Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՇԵՆՔԻ ՀԵՏ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԷԼ ԵՆ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ

Օգոստոս 06,2005 00:00

Սեփականատերը
խլել է «ասպիրանտների» ճանապարհը Երեւանի
Մոլդովական 27 հասցեի շենքը՝ «Նոր Նորք» ուսանողական հանրակացարանի նախկին ասպիրանտների
մասնաշենքը 2001-ին կառավարության որոշմամբ տրամադրվել է փաստացի բնակիչներին որպես
բնակարան: Այդ ժամանակ շենքի բնակիչների 90%-ը գիտաշխատողներ էին, մնացածը՝ կրթության
եւ գիտության նախարարության թույլտվությամբ: Մինչ այդ, 1998-ին, կրկին կառավարության
որոշմամբ, որպես բնակֆոնդ գիտաշխատողներին էր տրվել նաեւ շենքի հարակից երկհարկանի
կառույցը, որը ծառայում էր որպես հանրակացարանի կառավարչատուն եւ ճաշարան: Սակայն,
չգիտես ինչպես, երկու տարի առաջ այն վաճառվեց մի քանի բաժնետերեր ունեցող ընկերությանը:
Բաժնետերերը հետո «գզվռտվում» են, արդյունքում կառավարչատունն առանձնանում է լողավազանից
ու սպորտհրապարակից: Դա դեռ ոչինչ: Վերջերս կառավարչատան սեփականատերը սեփականաշնորհում
է դեպի լողավազան տանող հարակից փողոցը՝ «ասպիրանտներին» թողնելով միայն մայթը: Դրան
հետեւում է հաջորդ նախաձեռնությունը՝ մայթը քանդել եւ դարձնել ավտոմեքենայի ճանապարհ:
Լուսանկարից պարզ է դառնում, որ շենքի աստիճաններով իջնելով՝ բնակիչները հայտնվում
են փողոցի մեջտեղում: Լողավազանում այժմ մեծ շինարարություն է ընթանում. այստեղ կառուցվում
է սաունա, խորտկարան, լահմաջոյանոց, իսկ սպորտհրապարակում ստեղծվելու են տարբեր սպորտաձեւերի
խաղադաշտեր: Դա նշանակում է, որ երկու տարի ամայի մնացած ճանապարհը շուտով դառնալու
է խիստ բանուկ: «Մեր երեխաները արդեն քանի օր է՝ խաղում են շենքի միակ մուտքի ներսում:
Նրանց աղմուկը ցածր հարկերի բնակիչների դժգոհության տեղիք է տալիս, էլ չասենք, որ
3 քմ տարածքը 200 երեխայի համար չի կարող խաղատեղի դառնալ: Շենքը բակ չունի, չորս
կողմից ճանապարհ է: Այն ժամանակ երեխաները մայթին ու փողոցում էին խաղում, իսկ փողոցն
էլ բանուկ չէր: Հարակից 6-րդ մասնաշենքի բակում կանաչ տարածք կա, բայց պարսիկ բնակիչներն
այնքան աղբ են լցրել, ու այդ տարածք մտնելն անհնար է»,- երեկ «Առավոտին» բողոքեցին
գիտաշխատողները: Ասպիրանտների 18 հարկանի շենքում 104 ընտանիք է ապրում: Երկու շաբաթ
առաջ, մայթը քանդելու առաջին օրից սկսած, կանայք եւ երեխաները շրջապատել են շինարարներին
եւ թույլ չեն տվել աշխատել: Դեպքի վայր են եկել թաղապետարանի աշխատակիցներ եւ ոստիկաններ
ու հորդորել, որ «մարդիկ թույլտվություն ունեն, թղթերը կարգին են, պիտի կառուցեն»:
Դրանից հետո շինարարները երկու շաբաթով աշխատանքները դադարեցրել են: «Մենք
հանգստացանք, մտածելով, թե մարդ են՝ իրենց սխալը հասկացան: Բայց երեկվանից էլի սկսեցին
կոմպրեսորով քանդել ասֆալտը, այս անգամ ոստիկանների հսկողությամբ: Մենք էլի փորձեցինք
միջամտել, բայց ոստիկանները թույլ չտվեցին: Կանանց մեջ ութ ամսական հղիությամբ կին
կար ու մեզ հետ առավոտից մինչեւ երեկո արեւի տակ կանգնած մնաց: Շինարարներին «պաշարելու»
ժամանակ հրմշտոցներ էլ եղան, շտապօգնություն կանչեցինք, բայց չդադարեցրին, քանդեցին,-
պատմեցին մեր զրուցակիցները: Ի դեպ, նշենք, որ նույն շտապօգնության մեքենան, մայթի
վերացումից հետո, շենքի մուտքի մոտ կայանել չի կարող՝ արդեն հստակ է, որ նեղլիկ փողոցով
կարող է անցնել միայն մի մեքենա: Անհաջող պաշտպանությունից հետո բնակիչները
ստիպված 50 հոգանոց խմբով գնացել են դատախազություն: Նրանց լսել են եւ խոստացել քննել
հարցն ու պատասխան տալ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել