Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

Օգոստոս 05,2005 00:00

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ օգոստոսի 26-ին Կազանում կայանալիք հերթական հանդիպման ժամանակ հնարավոր է ղարաբաղյան հակամարտության շուրջ համաձայնության ձեռք բերում: Հիմնախնդրի շուրջ վերջին մեկ տարում անցկացված բանակցությունները թույլ են տալիս պնդել դա»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Ճգնաժամերի միջազգային (International Crisis Group) խմբի Կովկասի նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Ադրբեջանական ANS-ի փոխանցմամբ, Ֆրեյզերը նշել է, որ «բնակչության ոչ բավարար տեղեկացվածությունը ծնում է դժգոհություն եւ շահարկումներ մամուլում»: «Կարեւոր է, որ անկախ նրանից՝ ձեռք կբերվի որոշակի համաձայնություն, թե ոչ, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները բնակչությանը տրամադրեն սպառիչ եւ հստակ տեղեկատվություն: Հակառակ դեպքում երկու երկրների ժողովուրդներն էլ բացասական վերաբերմունք կունենան ցանկացած համաձայնեցված հարցի վերաբերյալ»,- նշել է Սաբինա Ֆրեյզերը: Ի դեպ, եվրոպական ոչ կառավարական Ճգնաժամերի միջազգային խումբ (International Crisis Group) կազմակերպության նախաձեռնությամբ Թբիլիսիում հուլիսի կեսերին կայացել էր ղարաբաղյան հակամարտությանը նվիրված փակ ֆորում՝ հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ: «Կազմակերպության՝ նախագծի տեսքով պատրաստած փաստաթղթերին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ այն ավելի շատ համապատասխանում է հայերի շահերին: Այդ պատճառով ո՛չ ես, ո՛չ էլ Ադրբեջանի մյուս փորձագետները չհամաձայնեցինք եւ հայտնեցինք մեր բողոքը»,- ANS-ին ասել էր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Գյուլթեկին Հաջիեւան: Նրա խոսքերով, քննարկման ներկայացված նախագիծը չէր արտացոլում «օկուպացիայի փաստը եւ միտված էր Ղարաբաղում դե-ֆակտո գոյություն ունեցող վարչակարգի լեգալացմանը»: «Նախագծում հիշատակվում է նաեւ հայերի կողմից ներկայացվող շատ վտանգավոր՝ հանրաքվեի անցկացման մասին առաջարկը: Այդ պատճառով իմաստ ունի լրջորեն մտածել եւ վերանայել այս փաստաթուղթը»,- ասել էր Հաջիեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել