Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիքիս հետ չկապե՛ք»

Օգոստոս 09,2005 00:00

«Ընտանիքիս հետ չկապե՛ք» Մարզահամերգային համալիրը քանդում են, սակայն հայտնի չէ, թե՝ ով Երեկ Մոսկվայից «Առավոտի» խմբագրություն էր զանգահարել «Ազգային միաբանությունից» ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ շինարար Հարություն Մուրադյանը: Նա Մուրադյանների ընտանիքի ավագ որդին է, եւ մոսկովյան «Բամո» ֆիրմայի սեփականատեր Մուրադ Մուրադյանի ավագ եղբայրը: Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների հաղորդումների, «Բամո» ընկերությունը առաջարկել է պետությունից գնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը եւ դառնալ դրա սեփականատերը: «Առավոտն» արդեն գրել է, որ ՀՀ նախագահի առաջին օգնական Արմեն Գեւորգյանը պաշտոնական նամակով դիմել է համապատասխան գերատեսչություններին՝ իրենց եզրակացությունը տալ այդ առաջարկի վերաբերյալ: Պատգամավոր Հ. Մուրադյանի ասելով, Մուրադն արդեն երկար տարիներ ապրում է Մոսկվայում, կապեր է պաշտպանում նաեւ Հայաստանի հետ, նաեւ՝ այն մարդկանց, որոնց հետ ինքը՝ պատգամավորը, կապ չունի: «Առավոտի» զրուցակիցը չէր բացառում, որ իր եղբայրը նման առաջարկություն արել է, բայց մարզահամալիրի սեփականաշնորհման գաղափարի նկատմամբ մեծ վերապահումներ ուներ: «Ես այնքան եմ զայրացել, որ առայժմ եղբորս հետ չեմ խոսել,- ասաց պրն Մուրադյանը, – հնարավոր է, որ ինքը նման առաջարկություն արած լինի: Բայց համոզված եմ եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա ոչ բարի խորհրդատուի անհաջող խորհուրդ է»: Պարոն Մուրադյանը նաեւ հիշեցրեց, որ 2000 թվականին իր եղբայրները առաջարկել են ներդրումներ անել «Կանազ» գործարանում, եւ դա, ըստ պատգամավորի, պետության համար երկու անգամ ավելի ձեռնտու կլիներ, քան ներկայիս սեփականատերերի ծրագիրը, բայց իշխանություններն իրենց ընտանիքին մերժել են: «Ինչպե՞ս եք պատկերացնում,- հարցրեց պրն Մուրադյանը,- կարո՞ղ է այսօրվա իշխանությունը ընդդիմադիր պատգամավորի ընտանիքի անդամին ինչ-որ լավ, շահավետ առաջարկություն անել: Եվ հետո՝ ինչ է, չե՞ն կարող այդ համալիրը պահել, թեկուզ նույն «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Այստեղ ես ինչ-որ կասկածելի բան, ինչ-որ «բլեֆ» եմ տեսնում: Մարզահամերգային համալիրը սեփականաշնորհման ցուցակում չկա: Գուցե հող են նախապատրաստում, որ աշնանը մի քանի այլ կառույցների հետ բերեն խորհրդարան եւ մտցնեն այդ ցուցակի մեջ: Իրենց խաղերն են, իրենց մեթոդները: Բայց բոլոր դեպքերում ես խնդրում եմ այս ամենը մեր ընտանիքի հետ չկապել: Մենք մեծ գերդաստան ենք՝ բոլորս աշխատող, հայրենասեր մարդիկ: Վստահ եղեք, որ մեզանից ոչ ոք Հայաստանին վնասող, մեր մայրաքաղաքի պատիվը կամ տեսքը գցող որեւէ ձեռնարկի չի մասնակցի»: Բայց այն, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ինչ-որ մեկին արդեն թաքուն վաճառվել է, բավականին արժանահավատ է, քանի որ երեկվանից այնտեղ սկսվել են քանդման աշխատանքները: Այս ամենից մտահոգ՝ Աջափնյակ թաղամասի բնակիչների մի մեծ խմբի անունից երեկ խմբագրություն զանգահարեց Մարիա Ավագյանը եւ հուզված ահազանգեց, որ Մարզահամերգայինն արդեն ներսից սկսել են քանդել: Այնտեղ արդեն մի քանի տարի աշխատողները բառացիորեն հուսահատ վիճակում են, քանի որ հաստատ գիտեն՝ իրենց ոչ ոք այլընտրանքային աշխատանքով չի ապահովելու եւ մնալու են անգործ: Հետաքրքիր է, որ շարքային քաղաքացիները եւս վստահ են, որ մարզահամերգայինը իրենով է արել իշխանության վերին օղակներում գտնվողներից մեկը, որի անունն առայժմ գաղտնի են պահում: Ըստ մեր զրուցակցի, բոլորը գիտեն, որ այս գործարքի հետ անմիջական կապ ունի Մոսկվայի քաղաքապետ Լուժկովը, եւ Հայաստանի իշխանությունները դեռ շարունակում են ռուսներին պարտքերը վերադարձնել. «Եթե այս վիճակը երկար շարունակվի, մի օր կարթնանանք եւ կտեսնենք, որ մեզ էլ են ծախել եւ տեղը հյուրանոց են սարքել»,- հուզված բողոքում էր տիկինը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել