Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հեռացում՝ օգնության փոխարեն

Օգոստոս 09,2005 00:00

«Արմենիա» բժշկական կենտրոնի նախկին աշխատակից Նինել Իվանյանը օգնություն ստանալու դիմում է գրել, ինչին հետեւել է նրա՝ աշխատանքից ազատումը:

Ն. Իվանյանը «Արմենիայում» աշխատում է 1977-ից, որպես վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բուժքույր: Իր ասելով, մինչեւ աշխատանքային վերջին օրը՝ հուլիսի 5-ը, նկատողության կամ տույժի չի արժանացել: Հիշյալ օրը վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանը, ըստ բողոքարկուի, «ինձ ներկայացրեց մի թուղթ, թե՝ ստորագրի, ես ասացի՝ պետք է կարդամ՝ հետո, իսկ նա բարկացավ՝ բոլորը ստորագրում են, միայն քեզ է հետաքրքի՞ր, թե ինչ կա գրած»: Տիկինն այդպես էլ հրաժարվել է «հենց այնպես» ստորագրությունից, ինչին ի պատասխան ստացել կարգադրություն՝ «գնա տուն ու գործի չգաս»: «Հաջորդ աշխատանքային օրը պետս արդեն ուրիշ աշխատող էր բերել եւ կրկին պնդեց, որ արտահագուստս հանձնեմ ու տուն գնամ: Երբ ասացի, թե առանց ազատման հրամանի չեմ հեռանա՝ նա սկսեց գոռգոռալ: Ինֆարկտ տարած մարդ է ու ես չուզեցի վիճակը բարդացնել, գնացի տնօրենի մոտ: Չընդունեց: Ամսի 11-ին արդեն հրաման տվեցին ազատել՝ պայմանագիրը չստորագրելու համար»,- ներկայացրեց Ն. Իվանյանը:

Կոնֆլիկտի նախապատմությունը հետեւյալն է. անցյալ տարի հիվանդանոցի տնօրենը կոլեկտիվի անդամներին առաջարկել է ստորագրել փաստաթուղթ՝ հիվանդանոցի սեփականաշնորհման համար, որին հետեւել է մյուս «համաձայնությունը». աշխատողներն իրենց բաժնետոմսը նվիրել են տնօրենին: Ի դեպ, այս մեխանիզմը՝ առողջապահական հիմնարկը կոլեկտիվի միջոցով սեփականաշնորհելու եւ հետո՝ միանձնյա տիրանալու, ներկայացվել է «Առավոտի» էջերում: Ն. Իվանյանը չի ստորագրել 2 փաստաթղթերի տակ, եւ, ակներեւաբար, արդեն արժանացել է տնօրինության «առանձնահատուկ» ուշադրությանը: Եվ առիթն էլ չի ուշացել, որպեսզի ազատվեն «հանդուգն» բուժքրոջից: Տիկինը մեզ ցույց տվեց մի, իբրեւ թե՝ «գրություն», որը կենտրոնից իրեն են հանձնել, որպես նախարար Դավիդյանին գրած օգնության դիմումի պատասխանի օրինակ: Գրության վրա ոչինչ չկա գրած, միայն ամիս-ամսաթիվն է եւ տնօրեն Գ. Գրիգորյանի ստորագրությունը: Ավելի ստույգ, դա բնօրինակի թերեւս «հազարերորդական» պատճենն է, որն անհնար է ընթերցել:

Ինչ վերաբերում է իր աշխատանքում որեւէ լուրջ թերացում չունեցող աշխատակցի ազատմանը, ապա «Արմենիայի»՝ բուժգծով փոխտնօրեն Ս. Պողոսյանի պարզաբանումը հետեւյալն է. «Եթե մարդը հրաժարվում է ստորագրել աշխատանքային պայմանագիրը, մենք իրավունք չունենք նրան պահել աշխատատեղում, մեր բոլոր աշխատողներն էլ պայմանագրային հիմունքներով են աշխատում, ստորագրել են այն եւ ոչ մեկը չի կարող ասել, թե նախապես չի ծանոթացել դրա բովանդակությանը»: Նոր պայմանագրով նախատեսվում էր նաեւ աշխատավարձի բարձրացում: Տնօրինության բացատրությամբ ստացվում է, որ մեր բողոքարկուն, որը ստանում էր 15350 դրամ աշխատավարձ, միայնակ մայր, որն իր հույսին ունի 15-ամյա աղջնակ՝ դեմ է եղել առաջարկվող 25000 դրամ նախանշված աշխատավարձին եւ հենց այնպես, իր քեֆի համար չի ստորագրել 25000 դրամանոց պայմանագիրը:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել