Այժմ Հայաստանում գործում է 62 կուսակցություն
Օգոստոսի 8-ին լրացավ կուսակցությունների գրանցման ժամկետը, եւ ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով, այսօր կարելի է փաստել, որ Հայաստանում կա գրանցված 62 կուսակցություն: Նոր կուսակցություններ առայժմ չեն գրանցվել, սակայն, մեր տեղեկություններով, աշնան սկզբին արդեն սպասվում է մի քանի նոր կուսակցությունների ծնունդ, մասնավորապես՝ խոսքը Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ-ի (Ժողովրդավարական ուղի կուսակցություն) մասին է, որի կազմում, մեր տեղեկություններով, ընդգրկված կլինեն մի շարք հայտնի անուններ։ Մանուկ Գասպարյանը հայտարարելով իր կողմից կուսակցություն ստեղծելու մասին՝ ժամանակին չթաքցրեց, որ դա լինելու է «ինտելեկտուալների» կուսակցություն: Խոսակցություններ են պտտվում նաեւ մի խումբ օլիգարխների կողմից ստեղծվելիք կուսակցության մասին, սակայն ասվում է նաեւ, որ առայժմ այս հարցում երկրի հիմնական կապիտալի տերերը դեռեւս համաձայնության չեն եկել։
Նրանք, որ արդեն վաղուց գոյություն ունեին եւ գործում էին Հայաստանի քաղաքական դաշտում, կատարելով օրենքի առջեւ իրենց պարտականությունը, հասցրել են վերագրանցվել արդարադատության նախարարությունում՝ «Կուսակցությունների մասին» նոր օրենքի համապատասխան: Ինչպես մեզ հետ զրույցում շեշտեց արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների, ոչ առեւտրային իրավաբանական անձանց միությունների եւ լրատվության միջոցների գրանցման բաժնի պետ Էդուարդ Մարգարյանը, մինչ այդ գործող եւ գրանցված 128 կուսակցությունից «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունումից հետո մնացել է 68-ը, որից էլ՝ երկու օր առաջվա տվյալներով, գրանցվել է 62-ը: Ըստ «Կուսակցությունների մասին» օրենքի, գրանցվելուց հետո կուսակցությունները պետք է հասցնեն ունենալ ոչ պակաս, քան երկու հազար անդամ, նաեւ՝ տարածքային կազմակերպություններ հանրապետության բոլոր մարզերում, յուրաքանչյուրում՝ առնվազն 100 անդամ: Նախկինում գործող եւ գրանցված կուսակցություններից չեն գրանցվել վեցը՝ Շավարշ Քոչարյանի ԱԺԿ-ն, «Հայկանդուխտը» (Արմենուհի Ղազարյան), Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (Վիգեն Խաչատրյան), «Հայկական սոցիալիստական կոնգրեսը» (նախագահ՝ Գրիգոր Ասատրյան), «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցությունը (նախագահ՝ Միհրան Մովսիսյան), «Ազգային միաբանության ուխտը» (նախագահ՝ Ռաֆայել Համբարձումյան): Այս կուսակցություններն այլեւս բաց են թողել պահը եւ չեն կարող գրանցվել:
Գրանցված կուսակցություններից չորսը՝ ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, Պահպանողական կուսակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը, օրենքի պահանջը կատարել են նվազագույն չափով, այսինքն՝ ներկայացրել են հարկավոր տեղեկությունները, սակայն չեն մանրամասնել, թե իրենց կուսակցությունը քանի անդամ ունի: Նրանք ընդամենը ծանուցել են, որ իրենց կուսակցության կազմը համապատասխանեցվել է օրենքի պահանջին: Իսկ մյուսները ներկայացրել են մանրամասներ եւ ընդհանուր թվի, եւ մարզային կառույցների կտրվածքով: Կուսակցության անդամների թվի մասին տեղեկության իսկությունը արդարադատության նախարարությունը չի կարող ստուգել. «Օրենքը նման բան չի նախատեսում, չեմ էլ պատկերացնում, թե ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր դա ստուգել: Իմ կարծիքով, ամենահստակ մեխանիզմը ԱԺ հերթական ընտրություններն են, երբ կուսակցությունները համամասնական ընտրակարգով կներկայացնեն իրենց ցուցակները եւ ընտրությունների ժամանակ հավաքված ձայները ցույց կտան, թե որքան անդամ ունի տվյալ կուսակցությունը»,- ասաց պարոն Մարգարյանը:
Հետաքրքրվեցինք, թե ո՞ր կուսակցությունն է ներկայացրել անդամների ամենամեծ թիվը: Առաջին տեղում «Օրինաց երկիր» կուսակցությունն է, որը ներկայացրել է 42 հազար 759 անդամի մասին տեղեկություն, հաջորդը «Ազգային միաբանություն» կուսակցությունն է, որը 41 հազար 525 անդամի մասին է տեղեկացրել, երրորդ տեղում ՀԺԿ-ն է, որը ներկայացրել է 28 հազար 214 անդամ, չորրորդ տեղում ՀՀԿ-ն է՝ իր 25 հազար 309 անդամով, հինգերորդը՝ «Նոր ժամանակներ» կուսակցությունն է՝ իր 21 հազար անդամով, վեցերորդ տեղում Կոմունիստական կուսակցությունն է՝ իր 18 հազար 594 անդամով, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը (նախագահ՝ Սպարտակ Մելիքյան) ներկայացրել է 10 հազար 802 անդամ: Հարգելի ռադիոլսողներին տեղեկացնենք, որ Արշակ Սադոյանի ԱԺԴ-ն ներկայացրել է 3 հազար 45 անդամի մասին տեղեկություն:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ