վարչախմբին, մեր զրուցակիցն ասաց. «Արդյունքը կերեւա ընտրությունների օրը: Մինչ այդ, ընդդիմության նկատմամբ կկիրառվեն կեղտոտ տեխնոլոգիաներ»: Միաժամանակ ադրբեջանցի քաղաքագետը, հանուն արդարության, ընդգծեց, որ «այդ նույն ընդդիմությունն էլ, որը ժամանակին վայելում էր հասարակության մեծամասնության համակրանքը, իրենց ընդդիմախոսների նկատմամբ ճիշտ նույն ձեւերով եւ լայնորեն կիրառում էր «սեւ PR»-ի տեխնոլոգիան: Ասել, թե նրանք շատ միամիտ, մաքուր սպիտակեղենով են եղել՝ ճիշտ չէ: Հիմա նրանք անմեղության կեցվածք են ընդունել: Իսկ հասարակության համար դա միեւնույնն է»: Զ. Ալիզադեի ասելով, Ադրբեջանի հասարակությունը այդ ամենից հոգնել է եւ զզվել. «Ադրբեջանական մամուլում շատ են կոչերը եւ հայտարարությունները, որ պետք է վերջ դնել այս այլանդակությանը: Փողոցում էլ ինձ մոտենում են բացարձակապես շարքային քաղաքացիներ՝ վարորդներ, ավտոկանգառների աշխատողներ, եւ ասում են՝ «սա ինչ խայտառակություն է, ամեն անգամ ընտրություններից առաջ մի ներկայացում սարքում են՝ միայն թե կառչած մնան իշխանությանը եւ իրենց իրավունք վերապահեն կողոպտել մեր ժողովրդին»: Ահա այսպիսին է հասարակ ադրբեջանցիների կարծիքն այս ամենի վերաբերյալ: Բնականաբար, կա նաեւ բացարձակապես անամոթ մարդկանց մի խավ՝ մտավորականության, քաղաքագետիկների, որոնք պատրաստ են սեւին ասել սպիտակ, սպիտակին՝ սեւ եւ մոտ լինել իշխանություններին: Բայց, բոլոր դեպքերում, կարծում եմ՝ հասարակության մեծամասնությունը այդ ամենին չի հավատում, թեեւ, կրկնում եմ, քաղաքականության, իշխանությունների եւ ընդդիմության նկատմամբ հասարակ ժողովուրդն անտարբեր է»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել