Աղջիկների ֆուտբոլի «Նորվեգիայի գավաթի» խաղարկությունը հատեց եզրագիծը
Մանկապատանեկան սպորտի այդ մեծ տոնախմբության մասնակիցները հրաժեշտ են տալիս Օսլոյին: Հիմա երբ նայում ես ամայացած խաղադաշտերին՝ ակամա տխրում ես: Չէ որ մեկ շաբաթ այստեղ անպատմելի եռուզեռ էր: Տարբեր տարիքային խմբերի տղաներ ու աղջիկներ ինքնամոռաց պայքարում էին հաղթանակի համար, խաղերին հետեւելու եկած բազմահազար երկրպագուներին աշխատում ցուցադրել իրենց ողջ ունակությունները, խփած գոլի համար անկեղծորեն ուրախանում էին ու բաց թողած գոլից արտասվում, ինչպես բնորոշ է մանուկներին: Կազմակերպիչներն էլ ամեն բան արել էին, որպեսզի խաղից ազատ պատանի ֆուտբոլիստները, նրանց երկրպագուները (խաղադաշտ հաճախում էին նույնիսկ ընտանիքներով) չձանձրանան: Ամենուրեք անվճար խաղեր, ատրակցիոններ էին տեղադրված:
Հասկանալի է ու բնական, որ Նորվեգիայի գավաթակիրներն ու մրցանակակիրները տուն են վերադառնում հաղթողի հպարտությամբ: Սակայն ձախողված թիմերի տրամադրությունն էլ վատ չէ: «Նորվեգիայի գավաթի» խաղարկության նպատակն ու իմաստը ֆուտբոլի տարածումն ու զարգացումն է: Տարբեր երկրների հազարավոր երեխաներ շփվում են միմյանց հետ, ծանոթանում մյուս երկրների մշակույթին ու Օսլոյում ձեռք բերում նոր ընկերներ, բարեկամներ:
Երեւանի «Քոլեջ» ակումբի «Նոր Նորք» թիմը, չնայած 1/32 եզրափակիչում 11 մետրանոցներով զիջեց «Լիլեհամերին» ու դուրս մնաց հետագա պայքարից, սակայն շարունակում է մնալ նորվեգացիների ուշադրության շրջանակներում: Մասնավորապես, մեր աղջիկներին տեսնելու եւ զրուցելու մեծ ցանկություն ուներ ՈՒԵՖԱ-ի առաջին փոխնախագահ Պեռ Օմդալը, որին վերջերս ՈՒԵՖԱ-ում ընտրել են Հայաստանի, Լատվիայի եւ Սերբիայի պատասխանատու: Նա հայ ֆուտբոլիստուհիներին քաջալերեց մասնակցության համար: Խոսելով պարտության մասին՝ պարոն Օմդալը նշեց, որ այդպիսին է ֆուտբոլը, ոչ ոք պարտությունից ապահովագրված չէ: Իսկ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում նա ասաց. «ՈՒԵՖԱ-ում» հիմա կարեւորություն են տալիս կանանց ֆուտբոլին: Յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա պարտավոր է ամեն բան անել իր երկրում ֆուտբոլը հատկապես աղջիկների շրջանում տարածելու, նրանց համար մարզումային անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար: Հայ աղջիկները 4-րդ անգամ են հրավիրվում ու մենք հետեւում ենք, որպեսզի ամեն անգամ թիմում ընդգրկված լինեն նոր խաղացողներ։ Ես, որ նաեւ Հայաստանի պատասխանատուն եմ, հետեւողական եմ լինելու, որ ձեր երկրում էլ կանանց ու աղջիկների ֆուտբոլին պատշաճ ուշադրություն դարձվի»:
«Նոր Նորքին» հանդիպելու առաջարկ էր արել նաեւ Օսլոյի քաղաքապետարանի ջրամատակարարման վարչության պետ տիկին Աինա Հելգեսենը, որը հատուկ այդ նպատակով մեկ օրով հետաձգեց իր արձակուրդը: Նա ափսոսանք հայտնեց, որ ծանրաբեռվածության պատճառով չի կարողացել ներկա գտնվել հայ ֆուտբոլիստուհիների խաղին, սակայն հավաստիացրեց, որ տեղեկացել է բոլոր մանրամասներին: Տիկին Հելգեսենը հուշանվերներ հանձնեց հայ մարզուհիներին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ Օսլո