Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օգոստոս 06,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանյոթերորդ

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՍԻՐԱՎԵՊ

Ինչեւէ. Լարիսա Իվանովնան նախատոնական էդ առավոտ վերստին հայտնվեց ու ինձ մայիսմեկյան էդ պլակատը պատվիրեց, եւ երբ իրեն ասացի, որ մի գիշերվա մեջ դժվար թե հասցնեմ գրել ու նկարել էդ պլակատը, ինքն ասաց, որ ես իր էդ պատվերը որպես փոխգնդապետի հրաման ընդունեմ, ու նաեւ ասաց, որ ինքը մտադիր չէր գալ, բայց հանուն երեխաների պարտավոր էր, եւ երբ ես կրկնեցի, որ դժվար թե հասցնեմ, ինքը ժպտալով ասաց. «Արմուշ դառագոյ, եթե առանց լիրիկական զեղումների կենտրոնանաս ու աշխատես, հանգիստ կհասցնես»:

Ես, իհարկե, հասկացա, որ Լարիսա Իվանովնան «լիրիկական զեղումներ» ասելով՝ նկատի ուներ արտասանածս էն տողը, եւ, իհարկե, հաջորդ առավոտ մայիսմեկյան իր պատվերն իմ կողմից լավագույնս կատարված էր, եւ դա երբեւէ իմ գրած ու նկարած լավագույն պլակատն էր, եւ հաջորդ առավոտ Լարիսա Իվանովնան ու Կարավանը միասին եկան տոնական էդ պլակատն ինձնից ստանալու, եւ, ըստ երեւույթին, Լարիսա Իվանովնան ամուսնուն հետը քարշ էր տվել իմ արհեստանոց, որպեսզի այլեւս չհանդգնեմ բանաստեղծական որեւէ տող արտասանել, բայց նկարածս էդ պլակատը տեսնելով ու աչքերին չհավատալով՝ ինքը մի քանի րոպե դիտմամբ ոտը կախ գցեց, եւ երբ Կարավանն իմ նկարած պլակատը գովելուց հետո յուր սեփական կնոջից ընդամենը մի քանի ակնթարթ առաջ ընկնելով՝ արհեստանոցիցս դուրս եկավ, Լարիսա Իվանովնան իրեն չկորցնելով ու մի քանի ակնթարթ հապաղելով՝ էդ մի քանի ակնթարթների մեջ ոչ միայն հասցրեց շնորհակալություն հայտնել ինձ, այլեւ հասցրեց թեթեւակի համբուրել ինձ, ու մինչ ես կարտասանեի «Կանգ առ ակնթարթը», ինքը լիասիրտ կարկաչեց ու ճողփալով դուրս թռավ արհեստանոցիցս՝ ուժգին շրխկացնելով արհեստանոցիս դուռը, եւ երբ իր հետեւից դուռը բաց արի ու նայեցի, ինքն արդեն ամուսնուն թեւանցուկ աֆիցերսկի գառադոկ տանող արահետով երջանիկ գնում էր, ավելի ճիշտ՝ ամուսնուն թեւանցուկ ոստոստում ու թռչկոտում էր, ու մի պահ տեղում կանգ առավ, բաց արեց պլակատն ու ավելի երջանկացավ, եւ ինքն ու Կարավանն ահագին երկար նայեցին պլակատիս եւ, ըստ ամենայնի, հիանում էին տառերովս ու նկարներովս, ու քիչ անց Լարիսա Իվանովնան ոլորեց պլակատս, դրեց ձախ թեւատակին, աջով վերստին թեւանցուկ արեց փոխգնդապետին, ու շարունակեցին հեռանալ դեպի աֆիցերսկի գառադոկ, ու էդ պահին նրանց նայողն ու տեսնողը հաստատ կկարծեր, թե Կարավանն ու Լարիսա Իվանովնան ամենաերջանիկ ամուսիններն են, ու ես էլ էդպես չկարծելու առանձնապես լուրջ հիմքեր չունեի, չնայած էդ պահին ինձ հակառակն էի փորձում համոզել, ու էդպես՝ ինձ հակառակը համոզելով, ես երկար ու մինչեւ վերջ հետեւեցի դեպի աֆիցերսկի գառադոկ նրանց ընթացքին՝ մինչեւ հայացքիս մեջ Կարավանն ամբողջովին անէացավ, իսկ Լարիսա Իվանովնայից մնաց ընդամենը մի խոշոր կետ:

Շատ հետաքրքիր ու զորեղ բան է էս գրականություն կոչվածը: Դեպքերն ու իրադարձությունները շարում ու շարադրում ես սրտիդ ուզած ձեւով, եւ ամեն ինչից ու հատկապես գրականությունից անտեղյակ մարդիկ իրենք իրենց տրամադրում են անմնացորդ հավատալ անգամ երեսուն տարվա հեռավորությունից հիշածիդ ու շարադրածիդ, ընդ որում՝ որոշներն իսկապես անմնացորդ ու դետալ առ դետալ են հավատում՝ առանց իսկ ենթադրելու ու մտածելու, որ մարդ արարածն անգամ նախորդ օրվա դեպքերը չի կարողանում դետալ առ դետալ հիշել ու տեղը բերել, մանավանդ՝ եթե էդ նախորդ օրը մի քիչ հարբած է եղել, իսկ որ Լարիսա Իվանովնայի ու իմ էդ համատեղ ակնթարթներում հարբածից մի բան էլ բեթար էի՝ հաստատ եմ հիշում:

Ինչ վերաբերում է հեշտ հավատացող որոշ ընթերցողներին, համոզված եմ, որ էդ որոշները կարդալով Լարիսա Իվանովնային առնչվող էս ամենը՝ հեշտությամբ կհավատան էս ամենին, մանավանդ որ՝ ինձ չհավատալու որեւէ լուրջ պատճառ չունեն, ու ինքս էլ տրամադրված եմ հավատալ էդ ամենին ու ինքս էլ ինձ չհավատալու որեւէ պատճառ չունեմ, մանավանդ որ՝ Լարիսա Իվանովնայի հետ կապված ամեն ինչ եղել է ճիշտ այնպես, ինչպես պատմեցի ու գրեցի եւ միգուցե ընդամենն իր զգացմունքների մասով մի քիչ չափազանցրի, որովհետեւ հատկապես էն օրերին տրամադրված էի ամեն ինչ հենց էսպես տեսնել ու զգալ, քանի որ, էլի եմ ասում, ես մեր տղերքից միակն էի, որ բանակից որեւէ աղջկա նամակ չէի գրում:

Այդուհանդերձ, ես մեր տղերքից հենց էն միակն էի, ով բանակի ժամանակ բավական մոտիկից ու բավական հաճախ աղջիկ տեսավ, չնայած Լարիսա Իվանովնային աղջիկ անվանելը չափազանց հարաբերական է, ու նաեւ չափազանց հարաբերական է քիչ առաջվա ասածս ու գրածս, թե՝ Լարիսա Իվանովնան երջանիկ թռչկոտելով՝ իր փոխգնդապետ ամուսնուն թեւանցուկ գնում էր, որովհետեւ ոչ միայն ավելի քան հարյուր կիլոգրամանոց մի կնոջ թռչկոտելն է անհավատալի ու անհավանական, այլեւ ավելի քան հարյուր կիլոգրամանոց մի կնոջ երջանիկ լինելը տեսնելն ու զգալն է անհավատալի ու անհավանական՝ մանավանդ հետեւից ու էդ հեռավորության վրա:

Մեր տղերքն, ի տարբերություն ինձ, մշտապես հեռավորության վրա էին աղջիկ ու կին տեսնում, ու իրենց էդ տեսնելը շաբաթ ու կիրակի օրերին էր լինում, ու դրանք կինոյի օրերն էին, ու կինոն էլ մեր, ավելի ճիշտ՝ իմ կլուբում էր, ու ես, փաստորեն, ոչ միայն մեր զորամասի նկարիչն էի, այլեւ՝ կլուբի վարիչը, եւ երբ յոթից մի քանի րոպե առաջ աֆիցերների աղջկերքն ու կնանիք արհեստանոցիս լուսամուտի տակ զուգված ու զարդարված շողշողում էին, ես մի աչքով կինոյի աֆիշն էի ավարտում, իսկ մյուս աչքով լուսամուտիցս չափչփում էի շողշողացողներին, ու հենց ե՛ս կարող եմ վկայել ու հաստատել, որ երկու ամենագեղեցկուհիները հենց Շկարուպետայի ու Կարավանի դուստրերն էին, ու ես նաեւ կարող եմ վկայել, որ Շկարուպետայի հիասքանչ դստեր ֆոնին նույնիսկ Կարավանի դստեր տեսքն ու իմաստն էին խամրում, ու էդ ամենն առաջին հերթին հենց ե՛ս կարող եմ ստույգ վկայել, որովհետեւ, ի տարբերություն մյուս բոլոր շարքայինների, ես էդ եղնիկներին տեսնում էի շատ մոտիկից, ընդ որում՝ ոչ միայն արհեստանոցիս պատուհանից, եւ երբ շաբաթօրյա կամ կիրակնօրյա սեանսներից մի քանի րոպե առաջ արդեն գրած-պրծած էի լինում կինոյի աֆիշը, եւ երբ եղնիկները հայտնվում էին, ես հանդիսավորությամբ արհեստանոցիցս դուրս էի գալիս ու գրածս աֆիշը փակցնում էի ակումբի դռան մոտի ստենդին, բայց, նախքան փակցնելս, դիտմամբ որոշ ժամանակ հետեւանց էի պահում աֆիշը, ու բոլորը շնչակտուր սպասում էին, թե երբ եմ նորմալ պահելու ու փակցնելու աֆիշը, որպեսզի իմանան, թե ընդամենը մի քանի րոպե հետո ի՞նչ ֆիլմ են դիտելու, եւ, էդ ամենից բացի էլ, շնչակտուր սպասում էին, թե երբ պիտի իրենց առջեւ բաց անեմ կլուբի դռները:

Էդ շնչակտուր ինձ սպասողները հենց աֆիցերսկի կանայք ու եղնիկներն էին, բայց դրանց մեջ Շկարուպետայի ու Կարավանի եղնիկները չկային, որովհետեւ Կարավանը նախապես արդեն ինձանից կամ հենց կինոմեխանիկ Մամեդից իմացած էր լինում ցուցադրվելիք ֆիլմի վերնագիրը եւ, բնականաբար, արդեն նաեւ տեղեկացրած էր լինում իր տիկնոջն ու դստերը, եւ դուստրն էլ, իր հերթին, Շկարուպետայի դստերն էր տեղեկացրած լինում, ու սրանք, փաստորեն, մյուսների համեմատ արտոնյալ վիճակում էին եւ հանգիստ ու խաղաղ զբոսնում ու ճեմում էին ակումբի մերձակա ծառուղում, ուր միակ նստարանն արդեն զբաղեցված էր լինում Պարգեւի ու մերոնց կողմից, եւ Պարգեւն ու մերոնք էլ էին արտոնյալ, որովհետեւ ես առաջինն իրե՛նց էի ասում ֆիլմի վերնագիրը, եւ Պարգեւն ու մերոնք, ծառուղու միակ նստարանը գրաված, հետեւում ու շոռում էին ճեմողներին, եւ դա հնարավոր ամենամոտ տարածությունն էր, որ մերոնց հաղորդակից էր դարձնում աշխարհիկ գեղեցկությանն ու օծանելիքների զարմանազան բուրմունքներին, որովհետեւ կինոդահլիճում մեր ու իրենց բաժանող տարածությունն ահագին էր, քանի որ, ըստ սահմանված կարգի, մեր կինոդահլիճի առաջին հինգ կարգերն աֆիցերների ու նրանց ընտանիքների համար էին նախատեսված, իսկ էդ առաջին հինգ կարգերին հաջորդող մյուս հինգ կարգերն ազատ ու դատարկ էին թողնվում, ու դրանցից հետո նոր միայն սկսվում էին մեր ու մյուս շարքայիններին հասանելիք կարգերը:

Կարավանն ինձ բազմիցս էր դիտողություն անում, ասելով, որ շատ եմ ուշացնում կինոյի աֆիշը, բայց ես ալիբի ունեի ու միշտ նույն կերպ էի պատասխանում, պատճառաբանելով, որ կինոմեխանիկ Մամեդը Բաքվից հազիվ վեցին է զորամաս հասցնում նոր ֆիլմի ժապավենը, եւ իմ էդ պատճառաբանությունը տեղին էր ու մեկին մեկ համընկնում էր իրականությանը, բայցեւ միայն ե՛ս գիտեի, որ էդ աֆիշ կոչվող թերթոնն իրականում ինձանից հինգ րոպե ժամանակ էր խլում, ու ես սեանսից մի ժամ առաջ արդեն էդ աֆիշն էդ ստենդին կարող էի փակցնել ու մի կողմ քաշվել, բայց ես դիտմամբ ձգձգում ու յոթից մի քանի րոպե պակաս էի ավարտում էդ, ուրեմն, հինգրոպեանոց գործը, որովհետեւ հատկապես էի սիրում ծառայությանս էն պահերը, երբ ֆիլմի ցուցադրությունից անմիջապես առաջ առավելագույնս էր կարեւորվում անձս, եւ անձիս շուրջ սկսում էին ֆռֆռալ ու խլվլալ աֆիցերսկի եղնիկները, մարալներն ու ջեյրանները:

Իսկապես շատ հետաքրքիր ու հզոր բան է էս գրականություն կոչվածը, եւ եթե ես հիմա իմ ու աֆիցերսկի կանանցից մեկի միջեւ էն ժամանակ խստագույնս գոյություն ունեցող ու մշտապես պահպանվող տարածությունն ինքնակամ կրճատելով ու առավելագույնս պակասեցնելով՝ ինձ առավելագույնս մերձեցնեմ Լարիսա Իվանովնային, ինձ ոչ ոք չի կասկածի եւ ոչ ոք ստելու մեջ ինձ չի բռնացնի, մանավանդ որ՝ էն օրերին Կարավանից բացի բոլորն ինձ չքմեղանալուս իմաստով էին կասկածում, ու հիմա եթե հետին թվով աքլորանալով ու գայթակղությունս գագաթնակետին հասցնելով՝ էսպես գրավոր առավելագույնս ու լավագույնս մերձենամ հաղթանդամ ու հսկայամարմին Լարիսա Իվանովնային, ընթերցողներիցս ոմանք երեւի նույնիսկ ինձ քաջալերեն էլ, որովհետեւ ընթերցողներիցս ոմանք էն կարծիքին են, որ ինձ մոտ էրոտիկ դրվագներն ու նկարագրությունները շատ էլ հաջող են ստացվում, ու էդպես կարծողները հիմնականում կանայք են, չնայած ինքներդ կարող եք վկայել, որ առ էս պահն իմ էս վեպում որեւէ էրոտիկ դրվագ չի գրվել, եւ պարզապես իմ բախտից է, որ ընթերցողներիցս ոմանք էրոտիկը չեն տարբերում ծովափնյա պատահական ու փնթի կապերից:

Ինչ վերաբերում է անձամբ Լարիսա Իվանովնային, նա հստակորեն ամեն ինչ իրարից տարբերում ու զանազանում էր եւ առաջին հերթին հստակորեն տարբերում էր բարձրաստիճան սպային շարքային զինվորից, եւ իր համար իր ամուսնու զինվորական ու սպայական փոխգնդապետ կոչումն իր ընտանիքի եւ անձամբ իր ազնվականության գրավականն ու առհավատչյան էր, որովհետեւ Լարիսա Իվանովնան իր ամուսին Կարավանին ոչ թե պարզապես սովետական բանակի չինովնիկ էր համարում, այլ՝ միանգամայն ռուսական բանակի սպա ու փոխգնդապետ, եւ եթե նույնիսկ ես ինձ թույլ էլ տայի, ինքը, հանուն իր ու իր ընտանիքի անբասիրության, ոչ մի դեպքում իրեն թույլ չէր տա ինձ հետ մարմնական թեկուզեւ ամենատարրական առնչությունների մեջ մտնել, այսինքն՝ բացառվում էր նույնիսկ, որ ինձ երբեւէ հաջողվեր գոնե իր հսկայական ու փամփլիկ ձեռքը շոյել, այլ ընդամենն ու լավագույն դեպքում միայն՝ իր բուն մարմնից ահագին հեռու գտնվող իր միանգամայն ավելորդ մսերին պիտի առնչվեի, եւ իմ ու իր էդ մակարդակի առնչություններն ինքը, կարելի է ասել, չէր զգում եւ եթե զգում էլ էր, միշտ չէր, որ խրտնում ու դուրս էր թռչում արհեստանոցիցս, այսինքն՝ եթե ես չափս ճանաչում ու մնում էի սահմաններիս մեջ եւ տեսանելի որեւէ շարժում չէի նախաձեռնում, ինքը հաճույքով ու սիրով ոչ միայն շարունակում էր մոտս մնալ, այլեւ ի սրտե ու լիասիրտ շարունակում էր գայթակղել ինձ եւ, ինչու չէ, զուգահեռաբար ու հընթացս ինքն էլ էր գայթակղվում, եւ դա իր հոգեւոր ու գիտակցական բարձրակետն էր, երբ ինքը, իմ գայթակղությանը դիմագրավելով հանդերձ, հաջողացնում էր միանգամայն սանձել ու զրոյի հավասարեցնել իր իսկ գայթակղությունը, ու էդ պահերին ինքը խորապես էր գիտակցում հանուն ամուսնու պատվի իր անձնազոհությունն ու անդավաճանությունը, եւ դա մեկին մեկ համապատասխանում էր իրականությանը, որովհետեւ իսկական հավատարմությունն ու իսկական անդավաճանությունը կայանում ու որոշակիանում են միայն է՛ն դեպքերում, երբ հնարավորությունն ու շանսը լիովին ներկայացած են լինում, եւ դու, գայթակղվելով, բայց չօգտվելով ընձեռված հնարավորությունից, չես առաջանում, չես խորանում ու չես դավաճանում նրան, ում հնարավորություն ունես դավաճանել:

Ես էսպես անվերջ կարող եմ շարունակել հոգեբանական եւ այլազան կտրվածքներով ավելի ու ավելի խորանալ իմ ու Լարիսա Իվանովնայի հարաբերությունների մեջ, մանավանդ որ՝ մեր էդ հարաբերությունները նույն էդ խորության ու հարթության վրա շարունակվեցին՝ ընդհուպ իմ ծառայության ժամկետի ավարտը, ու մեր էդ հարաբերությունների շարունակականության պատճառը մանկապարտեզի պլակատների շարունակականությունն էր, ու եթե շարունակեմ հիշել մեր էդ ակնթարթային առերեսումները, անխուսափելիորեն կկրկնվեմ, որովհետեւ իմ ու իր հարաբերությունները ո՛չ թե ծավալվում, այլ ընդամենը կրկնվում էին, ու ես հիմա գերադասում եմ մնացյալի մասին լռել, մանավանդ որ՝ ձեզ արդեն տղամարդու խոսք եմ տվել շուտափույթ ավարտել բանակային էս ամենը:

Շկարուպետան, ինչպեսեւ խոստացել էր, նոյեմբերի յոթի մեր տոնական նվագից անմիջապես հետո տղերքին ազատ արձակեց, եւ արդեն նոյեմբերի ութի առավոտյան տղերքը՝ Ազատանցին, Կիրովաբադցին, Ստյոպը, Պարգեւն ու Բախվան ճողոպրեցին տուն:

Ես, ինչպես Կարավանին խոստացել էի, մինչեւ ամսի քսանյոթը մնացի ու ավարտին հասցրի զորամասի գլխավոր Լենինյան սենյակի ձեւավորման գործը:

Ճակատագրով Վալերին եւս վիճակված էր ինձ հետ հավասար մինչեւ նոյեմբերի վերջ մնալ, որովհետեւ մոլդովացու աչքի տակի կապույտը ոչ մի կերպ չէր անցնում եւ, ըստ Վալերի ու սանչաստի բուժակի մոտավոր հաշվարկների, մինչեւ նոյեմբերի վերջ դժվար էլ անցներ, ու մինչեւ չանցներ՝ Վալերը տուն գնալու մասին չպիտի մտածեր, եւ դա Շկարուպետայի վերջնական որոշումն ու պայմանն էր, եւ պիտի ասեմ, որ Շկարուպետայի էդ պայմանն, ըստ էության, էնքան էլ խիստ չէր, քանի որ, եթե Վալերի հարվածը մի քիչ ավելի դիպուկ եղած լիներ, մոլդովացու ձախ աչքից բան մնացած չէր լինի:

Այդուհանդերձ, նոյեմբերյանցի զույգեր Էդոյի ու Գրիշի խնդրանքով մոլդովացին չէր էլ բողոքել, եւ, ըստ երեւույթին, աֆիցերներից մեկնումեկն էր էդ լուրը Շկարուպետային հասցրել, քանի որ դեպքը տեղի էր ունեցել ակումբի դռան մոտ կինոյի սեանսից անմիջապես հետո՝ աֆիցերների ու նրանց կանանց ներկայությամբ, ու էդ դեպքի շարժառիթը հետեւյալն էր:

Հենց էդ օրվա կինոդիտումն ավարտվեց, Վալերն ու բոլորս, ինչպես միշտ, մեզ առաջինը դահլիճից դուրս գցեցինք, որպեսզի աֆիցերների կանանց ու աղջիկների դուրս գալու պահին արդեն դրսում լինեինք ու մի հավելյալ անգամ էլ տեսնեինք իրենց ու հիանայինք իրենցով, ու էդ օրն էլ, ինչպես միշտ, հենց կինոյի վերջին տիտրերն սկսեցին գրվել, ու դեռեւս դահլիճի լույսերը չէին վառվել, մենք ու հատկապես Վալերը, դահլիճի խավարը ճեղքելով, դուրս թռանք, ու հենց դռնից դուրս գալու պահին Վալերն ուսով կպավ մոլդովացուն, ու երբ արդեն դրսում էինք, մոլդովացին նոյեմբերյանցի զույգերի թայ Գրիշին ասաց. «Էս քո անասուն զեմլյակներից պրծում չունենք, Գրի՛շա»:

Նոյեմբերյանցի զույգերի պրիզիվի էդ մոլդովացու անունը հիմա չեմ հիշում, բայց իր էդ ասածը շատ հստակ հիշում եմ, ու չնայած բոլորս էլ հստակ լսեցինք մոլդովացու ասածը, բայց մոլդովացու ասածին միայն Վալերն արձագանքեց, ընդ որում՝ շատ սուր արձագանքեց, եւ, մինչ մոլդովացուն նոյեմբերյանցի զույգերն ընկած տեղից կբարձրացնեին, մենք արդեն հասցրել էինք Վալերի թեւերը բռնել, եւ աֆիցերներն ու նրանց էգերն էլ էին արդեն դրսում ու ակամա դարձան էդ օրվա կինոյի էդ տեսակ շարունակության ականատեսներն ու վկաները:

Տուժածին ընկած տեղից բարձրացնելով՝ նոյեմբերյանցի զույգերն էլ մոլդովացո՛ւ թեւերը բռնեցին՝ էդպիսով տպավորություն առաջացնելով, թե իրենց պրիզիվի մոլդովացին Վալերի աբառոտկեն հաստատ կխլեր, եթե իրենք, ուրեմն, թողնեին:

Ինչեւէ. Վալերի ու մոլդովացու բարիշելն ընդամենը տասը րոպեից տեղի ունեցավ ու կայացավ, ու եղբայրների ջանքերով արագորեն հաշտություն կնքվեց, բայց մինչ նոյեմբերյանցի ջեւիկները Վալերին ու տուժածին կհաշտեցնեին, մոլդովացու աչքի տակի կապույտը որոշակիորեն երեւակվեց, բայց ո՛չ մենք եւ ո՛չ էլ նոյեմբերյանցի զույգերը չարձագանքեցինք մեր աչքի տեսածին, որովհետեւ բաղձալի հաշտությունն արդեն հիմնականում կնքված էր, ու մոլդովացու աչքի կապույտի առկայության մասին ցանկացած վկայություն կարող էր ամբողջ գործը փչացնել, ու մեր բախտից էդ պահին մոլդովացու պրիզիվից միայն նոյեմբերյանցի ջեւիկներն էին ներկա ու իրենք մեր ու մոլդովացու միջեւ չեզոք դիրքում էին ու, փաստորեն, էդ հաշտության ջատագովն էին, ու էդ պահի մեր գերագույն նպատակը ժամանակ շահելն էր, որ մոլդովացին կազարմա հասներ միայն այն ժամանակ, երբ իր ընկերներն արդեն քնած կլինեին, ու իր աչքի ձեւավորման մասին ինքն առնվազն մինչեւ առավոտ անտեղյակ կմնար, ու մինչ հաշտությունից հետո էլ մոլդովացին կփորձեր վերստին ռազբիրատ վերսկսել՝ փորձելով լեզվակոխ անել Վալերին, ու մինչ Վալերն իր ռուսական կրթության անկանխատեսելի պաշարներն էր դատարկում մոլդովացու գլխին, էդ ընթացքում Մացոն ընթրող վերջին աֆիցերներին էր ճամփու դնում՝ ժամանակ առ ժամանակ ճաշարանից դուրս գալով եւ մոլդովացու ու Վալերի լեզվակռվին ականջ դնելով, որ հանկարծ վերջիններիս միջեւ նոր բախում տեղի չունենա:

Մացոյի էդ լրացուցիչ զգուշավորությունն, իհարկե, անտեղի էր, որովհետեւ խաղաղության ջատագովներս առանց այդ էլ քչություն չէինք անում եւ ուշի-ուշով հետեւում էինք, որ Վալերի ու մոլդովացու պարզաբանումները լեզվակռվից էն կողմ չանցնեն:

Մոլդովացին հիմնականում զգուշոր են էր իր ռազբիրատն առաջ տանում, բայց մի անգամ լեզվի սայթաքում թույլ տվեց եւ Վալերին ասաց՝ արմյաշկա:

– Ա՛յ պացան,- ասաց Վալերը,- դու հաստատ ցիգան ես, բայց քեզ ըստեղ մոլդովացի ես ներկայացնում: Ձեր Մոլդովիայում, ինչքան գիտեմ, ահագին ցիգաններ կան:

– Մեր Մոլդովիայում հայեր էլ շատ կան,- ասաց մոլդովացին:

– Դրանով ի՞նչ ես ուզում ասես,- հարցրեց Վալերը:

– Ուզում եմ ասեմ՝ հայ ընկերներ շատ եմ ունեցել, ու բոլորն էլ կարգին տղերք են էղել, ոչ թե…

– Ոչ թե՝ ի՞նչ,- գոռաց Վալերը.- ուզում ես ասես՝ մենք կարգին չե՞նք:

– Ինչ որ ուզում եմ ասեմ՝ ասում եմ, ոչ մեկից չեմ վախենում,- ասաց մոլդովացին:

– Ցիգանների մեջ վաբշե անվախ տղերք շատ կան,- ասաց Վալերը:

– Ցիգանը դո՛ւ ես,- կարմրեց մոլդովացին.- դու ցիգանի ավելի ես նման, քան՝ ես:

– Թող ե՛ս ըլնեմ,- հանգիստ ասաց Վալերը,- ցիգան ըլնելու մեջ ի՞նչ վատ բան կա:

– Վալե՛րա դառագոյ, դու մինչեւ հիմա չգիտե՞ս, որ ցիգաններն ընդհանրապես բանակից ազատված են. իրենց ընդհանրապես բանակ չեն ուղարկում,- ասաց Բախվան:

– Բա էս մեկին ո՞նց են ուղարկել,- մոլդովացուն մատնացույց արեց Վալերը:

– Ասեցի՝ ցիգանը դո՛ւ ես,- անսպասելի գոռաց մոլդովացին:

– Կամաց, տղե՛րք, ներսում ձեններդ լսվում ա,- ճաշարանից դուրս թռչելով՝ հայերեն ասաց Մացոն:

– Մոլդավերեն ասա, Մացի՛կ. ի՛նքն ա ղժղժում,- հայերեն ասաց Վալերը, հետո մոլդովացուն ռուսերեն ասաց.- թող ե՛ս ըլնեմ ցիգանը. դրա մեջ ի՞նչ վատ բան կա:

– Նորից չսկսե՛ք,- հայերեն ասաց Գրիշը.- հազիվ բարիշել եք:

– Իրա՛ն ասա, տենում ես՝ ես հանգիստ եմ,- հայերեն ասաց Վալերը:

– Էսքանից հետո էլ հանգիստ չըլնեի՞ր,- մոլդովացու աչքը նկատի ունենալով՝ հայերեն ասաց Գրիշը:

– Ինչ ա էղե՞լ որ,- հայերեն զարմացավ Վալերը:

– Սրանից ավել ի՞նչ պիտի ըլներ,- մոլդովացու աչքը նկատի ունենալով՝ հայերեն ասաց Գրիշը:

Վալերն իսկապես շատ հանգիստ ու զիջողական էր խոսում, քանզի էդ ողջ խոսակցության ընթացքում մոլդովացու աչքի կապույտը հետզհետե ավելի էր մգանում, որովհետեւ հետզհետե մթնում էր:

Երբ Գրիշի առաջարկությամբ Վալերն արդեն վերջնական հաշտության ձեռք մեկնեց մոլդովացուն, Մացոն վերջին աֆիցերներին ճանապարհելով՝ մեզ ներս կանչեց, եւ երբ մոլդովացին աֆիցերսկի ճաշարանի հայելու մեջ իր կապտած աչքը տեսավ, նախ ցնցվեց, հետո նայեց Գրիշին, այնուհետեւ՝ Վալերին, ու հետո, երբ բոլորս կարկամած իրեն ու իրար էինք նայում, մոլդովացին անսպասելի ժպտաց եւ ժպտալով նայեց Վալերին ու խեղճ-խեղճ ասաց.

– Ի՞նչ կարամ անեմ. արդեն բարիշել ենք:

– Որ ուզես էլ՝ էլ հետդ կռվող չկա,- ասաց Վալերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել