Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հեղափոխությունից պետք չէ վախենալ»

Օգոստոս 05,2005 00:00

«Հեղափոխությունից պետք չէ վախենալ» Ասում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը – Պարոն Հովհաննիսյան, ընդդիմադիր նոր ֆորմատների մասին ավելի հաճախ դուք էիք խոսում, սակայն նոր ֆորմատ այդպես էլ չստեղծվեց: Րաֆֆի Հովհաննիսյանը իր կուսակցության համագումարում հանդես եկավ սեփական ծրագրով եւ հրավիրեց միանալ դրան, իսկ «Հանրապետությունը» իր հերթին հայտարարեց, որ այսօր ընդդիմադիր դաշտում պատասխանատվությունը վերցնելու իրավունք ունեն միայն իրենք, ՀԺԿ-ն եւ «Ազգային միաբանությունը»: Ստացվում է, որ ձեր կուսակցությունը դուրս է մնում այս խաղից, դուք չե՞ք նեղացել ձեր գործընկերների այս վերաբերմունքից: – Իհարկե, պիտի ընդունել, որ այդ կուսակցությունները մասնակցել են համապետական ընտրություններին, եւ այսօր ընդդիմության հիմնական կուսակցությունները համարվում են այդ երեքը: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի քաղաքական դաշտում չկան կուսակցություններ, որոնցից եւս էական բաներ են կախված, ունեն հստակ ծրագրեր, քաղաքական նպատակներ, ինչ-որ ձեւով կարող են քաղաքական կյանքում նոր կշիռ բերել, թարմ հոսանք, իհարկե, խոսքը միայն մեր կուսակցության մասին չէ: Սպեկտրը բազմաշերտ է, եւ ասել, թե միայն այդ երեք կուսակցությունները կարող են իրավիճակ փոխել կամ քաղաքական կշիռ ունեն, դրա հետ սկզբունքորեն համաձայն չեմ: Մեզանում կուսակցության կշիռը չափում են մարդկանց քանակով, ես դեմ եմ դրան. կուսակցությունը պիտի գաղափար ունենա եւ հետեւողական պիտի լինի: Այնպես որ, այդ արտահայտությունը պիտի ընդունել որպես սոսկ արտահայտություն: Հայաստանում քաղաքական մթնոլորտը միայն այդ երեք կուսակցությունները չէ, որ ստեղծում են: – Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերվում «Հանրապետության»՝ փողոց դուրս գալու եւ հեղափոխություն անելու հրավերին: – Իհարկե, Հայաստանում անհրաժեշտ է հեղափոխություն, որովհետեւ կուտակված բոլոր խնդիրները մասնակի լուծումներով հնարավոր չէ լուծել. Հայաստանն այսօր այն վիճակում է, որ մասնավոր կամ էվոլյուցիոն սկզբունքով խնդիրները չեն լուծվի: Կողմնակից եմ եւ գտնում եմ, որ հեղափոխությունը ոչ մեկին պիտի չվախեցնի, հեղափոխություն՝ չի նշանակում արյուն թափել, գլուխ կոտրել: Հեղափոխությունը մարդկային հոգիների, մարդկային տեսակների, մտածելակերպի հեղափոխությունն է, երբ մարդը պարզապես փողոց է դուրս գալիս եւ այլ կարգավիճակով ապրելու պահանջ է դնում: – Ձեր կարծիքով՝ մեր հասարակությունն ուզո՞ւմ է փողոց դուրս գալով հարցեր լուծել, իմ տպավորությամբ՝ ոչ: – Այդպես չի, ես շփվում եմ հասարակության հետ, իսկ հասարակությունը չի ուզում այլեւս այսպես ապրել, վատ է գնահատում այն վիճակը, որում հայտնվել է, չի ուզում հարմարվել այսօր Հայաստանում տիրող այլասերվածության հետ, հասարակությունը չի ընդունում այս կլանային համակարգը, չի ընդունում կատարվող այլանդակությունները: – Բայց եւ չի պայքարում: – Այո, բայց չի պայքարում, այս փուլում հասարակությունը պասիվ պայքարի տարբերակն է ընտրել: – Տանը նստած դժգոհե՞լը նկատի ունեք: – Ոչ, մարդիկ ուղղակի գնում են Հայաստանից, զզված գնում են: Իհարկե, ամեն ինչ իր ժամանակն ունի: Ես համաձայն չեմ, երբ մամուլը խոսում է այն մասին, որ հասարակությունը պատրաստ չէ փողոց դուրս գալ, իր շահերը պաշտպանել, պարզապես հասարակությանը պետք է առաջնորդել եւ համահունչ ծրագրեր ներկայացնել: Եթե հասարակությունը փողոց է դուրս գալու, նա պիտի նախօրոք իմանա, թե ինչը ինչով է փոխում: – Դուք նույնպե՞ս կարծում եք, որ սահմանադրական հանրաքվեն կդառնա իշխանափոխության սկիզբ: – Կարծում եմ՝ սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է՝ գործընթացներն ակտիվացնելու, հանրաքվեն ընտրություն է, այնպես որ, ընդդիմության համար կա փայլուն հնարավորություն՝ համախմբվել եւ լուրջ աշխատել երկու ուղղությամբ»՝ «ՈՉ» ասել Սահմանադրությանը եւ «ՈՉ» ասել իշխանություններին: Խելոք լինելու դեպքում հնարավոր է արդյունքի հասնել: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել