Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՊԱՀՈՎՆԵՐԻՆ

Օգոստոս 09,2005 00:00

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ՀՀ պետական բուհերում գերազանց սովորող վանաձորցի ուսանողների համար, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներից են, անցնող ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից ամենամսյա նպաստ նշանակելու մասին որոշում է կայացրել:

Որոշման համաձայն, քաղաքապետն ավագանու 15 անդամների հետ միասին ամսական տասը հազարական դրամ պետք է հատկացնի վերոնշյալ անձանց:

«Ավագանու որոշմամբ քաղաքապետարանը խրախուսում ու աջակցում է գերազանցիկ ուսանողներին, նրանց հնարավորություն տալիս թեթեւացնելու ուսումնառության ծախսերը Երեւանում, միեւնույն ժամանակ՝ նպաստում մեծացնելու գերազանցությամբ սովորող վանաձորցի ուսանողների թիվը»,- ասում է Սամվել Դարբինյանը:

Քաղաքապետարան հայտ ներկայացրած ուսանողներից ընտրվել է 115-ը, մերժվել՝ 7-ը: Եթե քաղաքապետին առընթեր ազգաբնակչության հարցերն ուսումնասիրող ու կանոնակարգող հանձնաժողովը հանկարծ հայտնաբերի, որ ուսանողի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են, ամենամսյա նպաստի տրամադրումը կդադարեցվի: Նպաստը կդադարեցվի նաեւ այն դեպքում, եթե նույն հանձնաժողովը պարզի, որ բարելավվել են ուսանողի ընտանիքի սոցիալական պայմանները: Պարզվում է՝ իրականում քաղաքապետարանի հովանավորությունից օգտվում է սոցիալապես ապահով ընտանիքների 88 ուսանող, որ կազմում է ընդհանուր ցուցակի 76.5 տոկոսը: Նրանցից միայն 27 ուսանող է համարվում կարիքավոր: Այդ է վկայում Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային գործակալությունը, որի տվյալների համաձայն, ամենամսյա նպաստ ստացող 115 ուսանողներից 88-ի ընտանիքները գործակալությունում գրանցված չեն:

«Բա ավագանին ինչի՞ է ձեռք բարձրացրել ու քվեարկել այս որոշման օգտին»,- զարմանում է Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արամ Մկրտչյանը, որի գլխավորած կառույցն է որոշում, թե ով է սոցիալապես ապահով, ով՝ անապահով: Քաղաքապետարանն ու ավագանին առաջնորդվել են իրենց ընդունած որոշման կարգով, ըստ որի՝ հայտատուները պետք է ներկայացնեն ընտանիքների անդամների զբաղմունքի, աշխատանքի վայրի, աշխատավարձի, կենսաթոշակի չափերի, սոցծառայության տարածքային ու զբաղվածության կենտրոններից նպաստների մասին տեղեկություններ: Սակայն Վանաձորի քաղաքապետարանը հայտատուների սոցիալական կարգավիճակը ստուգելու նպատակով Սոցծառայություն չի դիմել: Փոխարենը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի շրջանակում ստեղծել է մի հանձնաժողով, որը, ըստ Արամ Մկրտչյանի, սոցիալական կարգավիճակ սահմանող կառույց չէ եւ չի կարող որոշել ընտանիքի կարիքավորության աստիճանը: Վերջինս որոշվում է ՀՀ կառավարության 2002թ. թիվ 350 որոշմամբ սահմանված չափանիշներով:

«Ո՞վ ասաց, որ անապահով չեն,- հայտարարում է ավագանու անդամ Գագիկ Սարգսյանը,- նպաստառուի բոլոր թեկնածուներն էլ փաստաթղթեր են բերել, ու ավագանին էլ որոշել է՝ ով է անապահով, ով՝ ապահով: Ի վերջո, ավագանին է տնօրինում այդ բյուջեն եւ ում ուզել՝ նրան էլ տվել է»:

«Այդտեղ ոչ մի վատ բան չկա: Ծանոթով չենք արել»,- հեռախոսազրույցի ընթացքում համոզմունք հայտնեց ավագանու անդամ Կարեն Գրիգորյանը: Ծանոթով չեն արել, բայցեւ, մեր տվյալներով, «անապահովների» շարքում կան հենց ավագանու անդամներին ծանոթ մարդկանց երեխաներ, ոմանք էլ Վանաձորում հայտնի մարդկանց երեխաներ են, որոնցից մի քանիսը նույնիսկ բարձր պաշտոն է զբաղեցնում: «Իրենք պետք է հասկանային, որ չի կարելի դիմել»,-մեր այս նկատառմանն ի պատասխան՝ ասում է քաղաքապետն ու այդ քայլը մեկնաբանում որպես «քաղաքապետի թոշակ» ստանալու պատիվ: Մյուս կողմից էլ, ըստ նրա, քաղաքապետարանում առաջնորդվել են մի սկզբունքով՝ յուրաքանչյուր ուսանող անապահով է: «Ուսանողությունն ինքը սոցիալապես անապահով խավ է: Բացի թոշակից, նա աշխատավարձ չի ստանում»,- ասում է Վանաձորի քաղաքապետը, որն իր դիտարկումների արդյունքում պարզել է Երեւանում սովորող վանաձորցի ուսանողների սոցիալական պայմանները: Նա կարծում է, որ եթե այդ 88 ընտանիքներին մեկ առ մեկ այցելենք, իրոք կհամոզվենք, որ նրանցից միայն 15-ը նպաստի կարիք չունի: Ուստի Վանաձորի քաղաքապետը հրահանգել է ազգաբնակչության հարցերն ուսումնասիրող ու կանոնակարգող հանձնաժողովին՝ չմերժել որեւէ դիմումատուի միայն նրա համար, որ սոցիալապես անապահով ընտանիքից չէ՝ այսպիսով խեղաթյուրելով նպաստի գաղափարը:

«Ուսանողի կարգավիճակը չի կարող համարվել սոցիալապես անապահովի կարգավիճակ»,- հայտարարում է Արամ Մկրտչյանն ու գտնում, որ նպաստի տրամադրումը սոցիալապես ապահով ընտանիքների ուսանողներին՝ դուրս է բարոյականության սահմաններից:

Քաղաքապետի դիտարկումները ցույց են տվել, որ գերազանցիկ ուսանողներն ավելի շատ անապահով ընտանիքներից են լինում: Եվ անկախ ուսանողների սոցիալական կարգավիճակից, այդ տասը հազար դրամները մեծապես կօգնեն սոցծառայությունում որպես անապահով չգրանցված, բայց 25.000 դրամ աշխատավարձով Երեւանում ուսանող պահող ծնողներին: Մյուս կողմից էլ, ըստ քաղաքապետի, ընտանիքներ կան, որոնք, ամոթալի համարելով աղքատ ճանաչվել, չեն դիմում սոցծառայություն՝ հաշվառվելու:

Վանաձորի քաղաքապետն ըստ ամենայնի մտադիր է առաջիկայում վերաձեւակերպել որոշումը՝ նպաստը տրամադրել միայն գերազանցիկության համար: Սակայն փաստ է, որ անցած ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ամեն ամիս տեղական բյուջեից հատկացվել է 1 միլիոն 115 հազար դրամ նպաստ, որը տրվելու է մինչեւ սեպտեմբեր: Վեց ամիս տրվող նպաստի ընդհանուր գումարը կազմում է 6 միլիոն 900 հազար դրամ, որից միայն 5 միլիոն 280 հազարը տրվել եւ տրվում է սոցիալապես ապահով ընտանիքների ուսանողներին:

ՆԱԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել