Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԸՆԹԱՑՆ

Օգոստոս 06,2005 00:00

«ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱԿՆԱՌՈՒ Է» Ըստ Վահագն Խաչատրյանի, Վրաստանում իրականացվում են «Վարդերի հեղափոխության» կարգախոսները – Որոշ շրջանակներում խոսվում է այն մասին, որ Հայաստանում առանց հեղափոխության էլ հնարավոր է բարեփոխումներ իրականացնել, եւ որ վրացիներն իրենց հեղափոխությունից հետո ոչնչի չեն հասել: Դուք վերջերս եք վերադարձել Վրաստանից, գիտեք այդ երկիրը հեղափոխությունից առաջ եւ հիմա, ձեր դիտարկմամբ՝ իրո՞ք վրացիները կրակն են ընկել իրենց հեղափոխության ձեռքին: – Հատկապես պաշտոնական մարմինները եւ մամուլը խոսում են այն մասին, որ «վարդերի հեղափոխությունից» հետո երկրում ոչինչ չի փոխվել, ժողովրդի վիճակը վատացել է եւ այլն: Այս բոլորն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Վրաստանում տնտեսական առումով, իսկապես, գների բարձրացում տեղի է ունեցել, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ այն, ինչ մինչ այդ ստվերում էր, դուրս է եկել ջրի երես, մարդիկ զբաղվում են ոչ թե ստվերային բիզնեսով, այլ գործում են օրենքի դաշտում, այդ շրջանակներում հարկեր են մուծում, հասկանալի է, որ այդ դեպքում որոշ ապրանքատեսակների գները կբարձրանան, բայց դա չի նշանակում, որ դրանից կենսամակարդակը ընկել է: Ամենակարեւորը՝ մարդիկ հասկացել են, որ հնարավոր է զբաղվել ազատ տնտեսական գործունեությամբ, եւ դրա համար հարկավոր է հարկեր վճարել, պետության հետ համագործակցել եւ ոչ թե կռիվ տալ, կռիվ տալ հարկային կամ դատական մարմիններում ծանոթ գտնելու իմաստով՝ հարկերից խուսափելու համար: Չեմ ուզում ասել, որ այնտեղ կյանքը միանգամից լավացել է, չեմ ասում, որ մարդիկ հավատում են, թե միանգամից կյանքը պիտի փոխվի: Սակայն համոզված եղեք, որ երկու տարի հետո Վրաստանը չենք ճանաչի, այն էականորեն կփոխվի: Այս երկրում ներդրումներն աստիճանաբար կշատանան ե՛ւ մասնավոր անձանց, ե՛ւ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, բացի այդ, Վրաստանն ընդգրկվել է «Հազարամյակի ծրագրերում» եւ բավականին լուրջ գումարների ակնկալիք ունի, որը կստանա 2006-ի վերջին եւ 2007-ին: Այս ամենը հիմք է տալիս ենթադրել, որ վրացիները շուտով նկատելի հաջողություններ կունենան: Վերջին երկու տարում մի քանի անգամ եղել եմ Թբիլիսիում, Բաթումում եւ հնարավորություն ունեմ համեմատել ու ասել, որ տարբերությունը միանգամից աչքի ընկնող է, ոչ թե այն առումով, որ ես շահագրգիռ էի այդ տարբերությունը նկատելու, այլ՝ շփվել եմ մարդկանց հետ, ինքս եմ փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում՝ արդյո՞ք Սահակաշվիլու իշխանությունը հերթական հիասթափությունը կառաջացնի: Բայց նկատելի էր իշխանության վճռականությունը՝ իրականացնել իր ծրագրերն ու նպատակները: Հեղափոխության ժամանակ հնչած խոստումները, պարզվեց, լոկ կարգախոսներ չէին, դրանք աստիճանաբար կյանքի են կոչվում, եւ Վրաստանի քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում այդ փոփոխությունները: – Սակայն երբ խոսվում է «վարդերի հեղափոխությունից» հետո փոփոխությունների մասին, միայն պետավտոտեսուչների անհետացումն են մատնանշում եւ ասում, որ դրանից բացի՝ ուրիշ լավ բան այնտեղ չի կատարվել, եւ որ առանց հեղափոխության էլ կարելի է այդ բանն անել Հայաստանում: – Դա շատ ակնառու եւ կարեւոր փոփոխություն է, եւ առանց հեղափոխության դա տեղի չէր ունենա, որովհետեւ ոչ միայն մարդիկ են փոխվել, այլեւ գաղափարախոսությունն ու հոգեբանությունը: Այն պետավտոտեսուչը, որին մենք տեսել ենք Խորհրդային Միությունում եւ հիմա տեսնում ենք Վրաստանում, բոլորովին տարբեր բաներ են: Տարբերությունը երկու տարի առաջվա եւ այսօրվա Վրաստանի, թեկուզ հենց ավտոտեսուչների մասով, ակնառու է, եւ նրանք, ովքեր մտածում են, թե նույնին կարելի է հասնել նաեւ Հայաստանում՝ առանց հեղափոխության, սխալվում են: Սահակաշվիլին եւ նրա թիմը Վրաստանում փոխել են համակարգը: Այդ հեղափոխության ամենակարեւոր արդյունքն այն է, որ տեղի ունեցավ համակարգային փոփոխություն. դա վերաբերում է եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ սոցիալական կյանքին, մարդկանց առօրյային, ամեն տեղ այդ փոփոխությունը զգացվում է: Նույն վրացիները խոստովանում են, որ չէին էլ պատկերացնում, թե հնարավոր է այդ ճահճից երբեւէ դուրս գալ: Բայց պարզվեց՝ ամեն ինչ շատ ավելի հեշտ էր. մի քանի վճռական քայլ, երկրի ղեկավարի, իշխանության վճռականություն, եւ երկրում կյանքը փոխվել է: – Ինչը կարծես չի «սպառնում» Հայաստանին: Այսինքն՝ հեղափոխական իրավիճակ չկա եւ կարծես չի էլ լինի: – Եթե համեմատենք՝ ոչ ոք հեղափոխությունից առաջ չէր կարող ասել, որ Վրաստանում ընտրություններից առաջ այդպիսի իրավիճակ կլիներ: Եվ ոչ ոք չէր էլ ասում, թե Սահակաշվիլին պետք է գար իշխանության, մինչ այդ՝ այլ թեկնածուներ կային: Իսկ Հայաստանում հիմա հեղափոխական իրավիճակն ավելի իրական է, քան ժամանակին՝ Վրաստանում: – Սակայն բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաեւ վարչապետը եւ մյուսները, ասում են, որ իրենք առանց հեղափոխության էլ արդեն իրականացնում են համակարգային փոփոխություններ: – Եվ վարչապետը, եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող համակարգային փոփոխություններ իրականացնել, քանի որ այդ դեպքում իրենք չեն լինի, այսօր ամեն ինչ փոխվում է Վրաստանում. երբ մտնում ես Վրաստան, քեզ անմիջապես ասում են, հիշիր՝ 022, այսինքն՝ ցանկացած դեպքում կարող ես դիմել եւ օգնություն ստանալ: Դու հասկանում ես, որ մտել ես մի պետություն, որտեղ քո մասին հոգում են: Մեր երկրում նույնիսկ իր քաղաքացիների մասին պետությունը չի հոգում: Այսօր ցանկացած պաշտոնյա թող ասի՝ այդ համակարգային փոփոխությունների մեջ ինքն իրեն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Ինքն այդ փոփոխություններում տեղ չունի, որովհետեւ այդ փոփոխություններն արվում են ժողովրդի համար, իսկ այդ դեպքում այսօրվա պաշտոնյան տեղի չի ունենա: Այսօրվա իշխանությունը, որքան էլ ուզի, չի կարող փոփոխություններ իրականացնել, «պերեստրոյկա» չեն անում հին մտածողությամբ մարդկանցով, դա արվում է նոր մտածողությամբ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել