Լրահոս
Օրվա լրահոսը

Այնուամենայնիվ, Հայաստանում գիրք կարդում են

Օգոստոս 09,2005 00:00

Այնուամենայնիվ, Հայաստանում գիրք կարդում են Թեեւ շատերը պնդում են, որ գրքի առեւտուրը «մեռած» է: Եթե այդպես է, ապա որեւէ մեկը չէր զբաղվի գրքի արտադրանքով ու վաճառքով, եւ այդ գործի մեջ ներառված չէր լինի այնքան մարդ, ինչքան այսօր կա: Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ մայրաքաղաքում այսօր գործում է գիրք հրատարակող 80-ից ավելի հրատարակչություն, շուրջ 160 տպարան: Թեեւ Երեւանում ԽՍՀՄ տարիներին գործող 160 գրախանութների թիվը ներկայումս 10 անգամ նվազել է, բայց գրահրատարակչական բիզնեսը, ըստ թվային տվյալների, ավելացել է: Փաստորեն, գրահրատարակչությունը շահութաբեր գործ է, այլապես շուկայական պայմանները իրենցը կթելադրեին: Իսկ եթե գիրքն արտադրվում է, ուրեմն՝ նաեւ վաճառվում է: Հակառակն են պնդում մեր գրողները, որոնք շարունակաբար բողոքում են, թե ստեղծագործում են դաժան պայմաններում, պետությունն էլ պետություն չէ, եւ իրենց «անմահ կոթողներն» այլեւս չեն հրատարակվում տասնյակ հազարավոր տպաքանակով (ինչպես խորհրդային «երանելի» տարիներին): Միշտ հիշում են, որ այն տարիներին հարազատ կառավարության միջոցներով Հայաստանում տարեկան շուրջ 100 հազար անուն գիրք էր հրատարակվում. «Ոչ էլ ներկայիս սերունդն է «կուշտ հոգու» տեր, որ գիրք գնի»: Գրախանութներ կատարած մեր այցից պարզեցինք, որ այսօր սպառվում է ոչ միայն մասնագիտական, այլեւ գեղարվեստական գրականություն, կա նաեւ վերահրատարակվող հայ դասականների գրքերի պահանջարկը: «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խ. Վարդանյանն, օրինակ, նկատեց. «Անհրաժեշտ է իմանալ ընթերցողի հետաքրքրության շրջանակը, ճաշակը եւ հետո նոր ֆինանս վատնել գրքերի տպագրության վրա: Օրինակ, վերջին տարիներին միասեռականության մասին միայն մի գիրք է հրատարակվել, որից առայսօր ոչ մի օրինակ չի սպառվել: Իսկ ընդհանրապես, գրքի պահանջարկը տարեցտարի ավելանում է: Կարճ ասած՝ առեւտուր կա»: Այսօրվա «գրքի աշխարհի» մասին հետեւյալ կարծիքը հայտնեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վ. Խաչատրյանը. «Մակուլատուրայի համար գրքեր «արարելու» ժամանակներին վաղուց հրաժեշտ ենք տվել: Այո, գիրքը հոգեւոր արտադրանք է եւ պետք է իր սպառողն ունենա: Եթե չկա սպառող, ապա մեղավորը ժողովուրդը չէ, այլ նրա «հոգու սովին» հագուրդ չտվող ոչ պետքական «սննդամթերք» արտադրողները»: Գրողների միության հրատարակչության տնօրեն Բագրատ Ալեքյանն էլ «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք 90%-ով աշխատում են պետպատվերի շրջանակներում` շեշտելով, որ իր ղեկավարած հրատարակչությունը մոտ 3 տարվա պատմություն ունի եւ «դեռ կայացած էլ չի»: Առայսօր տպագրվել է 150 անուն գիրք՝ ե՛ւ պետական, ե՛ւ անհատական պատվերով: Մինչեւ տարեվերջ կտպագրվի եւս 20-25 անուն գիրք, որից պետպատվերով՝ 10-15-ը: Նա համակարծիք չէր այն մտքին, թե ընթերցող չկա. «Ընթերցող էլ կա, գրքի պահանջ էլ»: Ըստ պարոն Ալեքյանի, արդեն անցյալում են այն տարիները, երբ «ամեն ինչ վերացավ»: Նա օրինակ բերեց վերջերս Ազգային օպերային թատրոնի ճեմասրահում երիտասարդական մի կազմակերպության անցկացրած գրքի ցուցահանդես-վաճառքի ակցիան. «Պետք էր տեսնել, թե ինչ աժիոտաժ էր տիրում այնտեղ»: Նա տեղեկացրեց նաեւ, որ իր հրատարակչությունում վերջերս ստեղծվել է Հրատարակչական խորհուրդ, որը նախ` կծանոթանա գրքին, ապա կհայտագրի հրատարակման: Մտավախություն ունենալով, որ այդ խորհուրդը կվերածվի գրաքննիչ մարմնի, հետաքրքրվեցինք, թե ովքեր են հրատարակչական խորհրդի կազմում: Պարոն Ալեքյանը չբացահայտեց նրանց` նկատելով, որ «խնամի-ծանոթ-բարեկամական» ակտիվ կապերով մեր երկրում ճիշտ կլինի խորհրդի կազմը թողնել գաղտնի: Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել