Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏԿՈՄԻՏԵԻ ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

Օգոստոս 05,2005 00:00

ՍՊՈՐՏԿՈՄԻՏԵԻ ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ ՀՀ Սպորտկոմիտեն դեմ չէ Մարզահամերգային համալիրի վաճառքին, սակայն պայման է դնում, որ այն մնա մարզամշակութային կառույց: «Առավոտը» տեղեկացրել էր, որ հուլիսի 22-ին նախագահի առաջին օգնական Արմեն Գեւորգյանը նամակով (թիվ 1138) հանձնարարել էր Սպորտկոմիտեին, մշակույթի նախարարությանը եւ Գույքի կառավարման վարչությանը՝ տասնօրյա ժամկետում ուսումնասիրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնելու՝ մոսկովյան «ԲԱՄՕ» ընկերության առաջարկը ու տալ պատասխան: Տեղեկացրել էինք նաեւ առաջարկի որոշ մանրամասներ. «ԲԱՄՕ»-ն պարտավորվում էր ներդնել 13-15 մլն դոլար (ժամկետ չի նշվում)՝ շենքը կապիտալ նորոգելու եւ հյուրանոց կառուցելու համար: Քանի որ սահմանված տասնօրյա ժամկետը սպառվել է, մենք փորձեցինք պարզել, թե վերոհիշյալ կազմակերպություններն ինչ բովանդակությամբ պատասխաններ են ուղարկել նախագահական: Մշակույթի նախարարության գույքի կառավարման բաժնի պետի հետ կապվել չստացվեց: Կառավարությանն առընթեր գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նման գրությունից տեղյակ չէր: Նա միայն ասաց, որ 2005-07թթ. մասնավորեցման ծրագրում համալիրը ընդգրկված չէ: «Առավոտի» հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մասնավորեցման գործարք չի կարող կատարվել, պարոն Մարկոսյանն ասաց. «Կարող է ներառվել ծրագրում, օրենքը դա չի արգելում»: «ԲԱՄՕ»-ի առաջարկի մասին պաշտոնապես չէին տեղեկացրել նաեւ համալիրի տնօրեն Արմեն Բաղդասարյանին: Սպորտկոմիտեն միակ կառույցն է, որ ոչ միայն ստացել-քննարկել, այլեւ արդեն պատասխան է պատրաստել եւ ուղարկել նախագահական: Երեկ կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մեսրոպ Հակոբյանը մեզ հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց առաջարկությունները, նախապես զգուշացնելով, որ «դրանք շատ կոշտ են ցանկացած բիզնեսմենի համար»: Այսպիսով, Սպորտկոմիտեն գնորդ «ԲԱՄՕ»-ին առաջարկում է գնելուց հետո չփոփոխել «Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիր» անունը, համալիրի ֆունկցիոնալ ուղղվածությունը՝ մարզա-մշակութային, կառավարության որոշմամբ հաստատված պետական նշանակության մարզական եւ մշակութային միջոցառումները սպասարկել անվճար, սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կազմակերպած տարեկան 20 մարզական միջոցառումներ նույնպես սպասարկել անվճար: Առաջարկությունների հինգերորդ կետը վերաբերում է համալիրի հիմնանորոգմանը. գնորդը պետք է նորոգի տանիքը, վերականգնի ջեռուցումը եւ սառցե հատակը, ձեռք բերի նոր գույք, լուսային եւ ձայնային սարքավորումներ եւ այլն, կատարելով 8 մլն դոլարի ներդրում՝ երկու տարվա ընթացքում: «ԲԱՄՕ»-ին սպասվում է ներդրումներ անել ոչ միայն համալիրի, այլեւ մարզական այլ կազմակերպությունների վերանորոգման գործում՝ «Սպորտ» բարեգործական հիմնադրամին փոխացնելով 7 մլն դոլար: Հաջորդ կետերով Սպորտկոմիտեն գնորդին պարտավորեցնում է համալիրի տարածքում այլ ուղղվածության շինարարություն իրականացնելու ժամանակ պարտադիր ստանալ կառավարության համաձայնությունը եւ, կարեւոր հանգամանք՝ չփոփոխել համալիրի աշխատակազմը: Համալիրը գնելուց հետո, այն այլ կազմակերպության վաճառելու դեպքում, հիշյալ պայմանները մնում են ուժի մեջ: Իսկ եզրափակիչ՝ 10-րդ կետով Սպորտկոմիտեն սահմանում է՝ նախորդ կետերից որեւէ մեկը խախտելու դեպքում կառավարությունը կարող է չեղյալ համարել իր որոշումը՝ գնորդի կողմից ներդրված գումարը չվերականգնելու պայմանով: Սրանից բացի, պրն Հակոբյանը տեղեկացրեց, որ համալիրը մեծ կառույց է, պետբյուջեի միջոցներով միայն աշխատավարձի խնդիր են լուծում: Ու թերեւս վաճառելը մի հնարավորություն է դանդաղ մահից փրկելու այդ եզակի կառույցը: Նշենք, որ «ԲԱՄՕ»-ի անդամները Մարտունու շրջանի Թազագյուղից են՝ Մուրադյան Բախտիբեկի որդիները: Իսկ Երիտասարդական պալատի գնորդը՝ «Ավանգարդ Մոթորսի» տերը Մարտունու Ծակ քար գյուղից է: Հիշեցնենք, որ վերջինս մտադրվել էր քանդել Երիտասարդական պալատը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել