Ի՞ՆՉՆ Է ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ Անցյալ շաբաթ Վաշինգթոնում Հարավային Կովկասի վերաբերյալ իր զեկույցում այդ հարցերն առանձնացրել եւ ներկայացրել է Դավիթ Շահնազարյանը։ Վաշինգթոն կատարած իր այցի ընթացքում Դավիթ Շահնազարյանը ԱՄՆ պետդեպարտամենտի ծրագրով հուլիսի 25-29-ը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտում, ԱՄՆ կոնգրեսում, Պենտագոնում, Անվտանգության խորհրդում, Սպիտակ տանը, ինչպես նաեւ հետազոտական եւ վերլուծական մի շարք կենտրոններում: Հրավերի շրջանակում Դ. Շահնազարյանը զեկույցով հանդես է եկել Վաշինգթոնի The Atlantic Council հաստատությունում՝ World Security Institute-ի հովանավորությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ: Խոսելով Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ համաշխարհային գործընթացներին ինտեգրվելու մասին, նա նկատել է, որ «անշրջելի ժողովրդավարության հաստատումը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ազատ շուկայական տնտեսությունը Հարավային Կովկասի երկրներում դեռեւս առանցքային նշանակություն չունեն, ինչի արդյունքում տարածաշրջանի հիմնական խնդիրներն ավելի են խորանում, իսկ տարածաշրջանը շարունակում է մնալ անկայուն»։ Դ. Շահնազարյանն առանձնացրել է այն հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են Հարավային Կովկասի կայունությանն ու տարածաշրջանային անվտանգությանը։ Արտաքին քաղաքական վեկտորների տարամետությունը Զեկուցողի համոզմամբ, Հարավային Կովկասում ջրբաժանների խորացման միտումը նկատվել է դեռ 1999 թ., երբ հարավկովկասյան պետություններից երկուսը՝ Վրաստանն ու Ադրբեջանը, դուրս եկան Հավաքական անվտանգության պայմանագրից (ՀԱՊ) եւ հռչակեցին միջազգային անվտանգության եվրատլանտյան համակարգում ինտեգրվելու քաղաքականությունը, մինչդեռ Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ ՀԱՊ-ի, իսկ 2003 թ.-ին արդեն փոխակերպված տարածաշրջանային կազմակերպության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ի թիվս Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի։ «ՀԱՊԿ-ը՝ որպես կառույց, ստեղծվել է ի հակակշիռ ՆԱՏՕ-ին, նաեւ հետապնդում է Հյուսիսատլանտյան դաշինքի եւ ընդհանուր եվրոպական կառույցների դեպի արեւելք ընդլայնման գործընթացի առավելագույն դանդաղեցման նպատակ։ Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որի արտաքին քաղաքականությունը ծառայում է այդ նպատակին։ Անվիճելի է, որ հարավկովկասյան տարածաշրջանում որոշակի կայունություն կարելի է պահպանել, եթե տարածաշրջանի բոլոր երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, գտնվեն միջազգային անվտանգության միեւնույն համակարգում, ինչը ապացուցում է նաեւ պատմական փորձը»,- հայտարարել է Դ. Շահնազարյանը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական շահերի բախման էպիկենտրոն դառնալը կանխարգելելու համար պետք է ներդաշնակեցնել տարածաշրջանի բոլոր երեք պետությունների արտաքաղաքական առաջնահերթ խնդիրները: Դ. Շահնազարյանի համոզմամբ, պաշտոնական Երեւանը, նախեւառաջ, պետք է հստակ հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրության մասին, նաեւ կարեւորել է Հայաստանի անդամագրումը ՎՈՒԱՄ-ին (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա): «Եթե Հայաստանը շարունակի անմասն մնալ տարածաշրջանային ինտեգրման գործընթացներին, ապա տարածաշրջանի երեք երկրների շահերի միջեւ հակասությունները կշարունակվեն խորանալ, իսկ իրար ընդդիմադիր դաշինքների եւ անվտանգության համակարգերի ջրբաժանը կհամընկնի Հայաստանի պետական սահմանների հետ,- հայտարարել է նա՝ հավելելով,- ցավոք, Հայաստանի ներկա ավտորիտար վարչակարգը արտաքին քաղաքականությունը վարում է իր սեփական իշխանությունը պահպանելու խնդրի ապահովման ուղղությամբ, արդյունքում Հայաստանի գործող իշխանությունները տարածաշրջանում ռուսական քաղաքական ուղեկալն են, նրանց արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է Կրեմլի շահերի շրջանակներում»։ Անդրադառնալով վերջերս Վրաստանից Հայաստան ռուսական ռազմական կոնտինգենտի եւ ռազմական տեխնիկայի տեղափոխմանը, զեկուցողն այն դիտարկել Է որպես Հայաստանի տնտեսական ու քաղաքական մեկուսացման խորացման, ուժերի հաշվեկշռի խախտման եւ Հարավային Կովկասի ռազմա-քաղաքական բեւեռացման վտանգավոր գործընթացի շարունակման հերթական քայլ: Այդ համատեքստում նա մատնանշել է նաեւ այն հանգամանքը, որ մոտ ապագայում ադրբեջանական օդանավակայաններում հնարավոր է տեղակայվեն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը։ «Ավելին՝ այսօր առկա է Վրաստանի հետ ունեցած հակադրության մեջ Հայաստանին օգտագործելու՝ Ռուսաստանի ջանքերի ուժեղացման իրական վտանգ։ Նման հեռանկարի արդյունքում Հայաստանը կդառնա ամբողջ Հարավային Կովկասի համար լուրջ ապակայունացնող գործոն»,- ասել է նա։ Էթնոքաղաքական հակամարտությունները Համեմատելով Հարավային Կովկասում առկա հակամարտությունները՝ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, հարավօսական, դրանց բնորոշ գծերն ու առանձնահատկությունները, Դ. Շահնազարյանը կարծիք է հայտնել, որ՝ Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «առանցքային» է տարածաշրջանային կայունության ենթատեքստում՝ մի քանի պատճառներով, այդ թվում՝ այն, որ ի տարբերություն աբխազական եւ հարավօսական հակամարտությունների, այստեղ հակասության մեջ են հարավկովկասյան տարածաշրջանի երեք պետություններից երկուսը՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Մյուս կողմից, ըստ նրա, հատկապես ԼՂ հակամարտությունն է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանային ինտեգրման, այդ թվում նաեւ տարածաշրջանային ծրագրերի եւ ընդհանուր տարածաշրջանային ուղղվածություն ունեցող ներդրումների համար լուրջ խոչընդոտ է եւ արգելակում է Հարավային Կովկասի հաղորդակցության ուղիների զգալի մասի գործունեությունը այն դեպքում, երբ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների արժեքը նրա հիմնական ռազմավարական, աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական արժանիքն է: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, պարոն Շահնազարյանն ասել է, թե՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ սառեցված վիճակում, առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի գործող նախագահները բացարձակապես շահագրգռված չեն սկսելու խաղաղ կարգավորման գործընթացը։ Երկու ղեկավարների իշխանությունը գոյատեւում է հակամարտության գոյության փաստի վրա եւ գոյություն ունեցող «ստատուս-քվոյի» ցանկացած փոփոխություն նրանք ընկալում են որպես սեփական իշխանությանը սպառնացող լուրջ վտանգ։ Դրա հետ մեկտեղ, ներկա իրականությունն արդեն պահանջում է սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորումը՝ փոխադարձ փոխզիջումների ճանապարհով եւ «տարածք անվտանգության դիմաց» բանաձեւի հիման վրա։ Վերջինս պետք է հիմնվի միջազգային ծանրակշիռ երաշխիքների վրա, որոնք պետք է լինեն ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմա-տեխնիկական»։ Նրա համոզմամբ, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական տեղաշարժը (նույնիսկ ոչ թե վերջնական լուծումը, այլ միայն գործընթացի սկսումը) Հարավային Կովկասի տարածաշրջանային ինտեգրման համար կարող է դառնալ որակապես նոր ազդակ, տարածաշրջանային լիարժեք ինտեգրման, քաղաքական, տնտեսական ու տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ներուժի իրացման սկիզբ»։ Հայ-թուրքական հարաբերությունները Հայ-թուրքական հարաբերությունները, ըստ զեկուցողի, թեեւ համարվում է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության լուրջ գործոն, այդուհանդերձ, «Թուրքիայի իշխանությունները, ցավոք, դեռեւս լիովին պատրաստ չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: Ըստ նրա, հայ-թուրքական սահմանի բացման հարցը սկզբունքային նշանակություն ունի ոչ միայն ողջ տարածաշրջանի համար, այլ նաեւ լիովին համապատասխանում է Թուրքիայի տնտեսական շահերին. «Մինչդեռ պաշտոնական Անկարան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շարունակում է պահպանել իր ընտրած դիրքորոշումը, ինչպես նաեւ որոշակի բարդույթներ ունի ապագայում Հայաստանի հետ արդյունավետ եւ իրավահավասար երկխոսություն սկսելու համար»։ Դ. Շահնազարյանը հույս է հայտնել, որ «Թուրքիան տվյալ հակամարտության հանդեպ կգրավի ավելի անկողմնակալ դիրք, կդադարի այն դիտել բացառապես ադրբեջանական պահանջների բուրգի միջով եւ կսկսի կառուցել միջպետական հարաբերություններ Հայաստանի հետ՝ ելնելով իր ազգային շահերից» եւ միաժամանակ շեշտել, որ ՀՀ գործող իշխանությունները եւս շահագրգռված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ՝ բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ նաեւ այն, որ Մոսկվան շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ «Ի դեպ, Ռուսաստանին եւ պաշտոնական Բաքվին զուգահեռ՝ հայ-թուրքական երկխոսությանը եւ սահմանի բացմանը վճռականորեն դեմ է Իրանը։ Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանի բացում՝ առանց նախապայմանների (նշանակում է՝ նաեւ առանց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ընդունման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանի), ահա ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ իրական ուղին»,- ասել է զեկուցողը։ Ըստ Դավիթ Շահնազարյանի, մեծ հավանականություն կա, որ Թեհրանի դեմ, այնուամենայնիվ, կօգտագործվեն անմիջական ուժային ազդեցության մեթոդներ, որը տարածաշրջանի, հատկապես Հայաստանի համար հղի է լուրջ հետեւանքներով, քանի որ այն գտնվում է Ռուսաստան-Իրան ազդեցության շրջանակներում։ Նշելով, որ իրադրությունն ավելի է բարդանում, հաշվի առնելով այն, որ Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ) վերջին կտրուկ հայտարարությունները՝ Աֆղանստանում, Ղրղըզստանում եւ Ուզբեկստանում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ, համընկել են այդ կազմակերպության մեջ՝ Իրանի դիտորդի կարգավիճակ ստանալու հետ, Դավիթ Շահնազարյանն ասել է, թե «չի կարելի բացառել Մոսկվա-Թեհրան տանդեմի վերածումը Մոսկվա-Թեհրան-Պեկին առանցքի, իսկ այդ առանցքն արդեն կձգտի ոչ միայն համակարգել երկու կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի համատեղ քայլերը, այլ նաեւ կփորձի ակտիվ ազդեցություն ունենալ այդ կազմակերպության մեջ մտնող երկրների արտաքին քաղաքականությունների վրա»: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Մոսկվա-Թեհրան-Պեկին առանցքը, մոտ ապագայում, կփորձի ստանձնել այն նույն դերը, որը վերապահված էր «Վարշավայի պայմանագրի» անդամ երկրներին Սառը պատերազմի ժամանակ: Նման միտումներն իրենց մեջ պարփակում են նոր սպառնալիքներ Հարավային Կովկասի, առաջին հերթին՝ Հայաստանի համար։ Ժողովրդավարական տարասեռությունը Թվարկած բոլոր խնդիրների մեջ, այնուամենայնիվ, գերակայողը Դ. Շահնազարյանի ասելով, Հարավային Կովկասի ժողովրդավարական ոչ միասեռությունն է։ Եվ եթե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վրաստանը «Վարդերի հեղափոխությունից» հետո երկրորդ հնարավորությունն է ստացել զարգանալու էվոլյուցիոն ուղիով, նաեւ դառնալու եվրոպական հասարակության մաս, ապա՝ Հայաստանում եւ Ադրբեջանում շարունակվում է իմիտացիոն ժողովրդավարության փուլը: Անդրադառնալով իմիտացիոն ժողովրդավարության բնորոշ հատկանիշներին, Դ. Շահնազարյանը դրանց թվում նշել է նաեւ «գործող Սահմանադրությունը ցանկացած գնով փոխելու փորձերը, որի նպատակն է նախագահական աթոռի պահպանումը եւ սեփական իշխանության երկարաձգումը»: Դ. Շահնազարյանի մատուցմամբ, «այդ երկրների էվոլյուցիոն զարգացումը հնարավոր է ոչ թե քաղաքական ու տնտեսական թերապիայի միջոցներով, այլ ներքաղաքական վիրաբուժական միջամտությամբ, քանի որ իմիտացիոն ժողովրդավարության վարչակարգերի համար «էվոլյուցիոն զարգացումը» նշանակում է միայն սեփական իշխանության պահպանում՝ քաղաքացիների կամքին հակառակ։ Ի դեպ, ինչպես Ուկրաինայի եւ Վրաստանի դեպքերում, այնպես էլ Հայաստանում եւ Ադրբեջանում ներքաղաքական վիրաբուժության արդյունքում կստեղծվի ընդամենը էվոլյուցիոն զարգացման հնարավորություն: Քաղաքական համակարգերի բարեփոխումների իրականացումը, օլիգարխիական տնտեսությունից շուկայականի անցումը ավելի բարդ է, քան իշխանության փոփոխումը»։ Դ. Շահնազարյանը կարեւորել է Հայաստանում եւ Ադրբեջանում արդար ընտրված եւ վստահություն ունեցող լեգիտիմ իշխանությունների ձեւավորումը, որոնք ի վիճակի կլինեն արդյունավետ հակազդել արտաքին ազդակներին եւ գործել իրենց ժողովրդի շահերի շրջանակներում, դրական տեղաշարժեր սկսել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ «Միայն դրանից հետո կսկսվեն ու անշրջելի կդառնան տարածաշրջանային ինտեգրման գործընթացները»,- ասել է զեկուցողը՝ ամփոփելով, թե «անվտանգության խնդիրները առանձին-առանձին լուծելու փորձերից չհրաժարվելու դեպքում անհնար է Հարավային Կովկասում ապահովել տարածաշրջանային անվտանգություն ու կայունություն։ Հարավային Կովկասի երեք հանրապետություններում միայն ժողովրդավար եւ լեգիտիմ իշխանությունները, առաջնորդվելով կորպորատիվ, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային առաջնահերթ խնդիրներով ու շահերով, կկարողանան Հարավային Կովկասը վերածել միասնական աշխարհաքաղաքական գործոնի, որի սուբյեկտները կարող են դառնալ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի լիիրավ անդամներ»: Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ