Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Համատիրությունը

Օգոստոս 05,2005 00:00

Համատիրությունը վարձերն է ուզում Իսկ բնակիչներին էլ անտերության է մատնել Լուսանկարում պատկերվածը Աջափնյակ համայնքի Աբելյան 9 շենքի մուտքն է: Տասը օրից ավելի է՝ համատիրությունը մուտքը քանդել է, որ կոյուղագիծը փոխի, սակայն տարբեր պատճառաբանություններով ձգձգում է: Երրորդ հարկի 80-ամյա բնակչուհի Վարդուհի Ներսիսյանը քանդված փոսի զոհերից է՝ շենք մտնելիս ընկել է ու ոտքը վնասել: Բանն այն է, որ շենքի կոյուղագծերը վնասված են: Բնակիչների ներկայացմամբ, առաջին հարկի բնակարաններում վիճակն ավելի անտանելի է, քանի որ «ողջ տարին կեղտաջրերն անցնում են անմիջապես բնակարանների տակով՝ առաջացնելով խոնավություն եւ գարշահոտ»: Խոնավությունը ներծծվել է նաեւ բնակարանների պատերի մեջ, որոնք «պարունակում» են հոսանքագծեր: Առաջին հարկի բնակիչ Ամալյա Բադոյանի խոսքերով, վարակի աղբյուրը ինչ-որ չափով տնից հեռացնելու համար իրենց ուժերով որոշ ծախսեր են արել, սակայն՝ ապարդյուն, կեղտաջրերը լցվում են ու լցվում: Առաջին հարկում է տեղադրված բնակարաններին էլեկտրաէներգիա մատակարարող հոսանքի «շիտը», որը համարյա ջրի մեջ էր: Բնակիչները որոշել են դադարեցնել վարձավճարների մուծումը. «Ինչո՞ւ պետք է համատիրությանը գումար վճարենք, եթե մեր հարցերը սեփական ուժերով ենք լուծում: Տասը օրից ավելի է՝ մուտքը քանդել է ու այդպես կիսավեր թողել: Ստիպված բնակիչներով հերթապահում ենք, որ մարդիկ չգան-չընկնեն փոսը»: Թիվ 5 համատիրության նախագահ Ռաֆիկ Մուրադյանը, որը, ի դեպ, քաղաքապետի խորհրդական Հրաչ Մուրադյանի հայրն է, բնակիչներին հորդորել է մի երեք օրով տնից բացակայել, որպեսզի բանվորները աշխատեն, սակայն բնակիչները չեն համաձայնել՝ մնալու տեղ չունենալու պատճառաբանությամբ: Նրանք համոզված են, որ մարդկանց տարհանելու անհրաժեշտություն ամենեւին էլ չկա, եւ հարցը կարելի է լուծել մի քանի ժամում՝ նախ նորոգել մուտքի առջեւով անցնող խողովակը՝ հարթեցնելով «գլխակեր փոսը», ապա՝ նկուղը: Այս առիթով համատիրության նախագահն «Առավոտին» իր վրդովմունքը հայտնեց, որ 9-րդ շենքի 5-րդ մուտքի բնակիչները 247 հազար դրամից ավելի պարտք ունեն, բայց որոշել են կոյուղին նորոգել, պայմանով, որ բնակիչները ժամանակավոր դադարեցնեն ջրօգտագործումը. «Մի անգամ փորձել ենք նորոգել, բայց բնակիչները մի քանի ժամ չեն համբերել, եւ կեղտաջրերը լցրել են բանվորների վրա, նրանք էլ հրաժարվել են այդ պայմաններում աշխատել»: Ռ. Մուրադյանը խոստացավ առաջիկա 2 օրվա ընթացքում խնդիրը լուծել: Շենքի տանիքը եւս կաթում է եւ անձրեւի կամ ձյան ժամանակ բնակիչները ստիպված են միջանցքներով տեղաշարժվելիս անձրեւանոցի օգնությանը դիմել: Իսկ ամենատխուրն այս պատմության մեջ այն է, որ 2003 թ. թաղապետական ընտրությունների ժամանակ այս շենքի վերանորոգման հարցն էլ է շոշափվել, սակայն համատիրությունը հասցրել է վերանորոգել վեց մուտքանի շենքի միայն 4 մուտքերը, պատճառաբանելով, թե 5-6-րդ մուտքերի բնակիչները բնակվարձերը կանոնավոր չեն վճարել: Իսկ բնակիչների կարծիքով էլ մուտքերը ոչ թե չվճարումների պատճառով են աչքաթող արվել, այլ՝ ընտրությունների ավարտի: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել