Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՀՊԱՆԱԿ՝

Օգոստոս 05,2005 00:00

ՊԱՀՊԱՆԱԿ՝ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻՆ ԵՎ ՆԵՐԱՐԿԻՉ՝ ԹՄՐԱՄՈԼԻՆ Իրականացված խորհրդատվությամբ արձանագրվել է, որ մարմնավաճառներին եւ թմրամոլներին ամենալավ օգնությունը տեղեկատվություն տալն է ՁԻԱՀ-ի եւ վարակվածության մասին, եւ նրանց այնպիսի միջոցներով ապահովելը, որով կկանխարգելվի վարակը: Շուրջ մեկ տարի է՝ Կապանի բժշկական քոլեջն իրականացնում է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ-ի) կանխարգելման ծրագիր՝ մարմնավաճառների եւ թմրամիջոցներ ներերակային օգտագործողների շրջանում: Այս ծրագիրն իրականացվում է ոչ միայն Սյունիքում, այլ նաեւ այլ մարզերում ու Երեւանում: Ծրագրում ընդգրկված են Կապանից եւ Ագարակից 70 մարմնավաճառներ եւ 50 թմրամոլներ: Կապանի պետական բժշկական քոլեջի տնօրեն, ծրագրի ղեկավար Ռոմիկ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան, թե ինչու է այս ծրագիրն իրականացվում մարզի հենց այս քաղաքներում՝ արդյոք պատճառը մարմնավաճառների առատությո՞ւնն է, ասաց. «Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Պարսկաստանից եկող ավտոմեքենաների կանգառման առավել մարդաշատ վայրերը, մինչեւ Երեւան հասնելը, գտնվում էին Ագարակ եւ Կապան քաղաքներում: Վարորդները գրեթե մեկ օր անց են կացնում մեր տարածաշրջանում: Եվ դեպի այն կանգառները, ուր կանգնում են նրանք, մեր տեղեկատվությամբ կա մարմնավաճառների մեծ հոսք Կապանից, Քաջարանից, Գորիսից, Մեղրիից եւ Ագարակից»: Կապանը մարզի ամենամեծ քաղաքն է, եւ այստեղ առավել տարածված են այս երեւույթները: «Հետազոտություններ ենք կատարել, արյուն վերցրել մարմնավաճառներից ու թմրամոլներից: Ու ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում արձանագրվել է, որ Սյունիքի մարզից ինչքան ՁԻԱՀ-ով վարակակիրներ հայտնաբերվեցին՝ նրանց մեծ մասը Կապանից էր»,- ասում է Ռոմիկ Սարգսյանը: Նրա ներկայացրած տվյալներից բխում էր, որ «էլիտար»՝ առավել թանկ մարմնավաճառների շրջանում ՁԻԱՀ-ով վարակվածության դեպքերն առավել տարածված էին, քան վարորդների կայանման տեղեր այցելող «տրանզիտային»՝ առավել ցածր կարգի մարմնավաճառների: Այս երեւույթին պրն Սարգսյանը տվեց հետեւյալ բացատրությունը. «Եթե հոգեբանությունն ուսումնասիրեք՝ «էլիտար» մարմնավաճառների հետ շփվող զանգվածը հիմնականում խուսափում է պահպանակներից: Իսկ մարմնավաճառներն էլ բարձր գների պատճառով համաձայնում են, ու ավելի է հեշտանում վարակակրությունը»: Ծրագրի շրջանակներում ոչ միայն վարակի աղբյուրների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող բուկլետներ ու օրացույցներ են բաժանում, այլ նաեւ մեկանգամյա օգտագործման ներարկիչներ՝ թմրամոլներին ու պահպանակներ՝ մարմնավաճառներին: Ռոմիկ Սարգսյանն ասաց. «Մինչեւ ծրագիրը սկսելը՝ մենք նրանց հետ որոշակի ուսուցողական ծրագրեր անցկացրինք, որոնց արդյունքում պարզվեց, թե ամենաշատը կարիք ունեն հենց պահպանակների: Ճիշտ է, այս պահին մեզ քիչ են տվել. առաջիկա 10 օրում սպասում ենք, որ կստանանք մեծ քանակով պահպանակներ: Դրանց անբավարարության պատճառով մարմնավաճառների հետ կապված ծրագրում ունեցանք թերություններ: Միայն 1 ամիս առաջ ստացանք պահպանակների որոշակի քանակ եւ սկսեցինք բաշխել»: Հետաքրքրվեցինք, թե ինչքան է պահանջարկը, եւ ծրագրի ղեկավարն ասաց. «Հաշվարկներ ենք արել՝ 1 մարմնավաճառը շաբաթը գոնե 3 անգամ կոնտակտներ է ունենում, ամեն մի կոնտակտի ժամանակ կարող է օգտագործվել առավելագույնը 2-3 պահպանակ: Եվ այս հաշվարկով է տրվել պահպանակների պատվեր: Սակայն քանի որ դժվարացավ պահպանակների հայթայթումը, ուշացավ՝ միայն վերջին 2-3 ամիսն ենք կարողացել բաշխել պահպանակները»: Հարցին, թե այսուհանդերձ կարելի՞ է արդեն խոսել ծրագրի արդյունքների մասին՝ Ռոմիկ Սարգսյանը պատասխանեց. «Նախատեսել ենք օգոստոսի 22-ից հետո հարցումներ անել ե՛ւ մարմնավաճառների, ե՛ւ թմրամոլների շրջանում, որ եզրակացնենք, թե ինչ արդյունք ունեցավ ծրագիրը: Բայց հայտնեմ իմ կարծիքը՝ եթե թմրամոլները մինչ այս պետք է ներարկիչներից օգտվեին դեղատներից վերցնելով կամ մեկից ուզելով, որից խուսափում էին (Կապանն այնպիսի քաղաք է, որ բոլորն աչքի առջեւ են ու գիտեն՝ ով է թմրամոլ), այժմ չկան նման խնդիրներ, քանի որ մենք հենց իրենց՝ թմրամոլների միջոցով ենք կատարում բաշխումը: Մարդիկ գոհ են»: Այսպիսով չի՞ ստացվում, որ ընդունելով իրողությունը՝ այլեւս փորձ չի արվում պայքարել ո՛չ մարմնավաճառների, ո՛չ թմրամոլների դեմ, այլ ուղղակի աշխատում են, որ նրանք չվարակվեն՝ Կապանի բժշկական քոլեջի տնօրենն ասաց. «Միայն մենք չէ, որ ընդունում ենք այդ փաստը, այլ ամբողջ աշխարհը: Իսկ եթե խոսենք թմրամոլության բուժման մասին՝ կարելի է գալ զուտ մասնագիտական շատ եզրահանգումների: Բոլոր թմրամոլները չէ, որ ցանկանում են ու կարող են բուժվել: Եվ բոլոր բուժումները չէ, որ արդյունավետ են: Եթե գոնե 100 թմրամոլի փորձենք բուժել՝ կարող է 1-2-ի դեպքում ի վերջո լինի արդյունք: Բայց 98-ին կորցնե՞լ… սա խորհրդային միության ռեժիմը չէ, որ ասենք, թե չկան թմրամոլներ ու մարմնավաճառներ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել