Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սփյուռքում էլ յոլա չեն գնում

Օգոստոս 06,2005 00:00

Տարաձայնություններ Լոս Անջելեսի «հայկական գետտոյում»

«Առավոտն» օրերս ստացավ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» ԱՄՆ ներկայացուցիչներ» ստորագրությամբ մի հոդված, որի բովանդակությունից ստացած մեր տպավորությունն այն էր, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներն ուղղակիորեն իրենց արտացոլումն են գտնում նաեւ Սփյուռքում, իսկ ավելի ճշգրիտ՝ ԱՄՆ-ում եւ մասնավորապես՝ հայաշատ Լոս Անջելես քաղաքում: Բանն այն է, որ Հայաստանից ինչ-ինչ պատճառներով ԱՄՆ մեկնած մեր հայրենակիցները, որոնք Հայրենիք վերադառնալու բուռն ցանկություն, կարծես թե, չեն դրսեւորում, համոզված են, որ հայաստանյան ընդդիմության՝ ի դեմս «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության, դեմ տարվող արշավը ՀՀ նախկին իշխանությունների ձեռքի գործն է:

Մեր ձեռքի տակ եղած վերոհիշյալ հոդվածը, որը մենք սկզբունքորեն չենք կարող հրապարակել այնտեղ տեղ գտած անձնական վիրավորանքներ պարունակող ձեւակերպումների պատճառով, ուղղված է իրենց չհավանած թերթերի դեմ: Հեղինակների համոզմամբ, իբր, այդ թերթերը փորձում են վարկաբեկել հայաստանյան ընդդիմությանը՝ իրենց հրապարակումներում հայտարարելով, թե «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը «ծախվել» է Ռոբերտ Քոչարյանին, իսկ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը՝ Սերժ Սարգսյանին:

«Բոլորիս հուզող մի հարց՝ ո՞ւմ է ձեռնտու ընդդիմության քայքայումը։ Իհարկե, իշխանությունը բռնազավթած ներկա հանցավոր վարչախմբին եւ անցյալի բազում հանցագործությունների քողարկման երաշխավորությունը նրանցից ստացած նախկիններին»,- գրում են հոդվածի տակ ստորագրածները։

Վերջիններիս ասելով, ընդդիմության դեմ արշավն ավելի է սաստկացել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ Լոս Անջելես կատարած այցի ժամանակ եւ Արտաշես Գեղամյանի այցելությունից հետո. «Հատկապես, երբ վերջինս իր բոլոր ելույթներում շեշտեց, որ այսուհետեւ «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանությունը» գործելու են միասին։ Մինչդեռ «Արդարություն» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը ոչ միայն չհանդիպեց տեղի գործընկերների հետ, այլեւ իր շրջապատով եւ պահվածքով հայտնի դարձրեց, որ ներքաշված է վարագույրի ետեւից ուղղորդվող խաղի մեջ եւ փորձում է ինքն իրեն համոզել, թե իր ինքնուրույն խաղն է տալիս»։ Հոդվածագիրների համոզմամբ՝ Լոս Անջելեսում հրատարակվող «ՀՀՇ-ական» թերթը մինչեւ Ա. Սարգսյանի հայրենիք հասնելը՝ «գիշերային էքսպրեսով» հասցրել էր հաղորդել կենտրոնին, թե իբր Արամ Սարգսյանը վերադառնալուն պես հայտարարելու է «Արդարություն» դաշինքից դուրս գալու մասին, ինչը Ա. Սարգսյանը չի արել, «քանզի բնազդով սկսել է հասկանալ, որ իրեն օգտագործում են, եւ այդ քայլին գնալով կարող է ընդհանրապես հայտնվել քաղաքական դաշտի արխիվում»։

Մեջբերենք մի հատված մեզ ուղարկած հոդվածից, որպեսզի ընթերցողը ծանոթանա այն ոճին, որով գրում են Լոս Անջելեսում հայտնված մեր նախկին հայրենակիցները. «Վայ այն քաղաքական գործչին, որի անունից հայտարարություններ են անում տերերի կողմից հրահանգավորվող դեղնակտուց վարձկանները։ Այսքանից հետո մենք՝ ներքոստորագրյալներս, կանգնել ենք երկընտրանքի առաջ։ Չգիտենք՝ ընդդիմության առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանին եւ Արտաշես Գեղամյանին համապատասխանաբար Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ծախված լինելու մեջ մեղադրող տիրացուի վկայականով այս զրպարտչին ամերիկյան օրենքով դատի տանք եւ զրպարտանքի զույգ որջերը փակե՞լ տանք, թե՞ շնորհակալություն հայտնենք եւ էլ ավելի խրախուսենք սեփական ժողովրդին իր անձի եւ իր տերերի դեմ գրգռելու «ազգանվեր» գործունեության համար»,- գրում են հոդվածագիրները։

Բարեբախտաբար, այս «հյութեղ» ոճը այսօրվա հայաստանյան մամուլի համար հիմնականում արդեն անցած փուլ է։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել