Լրահոս
Օրվա լրահոսը

Համալիրը կարող է մնալ պետական

Օգոստոս 10,2005 00:00

Եթե ոմանց ախորժակը մի քիչ փոքրանա

Վերջին երկու տարիներին «Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կարողացել է համերգներից ու միջոցառումներից ստացած հասույթով հիմնովին վերանորոգել կառույցի ներքին հանգույցները, արտաքին լուսավորության ցանցը, մասնակի նորոգել տանիքը, ոռոգման ցանց անցկացնել շենքի ճակատային հատվածի անտառակում եւ այլն: Օրերս Սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մեսրոպ Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ վերջին երկու տարում՝ համալիրը մեծ մասով կոմիտեի ենթակայությանը հանձնելուց հետո, իրենք պետությունից ստացել են տարեկան շուրջ 10-13 մլն դրամ, ինչը բավարարել է միայն կառույցի աշխատակիցների աշխատավարձին: Նրա ասելով, համալիրը լիարժեք շահագործելու համար պետք է անցկացնել ջեռուցման ցանց, սառցապատել սահադաշտը եւ կապիտալ նորոգել տանիքը: Մանր-մունր գործեր էլ կան. նախնական ծրագրով պետք է գործեր նաեւ շարժասանդուղք՝ փողոցից դեպի համալիրի մուտքը, եւ դրա, ինչպես նաեւ շատրվանների անխափան աշխատանքը նույնպես գումար է ուզում: Որքա՞ն՝ պարոն Հակոբյանը չգիտեր, նախահաշվարկ չկա: Փոխարենը կա այդ աշխատանքները կատարելու պահանջ՝ դրված հնարավոր նոր սեփականատիրոջ վրա: Հնարավոր չէ՞ր աստիճանաբար, բայց սեփական հնարավորություններով, այդ թվում՝ զանազան աջակցող ծրագրերի, տեղացի գործարարների օգնության եւ այլ միջոցներով համալիրը հիմնանորոգել, իսկ հետագա շահագործումն ու պահպանումն արդեն հնարավոր կլիներ միջոցառումներից ստացված հասույթով: Ըստ պարոն Հակոբյանի՝ ոչ: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, համալիրը ներառված է «Լինսի» հիմնադրամի 100 միլիոն դոլարանոց նոր ծրագրում: Ճիշտ է, ծրագիրը դեռ պաշտոնական ձեւակերպում չի ստացել, բայց այդ օրն էլ կգա: Գուցե այլ միջոցներ էլ կգտնվեն, ինչպես գտնվել են հանրապետությունում ընթացող մարզական կառույցների լայնամասշտաբ վերակառուցումների համար:

Ճիշտ է, համալիրի ախորժակ ունեցողները կարողացան «դուրս գալ» անմիջապես ՀՀ նախագահի վրա, իսկ վերջինս համալիրը նախկին կարգավիճակով պահելու ծախսերի մասին տեղեկություններ ունենալ չէր կարող: Սակայն նախագահականից եկած հրահանգը՝ «ուսումնասիրել առաջարկը եւ տալ պատասխան», չգիտես ինչու, բոլորի կողմից ընդունվել է որպես վաճառքի մասին անառարկելի վերջնագիր, եւ սպասվող գործարքին բացասական կարծիք ուղարկել՝ որեւէ գերատեսչություն չի պատրաստվում:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ այս առաջարկը երկու տարի առաջ բանավոր մատուցվել է նաեւ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, բայց լուրջ զարգացում չի ստացել: Ինչպես երեւում է, ապագա սեփականատերն այս անգամ բարձր «տեղից» են բռնել՝ Մոսկվայի իրենց լծակների օգնությամբ:

Ինչ վերաբերում է համալիրի քանդման մասին «Առավոտի» խմբագրությունում հնչած ահազանգին, ապա երեկ մենք եղանք տարածքում, ներսից-դրսից մանրազնին ուսումնասիրեցինք շենքը, սակայն հաջողվեց պարզել միայն մի բան. մի քանի օր առաջ տնօրինությունը վերանորոգել է անձրեւաջրերից քայքայված արտաքին պատի մի հատվածը: Գուցե ահազանգող աջափնյակցիները հենց այդ աշխատա՞նքն են թյուրիմացաբար ընդունել «քանդումների սկիզբ»:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել