Իսկ հարազատ մորը չհանդիպելու համար նույնիսկ փոխել է դպրոցը
Երեկ Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքների առաջին ատյանի դատարանում պետք է լսվեր Վահե Գրիգորյանի հայցն ընդդեմ իր նախկին կնոջ՝ Անահիտ Հարությունյանի: Հայցվորը պահանջում է զրկել պատասխանողին ծնողական իրավունքներից՝ պատճառաբանելով, որ նրանց համատեղ ամուսնությունից 1996-ին ծնված Արամիկի համար վտանգավոր է մոր հետ անգամ ամենակարճատեւ շփումը: Արամիկի հետ ունեցած մեր առաջին զրույցում երեխան պատմում էր, թե իր Եհովայի վկա մայրը ինչպես է իրեն ծեծում. «Եթե ես մի մասնիկ սխալ էի գրում՝ նա բռնում էր գլուխս ու պատերով խփում, ինձ ասում էր տականք: Ես իրան վաբշե չեմ ուզում տեսնել: Դրա համար էլ ես չեմ ուզում մամայի հետ ապրել: Ես ուզում եմ պապայի եւ Գայանի (նկատի ունի հոր ներկա կնոջը.- Լ. Օ.) հետ ապրեմ, որովհետեւ հաստատ գիտեմ՝ իրանք ինձ չեն ծեծի»:
Գրեթե մեկ տարի է՝ ինչ Արամիկը ապրում է հորական տատիկի հետ, մոր հետ հանդիպումներից խուսափելու համար նույնիսկ փոխել է դպրոցը: Այժմ երեխան ցանկանում է տեղափոխվել Բելոռուս եւ ապրել հոր՝ Վահե Գրիգորյանի հետ: Այդ պատճառով երեկ հայցվորի ներկայացուցիչ Ռուզան Տեր-Վարդանյանը պատասխանողին առաջադրեց փոխհամաձայնության գալու իր տարբերակը: Ըստ նրա՝ Վ. Գրիգորյանը ցանկանում է որդուն տեղափոխել Բելոռուս, որտեղ Արամիկը պետք է դպրոց գնա, եւ քանի որ գոյություն ունի նաեւ լեզվի խնդիրը, ապա պետք է մեկ տարի ցածր դասարանում սովորի. «Այդ պատճառով այս հարցը պետք է որքան հնարավոր է շուտ լուծել, որպեսզի երեխան կարողանա շուտ մեկնել, բաց չթողնի դասերը, եւ որքան հնարավոր է շուտ ընտելանա ռուսերենին, քանի որ լեզվի վատ իմացությունից երեխան կարող է սթրես ապրել: Նա արդեն բավական շատ սթրեսներ է տարել մոր երեսից, որի պատճառով տատիկը ստիպված է եղել 4 ամիս Արամիկին հոգեբանի մոտ տանել»: Նա առաջարկում էր, որպեսզի Արամիկը մշտական բնակության մեկնի Բելոռուս՝ հոր մոտ, իսկ մայրը իրավունք կունենա տեսակցել նրան արձակուրդներին, եթե, իհարկե, Արամիկը համաձայնի:
Պատասխանող կողմը խուսափում է լրագրողների հետ շփումից՝ կարծելով, որ ի սկզբանե նրանք իրենց դեմ են: Հետեւաբար՝ ներկայացնենք մեզ հասած լուրերը: Ըստ դրանց՝ պատասխանող կողմը այնքան էլ դեմ չէ հայցվորի վերոնշյալ առաջարկին, սակայն որոշ լրացումներ է ուզում անել: Օրինակ, ըստ նրանց՝ հայցվորը Անահիտ Հարությունյանին պետք է ապահովի բնակարանով. «Իսկ եթե Արամիկը որոշի վերադառնալ ու ապրել մոր հետ, որտե՞ղ պետք է բնակվեն նրանք»,- խորհրդակցում էին պատասխանողի ներկայացուցիչները: Իսկ առայժմ դատավոր Ելիզավետա Դանիելյանը հետաձգեց նիստը մինչեւ օգոստոսի 12-ը:
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ