Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՇԵՆՔԻ

Օգոստոս 06,2005 00:00

ՇԵՆՔԻ ՀԵՏ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԷԼ ԵՆ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ Սեփականատերը խլել է «ասպիրանտների» ճանապարհը Երեւանի Մոլդովական 27 հասցեի շենքը՝ «Նոր Նորք» ուսանողական հանրակացարանի նախկին ասպիրանտների մասնաշենքը 2001-ին կառավարության որոշմամբ տրամադրվել է փաստացի բնակիչներին որպես բնակարան: Այդ ժամանակ շենքի բնակիչների 90%-ը գիտաշխատողներ էին, մնացածը՝ կրթության եւ գիտության նախարարության թույլտվությամբ: Մինչ այդ, 1998-ին, կրկին կառավարության որոշմամբ, որպես բնակֆոնդ գիտաշխատողներին էր տրվել նաեւ շենքի հարակից երկհարկանի կառույցը, որը ծառայում էր որպես հանրակացարանի կառավարչատուն եւ ճաշարան: Սակայն, չգիտես ինչպես, երկու տարի առաջ այն վաճառվեց մի քանի բաժնետերեր ունեցող ընկերությանը: Բաժնետերերը հետո «գզվռտվում» են, արդյունքում կառավարչատունն առանձնանում է լողավազանից ու սպորտհրապարակից: Դա դեռ ոչինչ: Վերջերս կառավարչատան սեփականատերը սեփականաշնորհում է դեպի լողավազան տանող հարակից փողոցը՝ «ասպիրանտներին» թողնելով միայն մայթը: Դրան հետեւում է հաջորդ նախաձեռնությունը՝ մայթը քանդել եւ դարձնել ավտոմեքենայի ճանապարհ: Լուսանկարից պարզ է դառնում, որ շենքի աստիճաններով իջնելով՝ բնակիչները հայտնվում են փողոցի մեջտեղում: Լողավազանում այժմ մեծ շինարարություն է ընթանում. այստեղ կառուցվում է սաունա, խորտկարան, լահմաջոյանոց, իսկ սպորտհրապարակում ստեղծվելու են տարբեր սպորտաձեւերի խաղադաշտեր: Դա նշանակում է, որ երկու տարի ամայի մնացած ճանապարհը շուտով դառնալու է խիստ բանուկ: «Մեր երեխաները արդեն քանի օր է՝ խաղում են շենքի միակ մուտքի ներսում: Նրանց աղմուկը ցածր հարկերի բնակիչների դժգոհության տեղիք է տալիս, էլ չասենք, որ 3 քմ տարածքը 200 երեխայի համար չի կարող խաղատեղի դառնալ: Շենքը բակ չունի, չորս կողմից ճանապարհ է: Այն ժամանակ երեխաները մայթին ու փողոցում էին խաղում, իսկ փողոցն էլ բանուկ չէր: Հարակից 6-րդ մասնաշենքի բակում կանաչ տարածք կա, բայց պարսիկ բնակիչներն այնքան աղբ են լցրել, ու այդ տարածք մտնելն անհնար է»,- երեկ «Առավոտին» բողոքեցին գիտաշխատողները: Ասպիրանտների 18 հարկանի շենքում 104 ընտանիք է ապրում: Երկու շաբաթ առաջ, մայթը քանդելու առաջին օրից սկսած, կանայք եւ երեխաները շրջապատել են շինարարներին եւ թույլ չեն տվել աշխատել: Դեպքի վայր են եկել թաղապետարանի աշխատակիցներ եւ ոստիկաններ ու հորդորել, որ «մարդիկ թույլտվություն ունեն, թղթերը կարգին են, պիտի կառուցեն»: Դրանից հետո շինարարները երկու շաբաթով աշխատանքները դադարեցրել են: «Մենք հանգստացանք, մտածելով, թե մարդ են՝ իրենց սխալը հասկացան: Բայց երեկվանից էլի սկսեցին կոմպրեսորով քանդել ասֆալտը, այս անգամ ոստիկանների հսկողությամբ: Մենք էլի փորձեցինք միջամտել, բայց ոստիկանները թույլ չտվեցին: Կանանց մեջ ութ ամսական հղիությամբ կին կար ու մեզ հետ առավոտից մինչեւ երեկո արեւի տակ կանգնած մնաց: Շինարարներին «պաշարելու» ժամանակ հրմշտոցներ էլ եղան, շտապօգնություն կանչեցինք, բայց չդադարեցրին, քանդեցին,- պատմեցին մեր զրուցակիցները: Ի դեպ, նշենք, որ նույն շտապօգնության մեքենան, մայթի վերացումից հետո, շենքի մուտքի մոտ կայանել չի կարող՝ արդեն հստակ է, որ նեղլիկ փողոցով կարող է անցնել միայն մի մեքենա: Անհաջող պաշտպանությունից հետո բնակիչները ստիպված 50 հոգանոց խմբով գնացել են դատախազություն: Նրանց լսել են եւ խոստացել քննել հարցն ու պատասխան տալ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել