ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝
օգոստոսի 26-ին Կազանում կայանալիք հերթական հանդիպման ժամանակ հնարավոր է ղարաբաղյան
հակամարտության շուրջ համաձայնության ձեռք բերում: Հիմնախնդրի շուրջ վերջին մեկ տարում
անցկացված բանակցությունները թույլ են տալիս պնդել դա»,- «Ազատություն» ռ/կ-ին տված
հարցազրույցում ասել է Ճգնաժամերի միջազգային (International Crisis Group) խմբի
Կովկասի նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Ադրբեջանական ANS-ի փոխանցմամբ, Ֆրեյզերը
նշել է, որ «բնակչության ոչ բավարար տեղեկացվածությունը ծնում է դժգոհություն եւ
շահարկումներ մամուլում»: «Կարեւոր է, որ անկախ նրանից՝ ձեռք կբերվի որոշակի
համաձայնություն, թե ոչ, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները բնակչությանը
տրամադրեն սպառիչ եւ հստակ տեղեկատվություն: Հակառակ դեպքում երկու երկրների ժողովուրդներն
էլ բացասական վերաբերմունք կունենան ցանկացած համաձայնեցված հարցի վերաբերյալ»,-
նշել է Սաբինա Ֆրեյզերը: Ի դեպ, եվրոպական ոչ կառավարական Ճգնաժամերի միջազգային
խումբ (International Crisis Group) կազմակերպության նախաձեռնությամբ Թբիլիսիում
հուլիսի կեսերին կայացել էր ղարաբաղյան հակամարտությանը նվիրված փակ ֆորում՝ հայ
եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ: «Կազմակերպության՝
նախագծի տեսքով պատրաստած փաստաթղթերին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ այն ավելի
շատ համապատասխանում է հայերի շահերին: Այդ պատճառով ո՛չ ես, ո՛չ էլ Ադրբեջանի մյուս
փորձագետները չհամաձայնեցինք եւ հայտնեցինք մեր բողոքը»,- ANS-ին ասել էր Ադրբեջանի
Միլլի Մեջլիսի պատգամավոր Գյուլթեկին Հաջիեւան: Նրա խոսքերով, քննարկման ներկայացված
նախագիծը չէր արտացոլում «օկուպացիայի փաստը եւ միտված էր Ղարաբաղում դե-ֆակտո գոյություն
ունեցող վարչակարգի լեգալացմանը»: «Նախագծում հիշատակվում է նաեւ հայերի կողմից ներկայացվող
շատ վտանգավոր՝ հանրաքվեի անցկացման մասին առաջարկը: Այդ պատճառով իմաստ ունի լրջորեն
մտածել եւ վերանայել այս փաստաթուղթը»,- ասել էր Հաջիեւան: