Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կոալիցիոն պայքարը հասավ դպրոց

Օգոստոս 06,2005 00:00

Օգոստոսի երեքին Գյումրիի թիվ 11 դպրոցի
տնօրենի թափուր պաշտոնի համար նշանակված ընտրությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:
Հիշեցնենք, որ հիշյալ պաշտոնը դարձել էր Շիրակի դաշնակցական մարզպետի ու Ազգային
ժողովի պատգամավոր, ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանի կռվի թեմաներից մեկը. համենայնդեպս,
այս մասին հրապարակավ խոստովանեց մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Ըստ նրա, նախկին տնօրեն,
ՕԵԿ-ական Ռուդիկ Կարապետյանի մահից հետո Բալասանյանը «խնդրել էր» իրեն՝ թափուր աթոռը
տալ իր հարազատներից մեկին, որը սակայն մերժվել էր Ռոմիկ Մանուկյանի կողմից:
Իսկ թե որն էր մրցույթի հետաձգման պատճառը, փորձեցինք ճշտել Շիրակի մարզպետարանի
կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Վարդան Ասլանյանից:
Նրա պարզաբանմամբ, մարզպետը դժգոհ է եղել խորհրդի աշխատանքից, եւ իր նշանակած երեք
անդամներին իր լիազորության համաձայն «հետ է կանչել»: Ավելին՝ նրանցից մեկը անորոշ
ժամանակով բացակայում է հանրապետությունից: Վարդան Ասլանյանի ասելով, քսանօրյա ժամկետում
վերադաս մարմնի կողմից կհաստատվեն նոր անդամները, եւ խորհուրդը որոշում կկայացնի
նոր ընտրության: Մեր տեղեկություններով, հիշյալ պաշտոնի համար կան յոթ հավակնորդներ,
ընդ որում՝ թե՛ դաշնակցական եւ թե՛ «Օրինաց երկիր» կուսակցություններից, այնպես որ,
առաջիկայում սպասվում է թեժ պայքար կոալիցիոն գործընկերների միջեւ: Դաշնակցությանը
մոտ կանգնած աղբյուրների շրջանակներում տարածված ասեկոսեների համաձայն, դաշնակները
կոալիցիայում կուսակցական ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար, այս անգամ
թեկուզեւ դժկամորեն՝ թափուր պաշտոնը զիջելու են ՕԵԿ-ականներին: Սեփ.
լր.Հ. Գ. Ի դեպ, ՕԵԿ-ի օգտին մեկ լուծում արդեն եղավ: Մենք
տեղեկացրել էինք, որ քաղծառայության խորհրդի հայտարարած մրցույթում ԿԳՆ հանրակրթության
վարչության պետի թափուր պաշտոնի համար հաղթող էին ճանաչվել ՕԵԿ-ական, Ջոն Կիրակոսյանի
անվան դպրոցի տնօրեն Նարինե Հովհաննիսյանը եւ ՀՅԴ թեկնածուն Կամո Նասիբյանը: ԿԳ նախարարը
օրերս ընտրություն է կատարել Ն. Հովհաննիսյանի օգտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել