Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհորդություն դեպի դասականը

Օգոստոս 10,2005 00:00

Երեւանի թիվ 1 արվեստի դպրոցում օրերս կայացավ ուշագրավ մշակութային միջոցառում, որի նպատակն էր պատանիներին մոտեցնել վերջին տարիներին մոռացումի մատնված դասականների գործերին, հիշեցնել երաժշտարվեստի բնագավառում իրական մեծությունների մասին:

Հանդիսավոր մթնոլորտում տարբեր հասակի դպրոցականներին մատուցվեցին մեկական ձայներիզներ՝ ավստրո-գերմանական երաժշտական դասականների գործերի ձայնագրություններով, ինչպես նաեւ տրվեցին վկայականներ, որոնք հավաստում էին, որ այս երեխաները մասնակցել են արտասահմանյան երկրների երաժշտական գրականության դասընթացներին: Քանի որ միջոցառումը կազմակերպել էր «Ռենեսանս կամերային նվագախումբ հիմնադրամը», մի քանի հարցով դիմեցինք հիմնադրամի գործադիր տնօրեն Արամ Սարգսյանցին.

– Պարոն Սարգսյանց, ինչո՞վ էր պայմանավորված նման միջոցառում անցկացնելու ձեր նախաձեռնությունը:

– Վերջին տարիներին «երաժշտական գրականություն» առարկան մայրաքաղաքի երաժշտական դպրոցներում անց է կացվում բավականին թռուցիկ։ Այդ պատճառով էլ «Ռենեսանս կամերային նվագախումբ հիմնադրամը» հարկ համարեց անդրադառնալ այս նոր ծրագրի իրականացմանը: Ահա եւ՝ հունիս–հուլիս ամիսներին անցկացվեցին սույն սեմինարային դասընթացները, որում ընդգրկվեցին Քանաքեռ-Զեյթուն համայնքի երաժշտական դպրոցների սաները:

– Իսկ ո՞վ էր հովանավորում այս ծրագրի իրականացումը:

– Մեր հիմնական հովանավորը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունն էր: Բացի այդ, երաժշտական գրականության եռշաբաթյա դասավանդումների նախօրեին «Սամարկ» ՍՊԸ–ի օժանդակությամբ երեխաներին, իբրեւ ուսուցողական օգնություն, բաշխվեցին «Գերմանիայի եւ Ավստրիայի 17–19–րդ դարերի երաժշտական դասականների կյանքն ու գործունեությունը» գրքույկները:

– Ի՞նչ սկզբունքով եք ընտրել, թե որ կոմպոզիտորներին ներկայացնեք դասընթացների ընթացքում:

– Ըստ մեր կնքած պայմանագրի՝ պետք է կարողանայինք ինը հանդիպումների շրջանակում երեխաներին մատուցել հնարավորին չափ խորը, բայց եւ՝ ըմբռնելի դասեր: Ուստի որոշեցինք ընդգրկել ամենահայտնի կոմպոզիտորներին: Կարծում եմ, որ բոլորս էլ մանկուց լսել ենք Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի ստեղծագործությունները: Եվ հենց այս կոմպոզիտորների կյանքին, ստեղծագործական ուղուն վերաբերող սեմինարները, ըստ իս, մեր երաժիշտ-աշակերտներին «խորասուզեցին» դեպի դասական երաժշտության հենքը: Առհասարակ, արեւմտաեվրոպական երաժշտությունը պետք է մեկընդմիշտ մնա բոլորիս գիտակցումի մեջ՝ իբրեւ առաջադեմ քաղաքակրթություն, գեղեցիկի եւ սիրո զգացմունքների արտացոլում:

ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել