Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում երեկ քննություն էին հանձնում երաժշտական թատրոնի դերասան դառնալու ցանկություն հայտնած դիմորդները:
Քննությունը հարցազրույցի ձեւով էր: Քննատոմսերի հարցերից մեկը վերաբերում էր արտասահմանյան կամ հայ գրականությանը, մյուսը՝ որեւէ ականավոր դերասանի, հարցեր էին հնչում նաեւ երաժշտության ասպարեզից: Ի տարբերություն բանասիրականի համար գրականություն հանձնողների, այս դիմորդներից պահանջվում էր ոչ այնքան ինֆորմացիա այս կամ այն գեղարվեստական գործի վերաբերյալ, այլ մտածելու, այս կամ այն հերոսի արարքը արդարացնելու եւ հասկանալու ունակություն: Մեր ներկայության ժամանակ, համենայնդեպս, մոտ տասը դիմորդների շրջանում չհանդիպեցինք որեւէ մեկին, որ փայլեր վերոնշյալ ունակությամբ:
Դիմորդները, օրինակ, չէին կարողանում բացատրել, թե ինչու է Էլիզբարովը («Պատվի համար») բացասական կերպար եւ ում էր խանգարում նրա փողասիրությունը. ինչ է, մենք բոլորս փող չե՞նք սիրում: Մի դիմորդ չկարողացավ դրամայից գոնե 5 հերոսի անուն ասել: Մեկ ուրիշը չէր լսել Վերդիի «Տրավիատան», բայց կարդացել էր դրա մասին: Ի դեպ, այդ դիմորդը, որ բուհի երաժշտական թատրոնի բաժինն էր ընտրել, չէր լսել եւ ոչ մի օպերա:
Մեկ օր առաջ հանձնաժողովը բացասական էր գնահատել մի տղայի, ով իր կյանքում դեռ որեւէ թատրոն չէր հաճախել: Մեկ ուրիշն էլ՝ Մոլիերին կոչել էր Մյուլլեր: Քննության ժամանակ դիմորդներից մեկի մոտ հայտնաբերվեց ծածկագիր: Հետաքրքիր էր իմանալ՝ ինչ նշումներ են այնտեղ արված եւ ինչի են պետք դրանք, եթե հանձնաժողովը ստուգում է դիմորդի վերաբերմունքը տվյալ գործի հանդեպ: Ծածկագրում մի քանի տողով նկարագրված էին «Արա Գեղեցիկի», «Քաջ Նազարի», «Պաղտասար աղբարի» սյուժեները, ընդ որում՝ կոպիտ տառասխալներով: Հետաքրքիր էր վերջինը: «Պաղտասար աղբարը միամիտ ու տգետ էր, բայց իրեն ցույց էր տալիս, թե խելացի է: Կինը նրան անհավատարիմ էր եւ բարոյազուրկ: Նա սիրային կապերի մեջ էր Կիպարի հետ: Պաղտասարը ուզում էր բռնացնել նրանց իրար հետ, եւ դատ է բացվում նրանց մեջ…»:
Քննական հանձնաժողովի անդամ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բուհի՝ դերասանի վարպետություն եւ ռեժիսուրա ամբիոնի վարիչ Ռուբեն Բաբայանը ցավով նշեց, որ այսօր մեր երիտասարդները եւ անգամ նրանք, ովքեր այս բուհն են ընտրում, սահմանափակվում են անորակ տեսաերիզներ դիտելով: Նա կարծում է, որ դիմորդների ցածր մակարդակի համար դպրոցն էլ իր մեղքն ունի՝ կաղապարված մտածողություն սերմանելու առումով. «Ամեն ինչ շատ կանոնակարգված է դպրոցում. սա դրական է, սա՝ բացասական: Արվեստը, գրականությունը նման չափանիշներ չի ընդունում, առավել եւս դերասանը դա պետք է ներկայացնի յուրօրինակ մոտեցմամբ, եւ եթե երեխան 17-18 տարեկանում արդեն կաղապարներով է մտածում, դժվար է այն ջարդել: Կերպարը չի կարող լինել լրիվ դրական եւ լրիվ բացասական, ինչպես եւ ցանկացած մարդ: Այդ ամենը համատեղության եւ կոնֆլիկտի մեջ է, որ հետաքրքիր է դառնում, միայն ծավալն է, որ ամեն ինչ հետաքրքիր է դարձնում. լույսը չի կարող լինել առանց ստվերի եւ հակառակը»:
Ըստ Ռ. Բաբայանի, եթե երեխաները կարողանան պատկերացնել, որ արեւը կարող է եւ լինել քառակուսի, իսկ նապաստակը՝ նաեւ կապույտ, ուրեմն նրանք կարող են ստեղծագործել: «Միայն ազատ մտածող մարդը կարող է ստեղծել մշակույթ: Եվ ոչ թե այնպես, ինչպես դպրոցում էին սովորեցնում՝ մածունը սպիտակ է եւ վերջ: Էլ չեմ ասում, որ դա պետք է նաեւ պարզապես քաղաքացի լինելու համար: Եթե մենք ուզում ենք ունենալ ազատ երկիր, նախ պետք է ունենանք ազատ մտածող քաղաքացիներ: Մենք ստուգում ենք՝ արդյոք կարո՞ղ է դիմորդը ինքնուրույն, նույնիսկ պարադոքսալ մտքեր արտահայտել»: Ի դեպ, դիմորդների 5 տոկոսը կազմում են արվեստագետների ժառանգները. «դրանց մեջ կան եւ հետաքրքիր երեւույթներ, եւ՝ ոչ»:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ