Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՄԱՆԴԱՏ ՍՏԱՑԵԼ ԴԱՇԻՆՔԸ

Օգոստոս 05,2005 00:00

«Հանրապետությունը»
թեթեւ է տարել դեսպանների քննադատությունը «Այսօր մեր ժողովուրդն օտարացած
է այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում, եւ նրա համար միեւնույն է, թե սահմանադրական
փոփոխություններն ինչ ճակատագիր կունենան: Մյուս կողմից, մենք ժողովրդից մանդատ ենք
ստացել ոչ թե սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու խոստումների, այլ երկրում
սահմանադրական կարգի վերականգնման համար»,- անդրադառնալով օրերս ՀՀ-ում ԵԱՀԿ, ԱՄՆ
եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների՝ խորհրդարան վերադառնալու եւ սահմանադրական փոփոխությունների
քննարկումներին մասնակցելու ընդդիմությանն ուղղված կոչին՝ «Առավոտին» կարծիք հայտնեց
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Նախօրեին
Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ Հայաստանի ներկայացուցչությունները, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի
դեսպանները, անդրադառնալով ՀՀ սահմանադրական փոփոխություններին, գոհ էին ՀՀ իշխանություններից՝
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից արված դիտողությունները հաշվի առնելու եւ դրանք
սահմանադրական փոփոխություններում ներառելու համար: Վերջիններս նաեւ քննադատաբար
էին վերաբերվել այդ փոփոխություններով չոգեւորված, ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների
քննարկումներին չմասնակցող եւ առաջիկա հանրաքվեն բոյկոտող ընդդիմությանը: Մասնավորապես
ԵՄ-ում նախագահող երկրի՝ Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթը դիմելով ընդդիմությանը՝
հայտարարել էր. «Եթե դուք խաղին չեք մասնակցում, չեք կարող շահել այն»: Նման փաստարկներին
ի պատասխան պրն Զեյնալյանն ասաց. «Իրենք կարող են ասել, իհարկե, որ չեն հասկանա մեր
չմասնակցելը սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, բայց մեր ժողովրդի փոխարեն
իրենք նույնն ասել չեն կարող: Մեր ժողովրդի վերաբերմունքն այդ փոփոխությունների հանդեպ
հնարավոր է իմանալ միայն արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում: Մենք
խորապես համոզված ենք, որ ժողովուրդը չի հասկանում, երբ ընդդիմությունը քննարկում
է սահմանադրական փոփոխությունները: Ճիշտ չի լինի, եթե Հայաստանում Սահմանադրության
«բարեփոխումների» գործընթացն ընթանա ճիշտ այնպես, ինչպես դա եղավ Ֆրանսիայում, երբ
բոլորը կոչ էին անում կողմ քվեարկել Սահմանադրությանը, բայց ժողովուրդը գնաց ու դեմ
քվեարկեց՝ իր վերաբերմունքն արտահայտելով թե՛ իշխանությունների, թե՛ նրանց սատարողների
նկատմամբ»: ՀՀ-ում ԵԱՀԿ դեսպան պարոն Պրյախինն էլ պատկերավոր համեմատություններ
անելով՝ նկատել էր, որ եթե ընդդիմությունը չմասնակցի այդ քննարկումներին, կնշանակի
գոլ է խփում սեփական դարպասը եւ այլն: «Դրանք ուղղակի խոսքեր են, որոնք նպատակ ունեն
մեզ հորդորել վերադառնալ խորհրդարան՝ քննարկելու սահմանադրական «բարեփոխումները»:
Ինքս համոզված չեմ, թե այդպես ասողներն իրենք համոզված են իրենց ճշմարտացիության
մեջ»,- այդպիսին է «Հանրապետության» ներկայացուցչի տեսակետը։ Սակայն տպավորություն
կա, որ մինչ այս, անգամ ԵԽԽՎ ընդունած բանաձեւերում, միջազգային հանրությունը, որը
միշտ զուսպ կոչեր էր անում ընդդիմությանը վերադառնալ խորհրդարան, այս դեպքում, ի
դեմս իր դեսպանների, փոխել է ընդդիմությանն ուղղված իր կոչերի տոնայնությունը: Դրանք
ավելի շատ սովորեցնողի եւ հանդիմանողի գնահատականների են նմանվում: Արդյո՞ք միջազգային
հանրության վերաբերմունքը արմատական ընդդիմության նկատմամբ փոփոխվել է: «Ես կարծում
եմ, վերաբերմունքի փոփոխություն կարող էր լինել, եթե կատարված լինեին ԵԽԽՎ թիվ 1361
եւ թիվ 1374 բանաձեւերի պահանջները, մասնավորապես՝ նաեւ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի»
վերաբացման վերաբերյալ, որոնք դեռեւս անկատար են. միայն այս երկու պահանջներն եմ
նշում, որպես առավել խորհրդանշականներ: Եթե մենք, ասենք՝ տեսականորեն մասնակցենք
սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, միեւնույն է՝ արդեն այսօր կարող
ենք արձանագրել, որ Սահմանադրության հանրաքվեն անցավ անազատ մթնոլորտում, որովհետեւ
չկան ազատ մամուլ եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներ, որովհետեւ «Ա1+»-ն ու «Նոյյան տապանը»
վերաբացված չեն, իսկ գործող մյուս հեռուստաընկերությունները գտնվում են իշխանությունների
վերահսկողության տակ: Այսինքն՝ այս գլխից կարելի է արդեն արձանագրել ապագայի համար»,-
համոզմունք հայտնեց Ա. Զեյնալյանը՝ նկատի ունենալով այն, որ առանց այդ հեռուստաընկերությունների՝
սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը չի կարող բազմակողմանի լուսաբանված համարվել:
Արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե՝ ստացվում է այնպես, որ «Հանրապետություն»
կուսակցությունը, մեղմ ասած, շատ ազդված չէ դեսպանների՝ սահմանադրական փոփոխությունները
բոյկոտողներին տրված գնահատականներից, պարոն Զեյնալյանն ասաց. «Մենք ժողովրդավարական
արժեքներ կրող կուսակցություն ենք եւ համոզված ենք, որ երկրում իշխանությունը պետք
է պատկանի ժողովրդին: Հենց նա պետք է որոշի իր ապագան եւ սահմանադրական փոփոխությունների
ճակատագիրը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել