Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՓԼԵՅԲՈՅԸ» ՊԱՊԱՍ Է ՈՒԶՈՒՄ»

Օգոստոս 09,2005 00:00

Ո՞ր պարբերականները չի կարելի վաճառել երեխաներին

Դպրոցահասակ երեխաներին հաջողվում է որոշ կրպակներից գնել պոռնո կամ էրոտիկ բովանդակությամբ ամսագրեր, ընդ որում, եթե սկզբում վաճառողները «չեմուչում» են անում, ապա նրանց փրկում է «պապաս է ուզել» արտահայտությունը: Այս մասին մեզ ասաց Նուբարյանի անվան դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներից մեկը, որը մի քանի ամիս առաջ նման ձեւով կարողացել էր համոզել վաճառողին ու գնել «Speed info»: Նրա ասելով, «եթե «Փլեյբոյ» ունենային, դա էլ կգնեի»: Իսահակյան, Տերյան, Ամիրյան փողոցների, Տիգրան Մեծի եւ Մաշտոցի պողոտաների գրեթե բոլոր կրպակներում անցկացրած «Առավոտի» հարցումների ժամանակ կրպակատերերը միաբերան պնդում էին, թե բացառվում է, որ իրենք անչափահասներին պոռնո կամ էրոտիկ բովանդակությամբ ամսագրեր վաճառեն: Նրանցից մի քանիսն անգամ սկսեցին լուրջ վիրավորվել մեր հարցումներից. «Բա ամոթ չե՞ք անում, էդ էլ հա՞րց է, բա մեր պատիվը, աբուռը ո՞ւր մնաց, բա նրանց ծնողը չի՞ գա ասի՝ մեր երեխին ի՞նչ ես սովորեցնում»: Հիշեցնենք որ, ըստ Քրեական օրենսգրքի 263 հոդվածի, «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ ապօրինի տարածելը, գովազդելն ու իրացնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով»: Սրա համար նախատեսված է նաեւ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ 2 տարով ազատազրկում: Բայց խնդիրն այն է, որ օրենքն արգելում է անչափահասներին վաճառել «պոռնո» ամսագրեր ու թերթեր, իսկ «էրոտիկի» դեպքում սահմանափակումներ չկան: Ոստիկանությունում կան համապատասխան փորձագետներ, որոնք տարանջատում են՝ որն է «էրոտիկ», որը՝ «պոռնո», բայց ոստիկանության լրատվականից մեզ չհաջողվեց որեւէ բան պարզել, քանի որ պահանջեցին միայն գրավոր դիմում, որին կպատասխանեն 15-օրյա ժամկետում: Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ պարզ է, որ անչափահասներին արգելվում է վաճառել ոչ թե այն հրատարակությունները, որտեղ պատկերված են միայն մերկ աղջիկներ ու տղաներ, այլ այն նյութերը, որտեղ հիշյալ տղաներն ու աղջիկները «ամենայն մանրամասներով» զբաղված են համապատասխան գործով:

Ըստ կրպակատերերի, միեւնույն է, իրենք երեխաներին բացի խաչբառերից ու մանկական թերթերից, ոչինչ էլ չեն վաճառում: «Քյորփեքը որ գալիս են, ասում են՝ լավ, էլի, մի հատ տվեք նայենք՝ լարում եմ»,- «Առավոտին» այսպես պատասխանած վաճառողներից մեկը դեռ «ոտներս չքաշած» մի 15-ամյա աղջկա վաճառեց հայկական «Դու եւ նա» պարբերականը, որտեղ թեեւ շատ բաց նկարներ չկային՝ ընդամենը մի քանի «կրծքեր» ու «համբույրներ», բայց կար, օրինակ, «20 փաստ կանանց օրգազմի մասին» նյութ, որն էլ հետաքրքրել էր դպրոցահասակին: Մեր հարցին, թե ի՞նչ գիտեք օրգազմի մասին, նա ասաց՝ «չգիտեմ, կկարդամ-կիմանամ»: Իհարկե, այս պարբերաթերթը ոչ էրոտիկ է, ոչ էլ՝ առավել եւս պոռնկագրական, բայց որոշել, թե որ տարիքից երեխան պիտի իմանա օրգազմի առանձնահատկությունների մասին, շատ դժվար է:

Ինչ մնում է մեծահասակներին, ապա ըստ կրպակատերերի, հայ տղամարդկանց ավելի շատ հետաքրքրում են ռուսական պոռնո կամ էրոտիկ ամսագրերը՝ «ԹՏՑ ՑՈՍ»-ը, «ԼվՑՌՎ»-ը, «ըպջ ՍՏՎտսպՍրՏՉ»-ը, իսկ հայ կանանց՝ «Դու եւ նա»-ն, «Տղամարդ եւ կին»-ը, որտեղ նույնպես «ինտիմ» կյանքի մասին բավականին նյութեր ու պատկերներ կան: Իսկ երեխաների նախասիրությունները պարզ են. Իսահակյան փողոցում տեղակայված կրպակներից մեկի վաճառողի խոսքերով՝ «նրանց համար մեկ է, տեսնում են կազմին մերկ աղջիկ՝ ուզում են, բայց ես անգամ կրպակիս ցուցափեղկում դրանք չեմ դրել, տարել-պահել եմ էն խորքում. կլիենտը գիտի, որ ուզի, կտամ»: Մեր հարցին, թե ինչպե՞ս եք բացատրում երեխաներին, որ դա իրենց համար չէ, Մաշտոցի պողոտայի կրպակատերերից մեկը պատասխանեց՝ «ականջներդ կոլորեմ, փախի ստուց»: Ընդհանուր առմամբ, բոլոր կրպակատերերն էլ բացառեցին որեւէ նման ամսագիր երեխաներին վաճառելու տարբերակը, նրանցից մեկի խոսքերով՝ «մի անգամ վաճառել եմ, փոշմանել եմ, թաքնված խցիկով նկարել էին, էլ սպանեն՝ չեմ անի»: Ի դեպ, երեխաներին ամսագրերը խիստ մատչելի են հենց գնային առումով: Դրանք սկսվում են 200-250 դրամից:

Կրպակատերերը գտնում էին, որ ամսագրերից առավել վտանգավոր է ծխախոտը, որը նույնպես օրենքով չի թույլատրվում վաճառել անչափահասներին. «Ամսագիրն ընդամենը գրականություն է, կարդում են, տեղեկանում, ավելի արատավոր երեւույթ է ծխելը»: Իսկապես, եթե ամսագրեր գնելու դեպքում երեխաները ստիպված են լինում ինչ-ինչ «հնարքների» դիմել՝ վաճառողին համոզելու համար, ապա դա չի պահանջվում ծխախոտ գնելու դեպքում: Ի հեճուկս ընդունված օրենքների, երեխաները մինչ օրս կարողանում են ձեռք բերել թե՛ մեկը, թե՛ մյուսը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել