Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՆՔԸ ԿՈՐՈՇԻ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»

Օգոստոս 09,2005 00:00

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինին ասում է «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը:

– Պարոն Գեղամյան, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը մամուլի ասուլիսում օրերս հայտարարեց, որ Հայաստանում մարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ չէ, որ այն ուժերը, որոնք կգան իշխանության, կկարողանան բարելավել իրենց վիճակը: Այդ պատճառով եզրակացրել էր ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ Հայաստանում հեղափոխական իրավիճակ չկա: Դուք համաձա՞յն եք այս գնահատականին:

– Երբ խորանում ես պարոն Պրյախինի՝ այս օրերին տրված հարցազրույցում, ակամա մտածում ես, որ դրա բուն թեման «թխվել է» կամ պաշտպանության նախարարի, կամ Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակում: Քանզի ճշտությամբ կրկնվում են այն գնահատականները, որոնց քանիցս անդրադարձել են հիշատակածս անձինք: Պարոն Պրյախինն ասում է, որ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը ուղղակի իմաստով այն կարծիքին է, որ իշխանափոխությունից հետո իր վիճակը չի բարելավվի: Տեսեք՝ ի՞նչ վտանգավոր հարցադրումներ է նա անում, ոչ թե ընդդիմությանը գնահատական տալով, այլ, ասես, փորձում է սաստել մեր ժողովրդին՝ զսպաշապիկ հագցնելով, ասելով՝ ինչ կա՝ սա է, այս իշխանություններն են, եւ երբեք մտքներովդ չանցնի, որ իշխանափոխություն կանեք եւ կապրեք ավելի լավ կյանքով: Չափազանց վտանգավոր է, երբ նման պաշտոն զբաղեցնող մարդն է այս մասին խոսում: Կամ, այդ ե՞րբ եք դուք, հարգարժան ԵԱՀԿ ներկայացուցիչ, ազգաբնակչության ճնշող մեծամասնության կարծիքն ուսումնասիրել: Եթե իրոք ուսումնասիրել եք, ապա ձեզ համար պարզ պետք է լիներ, որ Հայաստանում բոլոր հույսերը կապված են իշխանափոխության հետ: Իշխանափոխության հետ հույսեր չեն կապում գյումրեցինե՞րը, երբ յուրաքանչյուր երրորդը գործազուրկ է, գուցե սյունեցինե՞րը, երբ յուրաքանչյուր չորրորդն է գործազուրկ, կամ՝ շուրջ կես միլիոն կենսաթոշակառունե՞րն են ոգեւորված այս իշխանություններից, որոնց ամսական թոշակը զգալիորեն ցածր է անգամ նվազագույն պարենային զամբյուղից: Հաջորդը, պարոն Պրյախինն ասում է, երբ միացնում ես ցանկացած հեռուստաալիք, տեսնում ես ընդդիմադիր գործչի: Բացահայտ սուտ է ասում: Ցավում եմ, որ ստիպված եմ կրկնել, սակայն ուզում եմ իրեն հիշեցնել, որ անցած մեկ տարվա ընթացքում մասնավորապես ես ԵԽԽՎ ամբիոնից հինգ անգամ ելույթ եմ ունեցել, մեկ անգամ՝ Վաշինգթոնում, ԵԱՀԿ ԽՎ ամբիոնից, եւ պարոն Պրյախինի հիշատակած ոչ մի հեռուստաալիք այդ ելույթներից որեւէ մեկը չի ցուցադրել: Հիշեցնեմ նաեւ, որ 2003-ի խորհրդարանական ընտրություններից հետո Արտաշես Գեղամյանին նույն Հանրային հեռուստատեսությամբ նույնիսկ մեկ րոպե չի տրամադրվել: Այդ որտե՞ղ է պարոն Պրյախինը ընդդիմադիր գործչի ելույթ տեսել հեռուստաալիքով: Սա՞ է մամուլի ազատությունը, սա՞ նկատի ունի պարոն Պրյախինը, թե՞ նա պարզապես ուզում է հասարակությանը հասկացնել, թե հույսներդ կտրեք, որ «Ա1+»-ի վերաբացման հարցը կարող է նորից օրակարգային դառնալ: Հիմա ես հասկանում եմ, թե ինչո՞ւ այդքան անհետեւողական գտնվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը «Ա1+»-ի վերաբացման խնդրում: Չէ՞ որ մեր խնդիրն է ունենալ այլակարծությունն ապահովող հեռուստաալիք: Չէ՞ որ մենք քանիցս դիմել ենք այդ գրասենյակին, հեռուստաելույթների նյութերն ենք ուղարկել, եւ դրանք անպատասխան են մնացել: Անշուշտ, իր այս մտքերով պարոն Պրյախինը վերջնականապես փակեց, մասնավորապես իմ անձի եւ իմ գործընկերների մասին է խոսքը, ընդդիմադիր գործիչների հայտնվելը որեւէ հեռուստաեթերում:

Ամենեւին չեմ ուզում որեւէ վիրավորական խոսք ասել որեւէ մեկի հասցեին, բայց դիմում եմ երկրներին եւ միջազգային կազմակերպություններին հետեւյալ խնդրանքով՝ ի սեր Աստծո, Հայաստանի Հանրապետությունը մի դարձրեք երջանիկ ծերություն ապահովելու նստավայր: Հայ ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հասկանում է եւ այդ ամենի գնահատականը տալու է՝ ի հեճուկս բոլոր այն մարդկանց, ովքեր միջազգային կազմակերպությունների դրոշի ներքո այսօր պարզապես ստանձնել են Քոչարյան-Սարգսյան զույգի խոսնակի դերակատարումը, ասելու է՝ զուր են ձեր ջանքերը, միեւնույն է՝ Հայաստանի Հանրապետությունում անխուսափելի են համակարգային փոփոխությունները: Չանի ա՛յս ընդդիմությունը, ժողովուրդը կգտնի այն ուժին, որը կիրականացնի այս անհապաղ լուծումները:

– Սակայն Վլադիմիր Պրյախինը պատահական մեկը չէ, եւ նրա գնահատականները, թերեւս, նաեւ այն կառույցի գնահատականներն են, որն ինքը ներկայացնում է: Ինչո՞վ եք բացատրում այս ակտիվությունը:

– Դուք միանգամայն ճիշտ եք. չգիտես ինչու, ամառային այս շոգ օրերին, երբ թվում է՝ քաղաքական կյանքը փոքր-ինչ անդորր պիտի ապրեր, շատ են ակտիվացել միջազգային կամ դրսի ուժերը, որոնք ասես իրենց պարտքն են համարում դատավորի կեցվածք ընդունել եւ հավատաքննիչի կերպարանքով գնահատականներ տալ: Ես չէի արձագանքի այս ամենին, եթե չլիներ ոմն Շարբաթյան, թե՞ Շաքարյան, թե՞ Քաղցրիկյան ազգանվամբ մեկը, որն արդեն Մոսկվայից է հուշում եւ բացատրում Հայաստանում զարգացումների եւ վիճակի մասին: Եղբայր, հանգստացեք, մի խառնվեք, Հայաստանի ժողովուրդն ինքը կորոշի իր ճակատագիրը: Իսկ դուք անպոչ գդալի նման մի փորձեք ձեր սուլուլիկ, երկար քթերը մտցնել մեր քաղաքական կյանքից ներս: Ձեր աջակցության կարիքը հայ ժողովուրդն ուներ ապրիլի 5-ին, երբ լրագրողների էին ծեծուջարդի ենթարկում, ապրիլի 12-13-ի գիշերը խաղաղ ցուցարարների էին ծեծուջարդի ենթարկելով անդամալույծ դարձնում, ձեր աջակցությունը, մասնավորապես պարոն Պրյախինի, Արտաշես Գեղամյանը եւ Շավարշ Քոչարյանն ունեին այն ժամանակ, երբ ԵԽԽՎ պատգամավորների, ԵԱՀԿ ԽՎ պատգամավորի տուն էին մտնում, երեխաների, թոռան եւ հարազատների աչքի առաջ տունը տակնուվրա էին անում, խուզարկում էին: Այդ ժամանակ դուք սրտացավություն դրսեւորեիք եւ իշխանություններին պարտադրեիք, որ պահպանեն օրենքը, ինչը արգելում էր իշխանություններին զբաղվել նման կամայականություններով: Իսկ հիմա՝ հանգստացեք:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել